Բանսարկուն խոչընդոտում է մարդու աղոթքին

Բանսարկուն խոչընդոտում է մարդու աղոթքին

– Հա՛յր, երբ պատրաստվում եմ խցումս հսկում կատարել և ինչ-որ խոչընդոտ է առաջանում, պատճառը ո՞րն է:

– Եթե Աստված թույլ է տալիս, որ խոչընդոտ առաջանա, ուրեմն մի լավ բան դուրս կգա դրանից:

– Իսկ եթե դա մշտապես է տեղի ունենո՞ւմ:

– Նշանակում է՝ հպարտություն կա:

– Հա՛յր, չեմ հասկանում, թե ինչ է նշանակում հպարտություն կա:

– Կախված է նրանից, թե ինչին ես առաջնահերթություն տալիս: Եթե առաջին տեղում գործերն ես դնում, իսկ հետո աղոթքը, նշանակում է, որ փորձությանն իրավունք ես տալիս՝ քեզ խոչընդոտելու: Երբ մարդը գործերին ավելի մեծ նշանակություն է տալիս, քան աղոթքին, մի՞թե դրանում հպարտություն չկա: Իսկ հպարտությունը նշանակում է նաև անհարգալիր վերաբերմունք սրբությանը:

– Հա՛յր, սատանան ի՞նչ է անում մարդուն աղոթքից շեղելու համար:

– Ի՞նչ է անում: Հազար ու մի միջոց է գտնում: Հենց մարդը սկսում է աղոթել, նա սկսում է նրան կողմնակի մտքերով շեղել, միտքը ցրում է երազանքներով, աղմուկով և այլն: Մի տեսնեիր, թե ինչ էր ինձ հետ կատարվում Ստոմիոն մենաստանում*: Մի անգամ ուշ երեկոյան գնացի՝ եկեղեցում աղոթելու: Մենաստանի դարպասները փակ էին, իսկ եկեղեցու դռները ինքս կողպեցի: Կեսգիշերին մոտ բանսարկուն սկսեց կողպեքով առանց դադարի թխկթխկացնել, որպեսզի ստիպի ինձ գնալ՝ նայելու, թե ինչ է կատարվում: Ես խորան մտա, որպեսզի չլսեմ և այնտեղ մինչ առավոտ մնացի սուրբ սեղանի հետևը՝ խաչի մոտ:

Քրիստոսի խաչը մեծ զորություն ունի: Երբ ես միաբան էի, դևերը շատ էին մարտնչում իմ դեմ: Գիշերները, երբ խցում էի, անդադար թակում էին դուռն ու ասում. «Մեր սուրբ հայրերի աղոթքներով»: Ես բացում էի դուռը և չնայած՝ ոչ մեկի չէի տեսնում, ուժգին սարսափի էի մատնվում: Հետո արդեն ի վիճակի չէի խցում մնալու: Տանջվում էի, արտասվում, աղոթում. անօգուտ էր: Խցից դուրս էի գալիս բակ: Մի անգամ երեկոյան ժամերգությունից հետո ավագ վանականներից մեկն ինձ տեսավ բակում և ասաց. «Ինչո՞ւ խուցդ չես գնում, որդյա՛կ: Մի՞թե հայրերից որևէ մեկին տեսնում ես բակում: Բոլոր հայրերն իրենց խցերում աղոթում են»: Այդժամ ես սկսեցի լաց լինել և ամեն ինչ պատմեցի նրան: Նա սուրբ Խաչի մի մասունք բերեց ինձ ու ասաց. «Այժմ հանգիստ գնա խուցդ»: Հազիվ էի դուռս փակել, երբ մեկը ուժգին թակեց այն. «Մեր սուրբ հայրերի աղոթքներով»: Ես ասացի. «Ամեն»: Դուռը բացվեց, և մի ոստիկան ներս մտավ: Ուսադիրների փոխարեն թեք նշանաքուղեր էին թևքին, ինչպես նախկինում էին ոստիկանները կրում: Ներս մտավ ու սկսեց բղավել. «Դո՛ւ, կեղտո՛տ վանական, այդ ի՞նչ տաշեղ է մոտդ»: Այնուհետև սկսեց ծիծաղել իր «հմայիչ» ծիծաղով: Բղավում էր, բայց չէր կարողանում մոտ գալ, որովհետև սուրբ Խաչը ձեռքս էր: Ես բարձրաձայն ասացի. «Տե՛ր Հիսուս Քրիստոս» և «ոստիկանը» ծխի վերածվեց:

* 1958-1962 թթ.

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում