Ալ. Սպենդիարյանի տուն թանգարանը «Պատառիկներ նամակներից» շարքով նորովի է բացահայտում կոմպոզիտորին

Ալ. Սպենդիարյանի տուն թանգարանը «Պատառիկներ նամակներից» շարքով նորովի է բացահայտում կոմպոզիտորին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, որն այս օրերին ակտիվ գործունեություն է ծավալում օնլայն հարթակում, «Պատառիկներ նամակներից» շարքով շարունակում է արվեստասերներին ծանոթացնել Սպենդիարյանի ստեղծագործական և մտերմիկ միջավայրին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շարքի շրջանակում տուն-թանգարանը հրապարակել է անվանի դաշնակահար, մանկավարժ Էգոն Պետրիի նամակը՝ ուղղված Ալեքսանդր Սպենդիարյանին:

«Մեծարգո պարոն Սպենդիարով,
Ձեր հոբելյանի մասին լուրը, ցավոք, չափազանց ուշ ստացա, որպեսզի կարողանայի ժամանակին գրել Ձեզ: Ես նոր եմ վերադարձել Լեհաստանի համերգային շրջագայությունից և շտապում եմ, թեև ուշացումով, Ձեզ փոխանցել իմ սրտագին շնորհավորանքները: Հուսով եմ, որ այդ նշանակալից օրը անցկացրել եք քաջառողջ և ուրախալի տրամադրությամբ: Շատ ցավում եմ, որ անձամբ չեմ կարողացել ներկա գտնվել:
Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 15-ին, կմեկնեմ Մոսկվա և այնտեղ կմնամ մինչև հունվար: Հուսով եմ, որ ճանապարհն ինձ կբերի նաև Էրիվան, որի սրտագին ընդունելությունն ու հաճելի մարդկանց միշտ երախտագիտության զգացումով եմ հիշում:
Լավագույն բարեմաղթանքներս Ձեզ, Ձեր հարգարժան ընտանիքին և Էրիվանի բոլոր լավ ընկերներին, մնում եմ նվիրված Ձեզ՝
Էգոն Պետրի»:

11 հոկտեմբերի, 1926 թ.

Ավստրիացի դաշնակահարը 1926 թվականի մարտի 4-ին և 5-ին մեծ հաջողությամբ ելույթներ է ունեցել Երևանում և հյուրընկալվել Մելիք-Աղամալովների տանը, որտեղ այդ ժամանակ բնակվում էր Ալեքսանդր Սպենդիարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում