USD
EUR
RUB

Պատերազմ և սպանություն

 

Մարդասպանություն և զինվորական պարտականություն

Բազում քրիստոնյաներ են սպանվել իրենց անխախտ հավատքի համար ոչ միայն քրիստոնեության վաղ շրջանում, այլև մեր ժամանակներում, երբ հատկապես համայնավարության տարիներին բազմաթիվ հոգևորականներ բանտարկվեցին և հերոսաբար նահատակվեցին` հավատարիմ մնալով քրիստոնեական իրենց հավատքին: Ընդունելի չէ մարդասպանությունը. այն խախտումն է աստվածային մի՛ սպանիր պատվիրանի: Աստվածաշնչի վրա հիմնված եկեղեցական կանոնները ևս դատապարտում են սպանությունը և նույնիսկ պատվիրում անգամ խաղաղ ժամանակ իր վրա հարձակված մարդկանց սպանող քահանային կարգալույծ անել, որովհետև քահանային արժան չէ մարդ և անգամ անասուն սպանել: Սրբերի պարագային տեսնում ենք, որ նրանց դաժանաբար խոշտանգում ու սպանում էին հեթանոսները հավատքի պատճառով: Սակայն պատերազմների ժամանակ սպանություն գործած քրիստոնյա զինվորի վերաբերյալ եկեղեցական կանոնը նշում է, որ Եկեղեցու Հայրերը դա մեղք չեն համարել, բայց այդպիսի մարդն իր անձը մաքրելու համար երեք տարի, ըստ եկեղեցական կանոնի, պետք է հեռու մնա Սուրբ Հաղորդությունից:

Սպանության մասին

Ավետարաններում Հիսուս Քրիստոսի ուրվագծած կատարյալ մարդը նա է, ով լի է բոլորի հանդեպ սիրով և երբեք սպանություն չի գործում, ինչպիսին որ եղավ Քրիստոս Ինքը: Սակայն ճակատագրական պահերին զենքի դիմելու թույլտվությունը տրվել է մարդկանց խստասրտության պատճառով, ինչպես որ Քրիստոս ապահարզանի մասին հրեաներին ասաց, որ այդ օրենքով Մովսեսը ոչ թե աստվածային կատարյալ կամքն է արտահայտել, այլ հրեաների խստասրտության պատճառով է թույլ տվել կանանց արձակելը (Մատթ. 19.8, Մարկ. 10.5): Իսկ պատերազմի ժամանակ ինքնապաշտպանության նպատակով զենքի դիմելու արդարացիությունը կարող ենք ցույց տալ նաև Նոր Կտակարանով: Երբ Հովհաննես Մկրտչի մոտ մկրտության եկած զիվորները նրան հարցրեցին` իսկ մենք ի՞նչ անենք, Հովհաննեսը պատասխանեց նրանց. «Ոչ ոքի մի նեղեք, ոչ ոքի մի զրպարտեք, ձեր ռոճիկը թող ձեզ բավարար լինի» (Ղուկ. 3.14), և ոչ թե ասաց՝ զենք վերցնել չի կարելի, բանակը վատն է, թողեք և հեռացեք: Նաև Պողոս առաքյալը, խոսելով այն մասին, որ ինքը փորձել է նեղություն չտալ ոչ ոքի, ասում է. «Ո՞վ երբևէ զինվորություն կանի իր ծախսով» (Ա Կորնթ. 9.7): Ինչպես նաև եբրայեցիներին ուղղված իր թղթում առաքյալն ասում է, թե հավատքի շնորհիվ էր, որ Սամսոնը, Դավիթը և այլ զորականներ կարողացան հաղթել օտար բանակների (Եբր. 11.32-34): Սակայն թշնամին ևս մարդ է, նա գուցե մի փոքրիկ աղջնակի կամ տղայի հայրն է, ինչ-որ մեկի սիրեցյալ ամուսինը, մեկի սիրելի զավակը: Բացի դրանից յուրաքանչյուր մարդ ստեղծված է Աստծո պատկերով: Այդ իսկ պատճառով նույնիսկ պատերազմի ժամանակ սպանություն գործած մարդը պետք է դիմի Եկեղեցու կողմից կարգված ինքնամաքրման: Ոմանք գուցե համաձայն չեն այս մտքի հետ, սակայն հոգեբանները կարող են ապացուցել, որ անգամ պատերազմների ժամանակ անընդհատ սպանող մարդը կարող է շատ լուրջ հոգեբանական խնդիրներ ունենալ: Հովհան Մանդակունին իր ճառերում ասում է, որ կապ չունի` որևէ մեկը թագավորին է սպանել, թե աղքատին, ծեր մարդու, թե երեխայի. դրանք բոլորն էլ սպանություններ են: Եվ նույնիսկ ինքնապաշտպանության նպատակով կամ պատահաբար սպանություն կատարած մարդու զղջման և ապաշխարության անհրաժեշտությունը շեշտվում է եկեղեցական կանոններով, որոնք ընդգրկված են «Կանոնագիրք Հայոց» ժողովածուի մեջ: Նշենք այդ կանոննեից մի քանիսը: «Եթե մի անմեղ մարդ միայնակ ճանապարհ է գնում, և ճանապարհին նրա դեմ են ելնում գողերն ու ավազակները, և այս մարդն սպանում է նրանց, ապա Սուրբ Եկեղեցին նրան թող չդատի իբրև սպանողի: Բայց Ահեղ Սեղանին, այսինքն` Սուրբ Հաղորդությանը մոտենալու համար սպանություն կատարած այդ մարդը թող սակավ օրերի ընթացքում սրբի իր անձը` մտածելով, թե ինչու այս ամենը հենց իր հետ պատահեց»: Ներկայացնենք նաև տարբեր պատճառներով սպանություն կատարած քահանաների վերաբերյալ մի քանի կանոններ: Հետևյալ կանոնը կազմված է հարց ու պատասխանից: «Եթե մեկը ձիով ամբոխի մեջ գնալիս լինի և պատահաբար դիպչի մի մարդու և սպանի, արդյո՞ք հետագայում, եթե նա ուզենա քահանա դառնալ, կարող է քահանայության արժանանալ»: Պատասխանն այս է. «Մարդու կյանքի և վարքի մասին պետք է քննել, թե արդյո՞ք սրբությամբ են»: Իսկ սպանության առնչությամբ` կանոնը, հստակ չպատասխանելով, այս հարցն է տալիս. «Ինչ վերաբերում է սպանությանը, ինչո՞ւ աստվածային շնորհը նրան չպահպանեց դրանից»: «Եթե մի քահանա իր պարտեզը քարերից մաքրելու ժամանակ քարը մի կողմ գցի, և այն պատահաբար մի մարդու դիպչի և նա մեռնի, ի՞նչ պետք է անել նրա քահանայական պաշտոնի համար, և նա ինչպե՞ս պետք է ապաշխարի»: Պատասխանն այն է, որ նա սպանող է, պետք է ապաշխարի ինչպես սպանողները և քահանայության կարգին այլևս չմոտենա, որովհետև քահանային արժան չէ մարդ սպանելը: Կանոնագրքում նշվում են այն մեծ և փոքր մեղքերը, որոնք գործած մարդկանց պետք է խոստովանության բերել: Սպանողների պարագային նշվում են այն մարդիկ, ովքեր սպանել են կամ նախանձից, կամ իշխանությամբ, կամ արբեցությամբ, կամ պատերազմի ժամանակ և այլն: Սակայն հոգևորականները միշտ պատերազմի են ելել ճակատագրական պահերին, մարդկանց ոգեշնչելու ու քաջալերելու, երբ, ինչպես նշում է Եղիշե պատմիչը Հովսեփ Կաթողիկոսի, Ղևոնդ Երեցի և մյուս հերոս հոգևորականների պարագային, պատերազմը բացի մարմնական կռիվ լինելուց համարվել է նաև հոգևոր առաքինություն: Եվ այսօր ևս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականները շարունակում են մեր հայ զինվորների կողքին լինել, օգնում են նրանց իրենց սիրով, աղոթքով, խրատներով և խորհուրդներով, որպեսզի մեր զիվորները երբեք չմոռանան Վարդանանց քաջարի օրինակը և նրանց սխրանքից ծնված խոսքերը` չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը` անմահություն:

Ինքնասպանություն և անձնազոհություն

Որևէ արարք առաքինություն կամ մեղք, արատ է դարձնում հիմնականում մարդկային մտադրությունը: Օրինակ` ողորմությունը կարող է դառնալ ցուցամոլություն, սերը, խոնարհությունը` քծնողություն, երեսպաշտություն: Նույնպես սեփական կամքով մահվան գնալը հուսահատության դեպքում դառնում է ինքնասպանություն, իսկ վեհ և աստվածահաճո նպատակների համար` անձնազոհություն: Օրինակներ բերենք Հին և Նոր Կտակարաններից: Սավուղը և իր զինակիրը թշնամիների ձեռքը չընկնելու համար հուսահատությունից ինքնասպանություն գործեցին (Ա Թագ. 31.5), իսկ Ռաքսը ինքնասպանություն գործեց Աստծո վերահաս պատիժը թշնամիներին հիշեցնելու համար (Բ Մակաբ. 14.37-46): Սեփական կամքով կյանքից հրաժարվելու հակադիր մղումներ տեսնում ենք երկու առաքյալների մոտ` Հուդան հուսահատությունից (Մատթ. 27.5), իսկ Պողոսը Քրիստոսի հետ լինելու ցանկությունից (Փիլիպ. 2.23):

Ինքնասպանությունը լինում է հետևյալ երեք հիմնական մղումներով:

1. Հուսահատություն, որի դրսևորումն ունեցան Սավուղը, իր զինակիրը և Հուդան:

2. Կեղծ պատրանքներ, որ այսօր տեսնում ենք աղանդավորների մոտ, ովքեր կարծում են, թե այդ ճանապարհով պիտի ընկնեն Երկնքի Արքայություն: Այդպիսին են հատկապես այսօրվա ինքնասպան-ահաբեկիչները, որոնք հիմնականում ներկայացուցիչներն են մուսուլմանական վահաբիստական աղանդի:

3. Վեհ նպատակի իրագործման համար:

Ըստ Կանոնագրքի` ինքնասպանի համար թաղում կամ հոգեհանգիստ չեն անում, բայց եթե ինքնասպանության փորձից հետո մարդը ողջ է մնում և զղջումով մեռնում, ապա նրա համար կատրում են եկեղեցական համապատասխան արարողություններն ու աղոթքները: Սուրբ Գրիգոր Տաթևացին, խոսելով սեփական կամքով մահվան գնալու մասին, ասում է, որ դա կոչվում է անձնիշխան մահ, որը լինում է բարի և չար: Անձնիշխան մահը չար էր Հուդայի պարագային, իսկ այդպիսի մահվան բարի տեսակը հանուն մարդկության փրկության գործածեց Քրիստոս, որը և մենք կոչում ենք անձնազոհություն:

Ճգնավորություն և ինքնասպանություն

Ճգնողական կյանքի նեղություններին գնալը ոմանք համարում են պասիվ ինքնասպանություն: Բայց ի տարբերություն հուսահատ ինքնասպանների` ճգնավորների պարագային տեղի է ունենում հակառակը: Ինքնասպանը ոչ թե հրաժարվում է կյանքի կամքից, այլ դժգոհում այն պայմաններից, որոնցում իրեն տրվել է այդ կյանքը: Այն մեկ պատճառով, որ ինքնասպանության գնացող մարդը չի կարողանում դադարել ուզելուց, դադարում է ապրելուց: Իսկ սրբերը, իշխելով իրենց կամքին և ցանկություններին, կարողանալով զսպել ցանկությունները, ժառանգեցին կյանքը և հատկապես` հավիտենական կյանքը:

Հռոմեացիներ եվ վայրի ցեղեր

Շատ սրբեր սպանվեցին հռոմեացիներից: Վաղ քրիստոնեության շրջանում հռոմեացիները հեթանոս էին և հալածում էին քրիստոնյաներին: Թվում է, թե այն ժամանակ այդ ազգի մեջ մթագնել էր խիղճը, որովհետև խիղճը մարդկային ներքին աշխարհից գոչում է Աստծո պատվիրանը` մի՛ սպանիր: Սուրբ Հովհան Ոսկեբերանը Աստծո տասը պատվիրանների մասին ասում է, որ եթե նույնիսկ Աստված դրանք գրած չլիներ քարե տախտակների վրա և Մովսեսի միջոցով փոխանցած, մարդկությունը, այնուամենայնիվ, կիմանար այդ պատվիրանները, որովհետև դրանք գրված են մարդկանց հոգիներում և սրտերում: Եվ սա ճիշտ է, որովհետև յուրաքանչյուրը կարող է լսել իր հոգուց եկող ձայնը, որն ուսուցանում է, որ չպետք է ստենք, գողանանք, սպանենք, շնանանք և այլն:

Նույնիսկ ներկայիս քաղաքակրթությունից հեռու վայրի ցեղերն առավել հարգանք ունեն այն պատվիրանի հանդեպ, որն արգելում է սպանությունը: Սա ծիծաղելի է թվում, որովհետև մենք գիտենք, որ այդ ցեղերն ապրում են որպես վայրենիներ, մեր հասկացություններից բոլորովին տարբերվող կենցաղով: Բայց առավել ծանոթանալով նրանց ավանդույթներին` կարող ենք տեսնել բավականին խելացի ուսուցումներ: Հռոմեացիները սպանում էին քրիստոնյաներին և գնում իրենց առօրյա կյանքին, մինչդեռ վայրի ցեղի անդամը, մարդ սպանելով, պետք է որոշ ժամանակաշրջան զղջման մեջ լինի: Նա իրավունք չունի կանանց մոտենալու, միս ուտելու, այլ ուտում է բույսերից պատրաստված կերակուրներ: Եվ սպանողը պետք է ապաշխարի, նույնիսկ եթե սպանությունը պատահել է պատերազմի ժամանակ: Մեր եկեղեցական կանոններում նման կանոններ կան: Պատերազմի ժամանակ սպանություն գործած մադը մարդասպան չի համարվում, բայց Սուրբ Հաղորդությանը մոտենալու համար պետք է ապաշխարի քահանայի կողմից նշանակված ժամանակահատվածում: Հռոմեացիները չարչարեցին քրիստոնյաներին տարբեր ձևերով` կտրտելով, կենդանի մարդուն մաշկազերծ անելով, կախելով, խաչելով և այլն: Հարավային Ամերիկայում ապրող ցեղերը ևս նման սովորություն ունեն, հանում են իրենց թշնամու գանգամաշկը: Բայց եթե նման դեպքերում հռոմեացի տանջարարները մարդուն կենդանի մաշկազերծ անելուց հետո հանգիստ գնում էին իրենց գործերին, վայրի ցեղայինները, կորցնելով իրենց ներքին խաղաղությունը, մտնում են զղջման շրջանի մեջ: Նույնիսկ երիտասարդ զինվորները, ովքեր առաջին անգամ են սպանել և մաշկել թշնամուն, պետք է ապաշխարեն վեց ամիս` այս ընթացքում ուտելով միայն բույսեր, և ոչ մի իրավունք չունեն լվալու իրենց գլուխը: Այս սովորությունը նման է Հին Կտակարանում հիշվող հրեաների սովորությանը, ովքեր վշտերի ժամանակ իրենց գլուխներին մոխիր կամ հող և մոխիր էին լցնում (Նեեմի 9.1, Եսթ. 14.1-3, Մակ. 3.47 և այլն): Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Նոր Գվինեայում ապրող ցեղերը սովորություն ունեն իրենց թշնամիների կտրած գլուխները բերելու իրենց բնակավայրերը: Այնտեղ նրանք մի արարողություն են կազմակերպում, որի ընթացքում պարելով, երգելով և աղոթելով սպանված թշնամիների համար, ասում էին. «Մի զայրացիր մեզ վրա: Մեզ հաջողվեց հաղթանակ տանել, բայց մենք նաև զոհաբերություն ենք անում քեզ համար: Եթե մարտում դու հաջողություն ունենայիր, ապա այդ ժամանակ արդեն մեր գլուխները կախված կլինեին քո գյուղում: Ինչո՞ւ մեր թշնամին դարձար: Եթե մեզ հետ չթշնամանայիր, այս պատերազմը չէր լինի, և քո գլուխը չէր կտրվի»: Այս սովորույթները ցույց են տալիս, որ վայրի ցեղերը վախենում են սպանելուց, և եթե դա պատահում է, նրանք զղջում են համապատասխան արարողություններ կատարելով: Հռոմեացիներն իմաստուն ու խելացի էին համարվում, սակայն միևնույն ժամանակ կարող էին սպանել բազում քրիստոնյաների առանց զղջման զգացում ունենալու: Հռոմեացիների և վայրի ցեղերի այս համեմատությունը ցույց է տալիս, որ տասը պատվիրանները փոխաբերական իմաստով գրված են մարդու հոգում, բայց մարդը կարող է խլացնել իր հոգու ձայնը` դառնալով ավելի վայրի, քան նախնադարյան համարվող ցեղերը:

Սուրբ զինվորներ

Մեր Եկեղեցու տոնացույցում ընդգրկված են սրբերի տոներ, ովքեր զինվորական են եղել: Սա ցույց է տալիս Եկեղեցու դիրքորոշումը զինվորականության և հայրենիքի պաշտպանության նվիրական գործի հանդեպ: Աղանդներից հատկապես Եհովայի վկաներն ուսուցանում են, թե անթույլատրելի է զինվոր լինելը, զենք վերցնելը անգամ հայրենիքի պաշտպանության համար: Սակայն ՆորԿտակարանում հստակորեն նշված է բանակի կամ զորքի անհրաժեշտությունը, իհարկե, հայրենիքի, մարդկանց, սրբազան արժեքների պաշտպանության նպատակով: Երբ զինվորները Հովհաննես Մկրտչին հարցրեցին, թե իրենք ինչ պետք է անեն, Հովհաննեսը սխալ չհամարեց նրանց զինվորական ծառայությունը, այլ ասաց. «Ոչ ոքի մի նեղեք, ոչ ոքի մի զրպարտեք, ձեր ռոճիկը թող ձեզ բավարար լինի» (Ղուկ.3:14): Պողոս առաքյալն իր անշահախնդիր գործունեության մասին խոսելիս համեմատություն է անում զինվորի ծառայության հետ` ասելով. «Ո՞վ զինվորություն կանի իր ծախսով» (Ա Կորնթ. 9:7): Պողոս Առաքյալը նաև հավատքի մասին խոսելով`ասում է, որ հավատքով էին Սամսոնը, Դավիթը, Սամուելը (նաև Գեդեոնը, Բարակը, Հեփթայեն) անպարտելի դառնում պատերազմում և հաղթում օտարների բանակներին (Եբր. 11:32-35): Եկեղեցական Սուրբ Հայրերը նաև զինվորի ծառայության գովելի օրինակն են գործածել հավատքի հետ առնչված իրողություններ բացատրելու և նույնիսկ սուրբգրական մեկնությունների համար: Օրինակ` Հովհան Ոսկեբերանն այսպես է բացատրում Պողոս առաքյալի` գաղատացիներին ուղղված թղթի հետևյալ նախադասությունը. «Այսուհետև ոչ ոք թող ինձ նեղություն չտա, որովհետև ես իմ մեջ եմ կրում Քրիստոսի չարչարանքները» (6:17): Ոմանք մեղադրում էին Պողոս առաքյալին հավատքի այլակերպ ընկալման համար: Հովհան Ոսկեբերանը, առաքյալի նշյալ խոսքի արտահայտած մտքի վերաբերյալ ասում է, որ եթե շարքից դուրս եկած և ետ մնացած զինվորին տեսնեին անհամար, արյունոտ վերքերով, մի՞թե նրան կմեղադրեին վախկոտության ու դավաճանության մեջ: Իրականում այդ զինվորն իր մարմնի մեջ է տանում իր քաջության ապացույցը: Ըստ Ոսկեբերանի` Պողոս առաքյալն ասում է, որ այդպես պետք է դատել նաև իր մասին, որովհետև իր վերքերը բառերից էլ ուժեղ և իր նամակից էլ ավելի ընդարձակ ապացույց են, և Քրիստոսի հավատքի համար ստացած իր մարմնի վերքերն ու սպիները բավարար են` ապացուցելու իր հավատարմությունը Քրիստոսին:

Եկեղեցում տոնական հիշատակություն ունեցող սուրբ զորականներից են Ղունկիանոսը, ով Քրիստոսի խաչի մոտ դարձի եկավ և հավատաց Նրան (Մատթ. 27.54, Մարկ. 15.39, Ղուկ. 23. 47), Եփեսոսի քառասուն զինվորները, սուրբ Սարգիսը, Սուրբ Գևորգը, Պարսկաստանում նահատակված հայ զորախումբը` սուրբ Ատոմյանները, Սուրբ Վարդանանք: Ավետարանում գովեստով է խոսվում հարյուրապետի մասին, ով խնդրեց Քրիստոսին աստվածային զորությամբ խոսքով բուժել իր ծառային` ասելով. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ դու իմ հարկի տակ մտնես» (Մատթ. 8.8, Ղուկ. 7.6): Եվ Քրիստոս ոչ թե մեկ այլ մասնագիտություն անեցող անձի, այլ հենց այս մարդու` զինվորականի մասին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայելի մեջ անգամ այսչափ հավատ չգտա» (Մատթ. 8.10, Ղուկ. 7.9): Աղանդները, որոնք Սուրբ Գրքի բազում խոսքեր ծուռ են մեկնում իրենց սխալ ուսուցումներին համապատասխանեցնելու համար, ասում են, թե Քրիստոս գովեց հարյուրապետին այն ժամանակ, երբ նա արդեն դադարել էր զինվորական գործ անելուց: Բայց հարյուրապետն ինքն է վկայում, որ զինվորական ծառայության մեջ է, ասելով. «Ես էլ իշխանության տակ եղող մարդ եմ, ինձ ենթակա զինվորներ ունեմ. սրան ասում եմ` գնա՛, և գնում է, և մի ուրիշին, թե` ե՛կ, և գալիս է» (Մատթ. 8.9, Ղուկ. 7.8): Քրիստոսահիմն Սուրբ Եկեղեցին սրբացրել է մեծ հավատքով ապրած զինվորներին ու զորականներին: Եվ մեր եկեղեցիներում ամեն տարի նշում ենք նրանց հիշատակը` որպես օրինակ և խանդավառություն այսօրվա մեր զինվորների համար, ովքեր պետք է նաև հավատքով զորանան` պաշտպանելու մեր սրբազան արժեքները, մեր հայրենիքն ու ժողովրդին:

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Գոհար Մկրտչյան. Ինքս էլ չգիտեմ… Արմենուհի Սիսյան. Երբ հավատս ծաղկի, գարուն կգա 12 դպրոցական կպայքարի Ընթերցանության ստեղծագործական մրցույթում հաղթելու համար Netflix-ը ձեռք է բերում պատմական կինոթատրոն Հունիսի 6-ին կներկայացվի առցանց համերգ՝ նվիրված Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվան և Պյոտոր Չայկովսկու 180-ամյակին․ «Դոմ Մոսկվի» Տիկնիկային թատրոնը պատրաստել է բացօթյա համերգ-ներկայացում Երեխաների տոնի առթիվ Սպենդիարյանի տուն-թանգարանը օնլայն կցուցադրի «Երեք արմավենի» մուլտֆիլմը Սուրբ Գրիգոր Նարեկացու կերպարը պատկերների համակարգում Համերգ՝ Կոմիտաս-150 «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մարդկանց աղոթակից դարձնողը Շառլ Ազնավուր. Տերն ինձ տվեց... Յութուբում մեկնարկում է We Are One կինոփառատոնը Կոմիտաս. Վարդիկս Վերանորոգվել է դեպի «Տաթև» վանական համալիր տանող ճանապարհը. զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են «Խոսքի իրավունք» հաղորդման հյուրն է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը Ո՞րն է իմ հաղթանակը Աստվածատեսության մասին Կորոնավիրուսից մահացել է ռեժիսոր Սամվել Գասպարովը «Եթե այս միտումը շարունակվի, ապա պլանավորված գրքերը կարող են և լույս չտեսնել». Արքմենիկ Նիկողոսյան Պուտինը շնորհավորել է Գեորգի Ֆրանգուլյանին Ֆիլհարմոնիկի առցանց նախագծերը Հրաչյա Թամրազյան. Սպիտակ էջեր Վահան Թոթովենց. Աստղիկին Հենրիկ Ալավերդյան. Զարթիր լաո Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հանրապետության օրվա առիթով Մայիսյան հերոսամարտի զենքերը կներկայացվեն օնլայն ցուցահանդեսում Երկրպագություններով Աստծուց ներում ենք հայցում և մեր երախտագիտությունը հայտնում Առցանց համերգ ու առցանց ելույթ՝ օպերայի ու բալետի թատրոնի կողմից Աշխարհի լավագույն կատարողներն իրենց գիտելիքներն են փոխանցում հայ երաժիշտներին Apple-ը Paramount Pictures-ի հետ կաշխատի Սկորսեզեի նոր ֆիլմի վրա Արմենուհի Սիսյան. Կարոտի տեսիլներ Ներսես Աթաբեկյան. Տիեզերքի եզրին Սոնա Արշունեցի․ Առանց ձեզ ով եմ «Ցեղասպանության թանգարանի փակ ֆոնդերից որոշ նյութեր կորել են». ԿԳՄՍ նախարար Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները Ինչո՞ւ են գնում գերեզման եօթներորդ եւ քառասուներորդ օրը Նոր բեմադրություններ, հյուրախաղեր համայնքներում. Արտաշատի դրամատիկական թատրոնի հավակնոտ ծրագրերը Բյուրականի աստղադիտարանը՝ համավարակի ժամանակ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Turner մրցանակաբաշխությունը չի կայանա Ա Պետրոս 1.5-10
website by Sargssyan