Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է

Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն տարի ապրիլի 2-ին՝ դանիացի մեծ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը, աշխարհը նշում է Մանկական գրքի միջազգային օրը (International Children’s Book Day): Օրը հիմնադրվել է 1967 թվականին Մանկական գրքի միջազգային խորհրդի (International Board on Books for Young People, IBBY) նախաձեռնությամբ ու որոշմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տոնի կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը հնարավորություն կտա առցանց հարթակում ծանոթանալ մանկական գրականության ցուցադրությանը, լսել Անդերսենի հեքիաթներից և մասնակցել առցանց կինոդիտմանը:

Մանկական գրքի միջազգային խորհրդի որոշման մեջ նշվում է, որ լավ գրքեր անհրաժեշտ է կարդալ վաղ տարիքից, և մանկական գիրքը մշտապես ահռելի դեր ունի երկրագնդի նոր սերունդների հոգևոր և մտավոր կերպարի ձևավորման գործում:

Օրվա նպատակն է նաև մանկական գրականության, գրքարվեստի ու երեխաների համար գրքային մշակույթի, մանկական գրքերի հասանելիության խնդիրների և մանկական ընթերցանության տարածման հանդեպ ուշադրություն գրավելը:

IBBY-ի Ազգային բաժանմունքներից մեկն ամեն տարի այս հրաշալի տոնի հովանավորը դառնալու պատվավոր իրավունք է ստանում: Ամեն տարի որոշվում է տոնի թեման, հրավիրվում հովանավոր երկրից հայտնի գրող, որ գրի մոլորակի երեխաներին ուղղված ուղերձը: Նաև՝ հայտնի նկարիչ, որ ստեղծի Մանկական գրքի միջազգային օրվա պաստառը: 2020 թվականի հովանավորն է Սլովենիան, թեման՝ «Բառաքաղց»: Տարվա պաստառին մի քանի լեզվով, նաև՝ հայերեն, տպատառ գրված է «ԳՐՔԵՐ» բառը:

Մանկական գրականությունը գրական առանձին ուղղություն է, մինչդեռ համեմատաբար վերջերս է ձևավորվել: Մանուկները միայն 19-րդ դարում հնարավորություն ստացան ընթերցել հատուկ իրենց համար գրված ստեղծագործություններ, մասնավորապես՝ Գրիմ եղբայրների և Անդերսենի հեքիաթները. վերջինս մեծ ավանդ է ունեցել մանկական գրքերի ստեղծման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում