«Քրիստոսը Գեթսեմանի այգում» դրվագը պատկերների համակարգում

«Քրիստոսը Գեթսեմանի այգում» դրվագը պատկերների համակարգում

«Քրիստոսը Գեթսեմանի այգում» նկարը (№ 7651 ձեռագիր) այլ կերպ կոչվում է «Հիսուսի աղոթքը Ձիթենյաց լեռան մոտ»: XIII դարի մանրանկար է և թեև նկարված է Մատթեոսի ավետարանում (Մատթեոս 26:36-46), բայց ավելի շուտ ներկայացնում է Ղուկասի ավետարանի դրվագը (Ղուկաս 22:39-46): Այս նկարը համապատասխանում է սույն թեմայով մանրանկարների այն խմբին, որ Արևմուտքում տիրապետում էր X դարի ընթացքում, բայց գլխավորապես պատկանում է միջին բյուզանդական շրջանին, պատկերում է Քրիստոսին երկու անգամ՝ աղոթելիս լեռան վրա և միջադեպի եզրափակիչ մասում. Հիսուսը ուղիղ դիրքով քայլում է դեպի տասնմեկ աշակերտները, որ պառկած էին լեռան ստորոտում: Խոսելու ժեստով պարզած ձեռքը նշանակում է նրա զգուշացումը նրանց՝ վեր կենալու (Մատթեոս 26:46, Ղուկաս 22:46): № 7651 ձեռագրում) աջում Քրիստոսը ծնկաչոք աղոթում է՝ հայացքը հառած վերևի անկյունում երևացող Սուրբ Հոգուն. բ) Քրիստոսը շարժվում է դեպի աշակերտները, որոնք քնած են էլիպսաձև անձավախորշում:

Մատենադարանի № 7645 Ավետարանի մանրանկարների մեծ մասը պատկանում է նկարիչ Հովհաննեսի վրձնին: Մատթեոսի ավետարանի շարադրանքի մեջ պահպանվել է վերջինիս կողմից վրձնած «Աղոթք Գեթսեմանիում» մանրանկարը: Հովհաննեսի մանրանկարները աչքի են ընկնում պատկերված կերպարների ինքնատիպությամբ: Նրանց գեղեցիկ, սակայն փոքր-ինչ անսովոր դեմքերն աչքի են ընկնում զարմանալի քնարականությամբ: Աչքերի վրա մի քիչ բարձր տեղադրված հոնքերը նրանց տխուր անրջականություն են հաղորդում: Դիմագծերը, դաստակները, ոտքերի թաթերը եզրապատված են պլաստիկ, կարմրին տվող մուգ գծերով: Տեսարանների մեծ մասը ներկայացված է դասական, կանոնիկ տարբերակներով, սակայն աչքի են ընկնում նկարման ինքնատիպ ոճով, որն առաձնանում է իր նրբագեղությամբ: Այդ նրբագեղությունը նկատվում է ոչ միայն դեմքերի գծագրության մեջ, այլև կահավորանքի, ծալազարդանքների, ճարտարապետական հենքի մանրամասներում: Այս ձեռագրում, որտեղ ոսկի չի օգտագործվել, ավետարանիչների ու առաքյալների լուսապսակները տարբեր գույների են՝ դեղին, կարմիր, կանաչ:

XVIII դ. գեղանկարչության լավագույն հուշարձանները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Էջմիածնի Մայր տաճարում և Վեհարանի թանգարանում: Ուշագրավ գործերից է «Քրիստոսը ձիթենյաց այգում» կտավը: Հիշյալ խմբի աշխատանքները, որոնց թիվը մի քանի տասնյակի է հասնում, կատարված են պրոֆեսիոնալ բավարար մակարդակով: Դրանց համար մեծ մասամբ հիմք են ծառայել եվրոպական արվեստի օրինակները, չնայած կատարվում են նաև տեղական բնույթ կրող լրացումներ ու կրճատումներ:

Վաղ Վերածննդի վարպետներից Պիետրո Պերուջինոյի «Քրիստոսը ձիթենյաց լեռան վրա» կտավը ունի բավականին բարդ հորինվածք՝ զանազան կերպարներ, խորհրդաբանական մոտիվներ: Նկարիչն ուշադրությունը հիմնականում սևեռել է թեմայի ներքին, հոգեբանական կողմի ցուցադրման վրա: Առաջին անգամ այստեղ՝ այս լեռան վրա, Քրիստոսին մատուցվում է այն դառը բաժակը, որը խորհրդանշում է Աստծու Որդուն հասանելիք չարչարանքները: Այդ պահը ներկայացված է շատ պարզ, պատմողական եղանակով: Եվ ոչ միայն այդ բաժակն է արտահայտում Քրիստոսին սպասվելիք տանջանքները: Երկնքում թևածում են բազմաթիվ հրեշտակներ, որոնցից յուրաքանչյուրի ձեռքում նրան խոցող առարկաներն են՝ փշե պսակը, աքցանը, գեղարդը, գամերը, ճիպոտները:

«Քրիստոսը Գեթսեմանի այգում» պատկերի հանդիպում ենք № 888/159 Ավետարանում: Հիսուս Գեթսեմանիի պարտեզում գետնամած աղոթական վիճակում է, նկարում պատկերված է հրեշտակը՝ Քրիստոսին զորացնելու համար: Մանրանկարում Հիսուսի ետևում պատկերված ձիթենու ծառը բնորոշում է այն վայրը, որտեղ տեղի է ունեցել տեսարանը: Երկրորդ գիծը, որ կազմում է նկարի խորքը, ամբողջապես ոսկեզօծ է, վերևում բացվում է երկինքը՝ կիսաբոլորակ ձևով: Հայ արվեստագետը հավատարիմ է մնացել Ղուկասի ավետարանի բնագրին (22:41-44)՝ այնտեղ միայն հիշատակելով հրեշտակի երևումը: Բյուզանդացի մանրանկարիչներից ոմանք, առանց նկատի առնելու այս մանրամասնությունը, մյուս ավետարանների պատկերազարդումների մեջ բաց են թողել այս դրվագը:

Կազմեց Գայանե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում