Նոնա Պողոսյան․ Մեկուսացում-Պանդեմիա

Նոնա Պողոսյան․ Մեկուսացում-Պանդեմիա

Արդեն քանի օր է`
ինչ գրանցվել ենք
վաղուց մոռացված
մեր հոգիներում,
որտեղից արդեն
հազար տարի է,
ինչ դուրս ենք եկել`
մոռանալով
ետվերադարձի մասին..

Մենք հագել ենք մոլորակի փրկության շապիկը,
որ մի օր դուրս գանք
ու գնանք ԱՊՐԵԼՈՒ
Փառահեղ Ծեսին…

Մենք կապել ենք
ծերերի
վախվորած հայացքները
մեր տխուր աչքերին,
որ չմոռանանք
նայել գթասրտությանը…

Մեր մի մետրանոց
կյանքն հիմա ավելի,
ավելի երկար է,
քան մոլորակի
բարակած
հիշողությունը…

Մեր սոցիալական տարածությունում
հիմա ծաղկել են
բալենիները`
առանց շփոթմունքի
ու խուճապի…
Որ վաղը մեզ պատմեն
մեր բոլոր մոռացված
ձիրքերի մասին,
որ դեն շպրտեցինք
սինթետիկ ճիգերի
Ելման գծի մոտ,
որ հասնեինք
անմարդկայինի
վերջնագծին…

Հիմա, երբ դիմակները
ծածկել են մեր վազքի
ողորմելիությունը,
մենք կսիրենք իրար
այնպես`
քան երբև…
կհասկանանք իրար
այնպես`
քան երբևէ…

…Ու Աստված կծաղկի
մեր ճիգերին
մեկուսացման,
հոշոտված
անուրջներին
ու հոգիներին
վերագտած…

Աղբյուր՝ Granish.org

Հետևեք մեզ նաև Telegram-ում