Մահացել է «Պոկրովյան դարպասներ» պիեսի հեղինակ, դրամատուրգ Լեոնիդ Զորինը

Մահացել է «Պոկրովյան դարպասներ» պիեսի հեղինակ, դրամատուրգ Լեոնիդ Զորինը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Tert.am: 95 տարեկանում կյանքից հեռացել է դրամատուրգ Լեոնիդ Զորինը: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը` հղում անելով դրամատուրգի կնոջը` Տատյանային:

Զորինի թաղման վայրն ու ժամը դեռևս անհայտ է:

«Նա մահացել է այսօր գիշեր` սրտի կանգից: Ամուսինս վաղուց ծանր հիվանդ էր»,-տեղեկացրել է այրին:

Լեոնիդ Հենրիխի Զորինը (իրական ազգանունը` Զալցման) ծնվել է 1924 թվականի նոյեմբերի 3-ին՝ Բաքվում: 1948 թվականից ապրել է Մոսկվայում: Նա գրել է շուրջ 50 պիես, որոնցից ամենահայտնիներն են «Ընկերներ և տարիներ» (1962թ), «Վարշավյան մեղեդի» (1967թ), «Պոկրովյան դարպասներ» (1974թ) պիեսները: Նրա պիեսների հիման վրա ներկայացումներ են բեմադրվել խորհրդային և արտասահմանյան բազմաթիվ թատրոնների բեմերում:

Լեոնիդ Զորինը մասնակցել է «Մարդը ոչ մի տեղից» (1961թ, Էլդար Ռյազանով), «Պոկրովյան դարպասներ» (1982 թ, Միխայիլ Կոզակով), «Թագավորական որս» (1990 թ, Վիտալի Մելնիկով) կինոնկարների սցենարային աշխատանքներին:

Գրողը պարգևատրվել է «Հարգանքի նշան» (1974 թ) և Ժողովուրդների բարեկամության (1986թ) շքանշաններով, արժանացել է մի շարք գրական մրցանակների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում