Աստվածածին սուրբ կույս Մարիամի ավետյաց տոն

Աստվածածին սուրբ կույս Մարիամի ավետյաց տոն

Ամենասրբուհի կույս Մարիամը, որ օրհնյալ է բոլոր կանանց մեջ, լույս աշխարհ է եկել Հովակիմին և Աննային տրված ավետիսի համաձայն՝ սերելով Իսրայելի որդիներ Ղևիի և Հուդայի, այսինքն՝ քահանայական և թագավորական տոհմերից։ Նրա ծնողները, ըստ իրենց կատարած ուխտի, երեքամյա Մարիամին տանում են Տաճար։ Այնտեղ Զաքարիա քահանան, սուրբ մանկանն իր գիրկն առնելով, նրան կոչում է Մարիամ անունով, որը նշանակում է «լուսավորյալ»։ Արդարև, Մարիամը ճշմարտապես լուսավորվեց աստվածային լույսով։ Իսկ Զաքարիան, օրհնելով սուրբ մանկանը, մարգարեացավ նրա մասին՝ ասելով, որ Մարիամը անվանի կլինի բոլոր մարդկանց ու երանելի՝ բոլոր ազգերի մեջ։

Հովակիմն ու Աննան էլ, կատարելով իրենց ուխտը, առան մանկանն ու վերադարձան իրենց տուն։ Եվ ամեն տարի Մարիամի ծննդյան օրը ծնողները նրան տանում էին Տաճար ու դարձյալ վերադարձնում տուն, սակայն երբ լրացավ սուրբ մանկան յոթ ամյակը, Հովակիմն ու Աննան նրան կրկին Տաճար տարան, սակայն այլևս իրենց հետ տուն չվերադարձրին, այլ թողեցին այնտեղ։ Եվ մանուկը Տաճարում սնվում էր սրբությամբ ու սպասավորվում էր հրեշտակների կողմից, որոնք երկնքից իջնելով՝ իրենց հետ մանանա էին բերում և կերակրում սրբուհուն։

Տաճարում Մարիամը կարմիր, բեհեզ ու ծիրանի մետաքսաթել էր մանում Տաճարի վարագույրի համար։ Իսկ երբ Մարիամը տասնչորս տարեկան դարձավ և քանի որ նրա ծնողներն արդեն մահացել էին, քահանաները նրան ի պահպանություն հանձնեցին հյուսն Հովսեփին։ Հովսեփը պարկեշտ ու աստվածապաշտ, սուրբ ու արդար մի մարդ էր՝ երկյուղածությամբ լցված Աստծու, և ամոթխածությամբ՝ մարդկանց առաջ։ Այս պատճառով էլ քահանաները, ըստ իրենց առջև դրված պարտավորության, Մարիամին հենց նրան վստահեցին։ Իսկ դա էլ անհրաժեշտ էր, քանի որ համաձայն մարգարեի այն խոսքի, թե՝ «Կույսը պիտի հղիանա ու Որդի ծնի» (հմմտ. Ես. Է 14), Տաճարում մշտապես տասներկու կույս աղջիկներ էին պահվում, որոնց տասնչորս տարին լրանալուն պես հանձնում էին որևէ մեկի խնամածությանը։ Այդ տասներկուսից մեկն էր տասնչորսամյա Մարիամը։

Մի խոսքով, ըստ այդ կարգի էր, որ քահանաները տասներկու կույսերին հանձնում էին տասներկու ամուրիների, որպեսզի վերջիններս նրանց իրենց կինը դարձնեին։ Ըստ այսմ, քահանաները վերցնում էին Տաճար եկած ամուրի այրերի գավազաններն ու դրանք դնում Խորանի մեջ, իսկ կույսերին էլ հրամայում էին մեկ-մեկ մտնել խորան, վերցնել մեկական գավազան ու դուրս ելնել։ Մյուսների նման Սուրբ Կույս Մարիամը ևս մտավ ներս ու մի գավազան վերցրած՝ դուրս ելավ. այդ գավազանը պատկանում էր Հովսեփին, ուստի և Մարիամին հանձնեցին Հովսեփի խնամքին, որպեսզի վերջինս Կույսին տուն տանելով՝ հարսանյաց պատրաստությունները տեսնի։

Այսպիսով, Հովսեփը, վերցնելով Մարիամին, տարավ նրան իր տուն՝ Գալիլիայի Նազարեթ քաղաք, որտեղ ևս հրեշտակները սրբությամբ սպասավորում էին Սուրբ Կույսին։ Մարիամը Հովսեփի տանը մնաց երեք ամիս, և մի օր էլ, երբ նա գնաց աղբյուրից ջուր վերցնելու, այնտեղ մի ծերունու կերպարանքով նրան հանդիպեց Գաբրիել հրեշտակապետը և ասաց. «Ողջու՜յն քեզ, Մարիա՛մ։ Ուրախ եղիր, Բերկրյա՛լդ, քանի որ Տերը քեզ հետ է»։ Մարիամի հոգին խռովվեց այս խոսքերի պատճառով. նա ասում էր իր մտքում. «Ի՞նչ խորհուրդ ուներ այս ողջույնը»։ Եվ առնելով իր սափորը՝ Մարիամը, հրեշտակի այս խոսքից զարհուրած, աճապարեց իր տուն՝ ինքն իրեն խորհելով, թե՝ «Ինչպե՞ս եմ ես բերկյալ և ի՞նչ կերպ է Տերը ինձ հետ»։

Եվ մինչդեռ Մարիամն այդ էր խոսում իր մտքում, հանկարծակի արդեն տանը նրան կրկին հայտնվեց Գաբրիելը՝ այս անգամ մի երիտասարդի կերպարանքով, և ասաց Կույսին. «Ողջու՜յն քեզ, Մարիա՛մ։ Դու, որ լի ես շնորհներով, ուրա՛խ եղիր, քանի որ Տերը քեզ հետ է»։ Եվ Սուրբ Կույսը կրկին խռովվեց իր մտքում ու այդժամ հրեշտակը ասաց. «Մի՛ երկնչիր, Մարիա՜մ, քանի որ ես չեկա քեզ խաբելու, ինչպես որ օձը խաբեց Եվային։ Մի՛ երկնչիր, Մարիա՜մ, քանի որ իմ խոսքերը պատրանք չեն, այլ Ավետիս։ Մի՛ երկնչիր, Մարիա՜մ, քանի որ ես խոսում եմ քեզ հետ ո՛չ թե խաբելու, այլ Ավետիս մատուցելու նպատակով, քանի որ, ահա՛, պիտի հղիանաս և մի որդի պիտի ծնես, որի անունը Հիսուս կկոչես, որովհետև Նա պիտի փրկի Իր ժողովրդին իրենց մեղքերից»։

Մարիամն ասում է հրեշտակին. «Այդ ինչպե՞ս կպատահի ինձ հետ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»։ Հրեշտակը՝ պատասխանելով, ասում է Կույսին. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, քանի որ Նա, ով ծնվելու է քեզնից, Սուրբ է և Աստծու Որդի պիտի կոչվի»։ Այս լսելով՝ Մարիամն ասում է հրեշտակին. «Ով մարդ, հեռո՛ւ գնա այստեղից, քանի որ դու խաբող մեկն ես երևում, գնա՛, քանի դեռ չի եկել ինձ Տաճարից իր մոտ վերցրած հյուսն Հովսեփն ու չի տեսել քեզ՝ ինձ հետ խոսելիս և քանի դեռ ուրագով չի կոտրել քո գլուխը»։ Մարիամն, այս ասելով, իր ձեռքն առավ իլիկը և շարունակեց մանել ծիրանին, որը նախատեսված էր Տաճարի վարագույրի համար։

Իսկ հրեշտակապետը շարունակում էր իր ողջույնի խոսքն ու ասում. «Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, Տերը քեզ հետ է, քանի որ քո որդին, որ ծնվելու է քեզանից, նստելու է Դավթի աթոռին և հավիտյան թագավորելու է Հակոբի տան վրա ու նրա թագավորությունը վախճան չի ունենալու»։ Մարիամը պատասխանում է հրեշտակին. «Ահա՛ երևում է քո խոսքերի ստությունը և դու դատապարտվելու ես քո խոսքերի պատճառով, քանի որ մի ասածդ երկնային է, մյուս ասածդ՝ երկրային։ Ասում ես, որ Նա Դավթի որդին պետք է լինի և Նրա թագավորությունը վախճան չպիտի ունենա, սակայն թագավորներից այդ ո՞ր մեկն է անվախճան թագավորել երկրի վրա։ Ամենքն էլ չմեռա՞ն ու դեպի դժոխքի դռները չգնացի՞ն ու որդերն էլ չկերա՞ն նրանց մարմինները։ Նույն ինքը՝ Դավիթը, իմ որդու հայրը, ինչպես որ դու ես ասում, մի՞թե չմեռավ ու չթաղվեց։ Ուրեմն այդ ինչպե՞ս պետք է լինի, որ հենց ի՛մ որդին պիտի թագավորի հավիտյան»։

Հրեշտակապետը պատասխանում է. «Այդ հենց այնպիսի բան է, որ զարմանքի է արժանի, քանի որ մնացյալ բոլորը մեռան, սակայն հենց քո՛ որդին միայն պիտի հաղթի մահվանը»։ Մարիամն ասում է Գաբրիելին. «Հեռո՛ւ գնա ինձնից, խաբեբա մարդ, քանի որ դու, ինձ Աստծու մայր հորջորջելով, եկել ես ինձ կողոպտելու»։ Հրեշտակը պատասխանում է. «Անհավատալի մի՛ համարիր իմ այս խոսքերը, որպեսզի քեզ վրա չառնես պատիժը Զաքարիայի, որը չհավատաց ինձ և նա՝ Աստծու քահանան, լռության դատապարտվեց իմ կողմից։ Ես քեզ ասացի, թե քեզնից ծնվողը Բարձրյալի որդի կկոչվի, քանի որ նա երկրային հորից չի ծնվի, այլ կծնվի քեզնից՝ անհայրաբար։ Իսկ այն, որ Նա Դավթի որդի կլինի, այդ քեզ համար ասացի, քանի որ դու Դավթի սերնդի զավակ ես։ Ուստի դու խելամո՛ւտ եղիր և հաստատի՛ր քո սրտում իմ այս խոսքերը, քանի որ ես ծառայում եմ քո Որդուն, Նա, ով քեզնից պիտի ծնվի և Նա, ով առաքեց ինձ քեզ մոտ։ Ես Նրան երկնքում՝ Հոր աջ կողմում թողնելով՝ եկա, և արդ, հավատում եմ, որ Նա քո որովայն պիտի իջնի»։

Մարիամն ասում է. «Ես երկնչում եմ քո խոսքերից, որպեսզի չլինի թե, ինչպես օձը Եվայի հետ, նույնպես և դու ինձ հետ խաբեությամբ խոսես»։ Գաբրիելը պատասխանում է նրան. «Մի՛ երկնչիր, Մարիա՜մ, քանի որ ես քեզ շնորհների Ավետիսն եմ բերել, և ոչ թե խաբեության պատրանքը՝ ինչպես օձը՝ Եվային։ Մի՛ երկնչիր, Մարիա՜մ, քանի որ ես մխիթարության Ավետիսն եմ մատուցում քեզ, և ոչ թե տրտմության գույժը։ Մի՛ երկնչիր, Մարիա՜մ, քանի որ ես քեզ խնդության Ավետիսն եմ տալիս և ո՛չ թե պատճառ՝ տխրության։ Մի՛ երկնչիր, Մարիա՜մ, քանի որ ես բերկրանքի Ավետիսով եմ խոսում քեզ հետ և ո՛չ թե նենգությամբ լի նախանձով, որով նախաչարը խոսեց Եվայի հետ։ Եվ ինչպես որ Եվայի միջոցով մահը արմատավորվեց, քեզնով էլ պիտի կյանքը բուսնի։ Նրանից էր մահվան ծաղիկը, իսկ քեզնից՝ կյանքի պտուղը։ Նրանից ատելությունն էր, իսկ քեզնից՝ սերն ու խաղաղությունը։ Նրանից՝ անեծքը, իսկ քեզնից՝ օրհնությունը։

Եվայի պատճառով մահվան վճիռը տրվեց, իսկ քեզնով՝ կյանքի խոստումը։ Եվայից հիմարությունն էր, իսկ քեզնից՝ իմաստությունը։ Եվայից հուսահատությունն էր, իսկ քեզնից՝ հուսադրությունը։ Եվայից՝ տրտմությունն, իսկ քեզնից՝ խնդությունը։ Նրանից՝ աշխատությունը, քեզնով՝ հանգիստը։ Նրանից անեծքի փուշը, իսկ քեզնից՝ օրհնության ծաղիկը։ Նրանից էր մոլորության ճանապարհը, իսկ քեզնից՝ ուղիղության դարձը։ Նրանից՝ եղբայրատյացությունն էր, իսկ քեզնից՝ օտարասիրությունը։ Նրանից՝ կորստյան ջրհեղեղը, իսկ քեզնից՝ մկրտության ավազանը։ Նրանից՝ կենդանիների մահը, իսկ քեզնից՝ մեռյալների հարությունը։ Նրանից՝ գլորումը, իսկ քեզնով՝ կանգնումը։ Նրանով՝ ծառայությունը, և քեզնով՝ ազատությունը։ Նրանով՝ մահվան դառնությունը, իսկ քեզնով՝ կյանքի քաղցրությունը։ Նրանից՝ օտարացումն, իսկ քեզնից՝ մերձեցումն Աստծուն։

Մի՛ երկնչիր, Մարիա՜մ, քանի որ դու Աստծուց շնորհ գտար Դու կծնես մի որդի, և Նրա անունը կկոչես Հիսուս։ Կծնես որդի, որ ծնված է ժամանակներից էլ առաջ։ Կծնես որդի, որը ստեղծողն է Ադամի։ Կծնես որդի, որը երկնքի կամարը կապողն է։ Կծնես որդի, որը երկիրը հաստատողն է։ Կծնես որդի, որն Արարիչն է ամենայնի։ Կծնես որդի, որն էակիցն է Հոր ամենակալի։ Կծնես որդի, որը փառակիցն է ճշմարիտ Հոգու։ Կծնես որդի, ում կերպարանքին մենք անկարող ենք նայել։ Կծնես որդի, ում առաջ կանգնելիս ես՝ Գաբրիելս, սարսռում եմ։ Քեզ վկա է քո ազգական Եղիսաբեթը, որը հղի է իր ծերության հասակում, և այս էլ արդեն վեցերորդ ամիսն է նրա հղության, ով ամուլ էր կոչված, քանի որ Աստծու համար անհնարին որևէ բան չկա»։

Մարիամն, այս ամենը լսելով՝ հավատաց հրեշտակի խոսքերին և ասաց. «Ահավասիկ, ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող որ քո խոսքի համաձայն լինի ինձ»։ Եվ միևնույն պահին, երբ Սուրբ Կույս Մարիամը հավանություն տվեց հրեշտակի խոսքերին, այդ միևնույն պահին Բանն Աստված իջավ նրա արգանդը։ Եվ ամենամաքուր Կույսի արյունից առնելով՝ կազմեց Իր մարմինը և Կույսի արգանդում վերաստեղծելով՝ պատկերեց հին Ադամի կերպարանքն ըստ ամենայնի, որպեսզի նոր Ադամը լինի այնպիսին, ինչպիսին հին Ադամն էր։ Եվ եղավ այնպես, որ նոր Ադամը որևէ բանով պակաս չեղավ հնից, այլ եղավ հար և նման նախաստեղծին: Մեկ վայրկյանում միայն տեղի ունեցավ Բանն Աստծու՝ մարդկային արյունն առնելը, այդ մարդկային էության հետ միանալն ու այն աստվածացնելը, ինչի շնորհիվ էլ կարող եմ ինձ թույլ տալ՝ ասելու «զույգ Աստված»։

Իսկ Սրբուհի Մարիամը Բանն Աստծու՝ իր արգանդում հղանալուց հետո, վեր է կենում ու գնում իր ազգական Եղիսաբեթի մոտ, որը Մարիամ Աստվածածնի մորաքրոջ դուստրն էր։ Եվ Եղիսաբեթը, կրկնելով ու հաստատելով հրեշտակապետի խոսքն, ասում է. «Օրհնյալ ես դու կանանց մեջ և օրհնյալ է քո որովայնի պտուղը», ապա Սուրբ Կույս Մարիամին Աստվածամայր դավանելով՝ ասում. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ եկավ»։

Այս օրը նաև հիշատակությունն է Երուսաղեմում տեղի ունեցած սքանչելիքների։ Հայոց վեց հարյուր յոթանասուներկու թվականին Երուսաղեմում Պողոս անունով մի վարդապետ կար, որն էլ մի խիստ առաքինի աշակերտ ուներ։ Աշակերտն այդ օրն առվոտյան, երբ աղոթում էր, մի ահեղ ու զարմանալի տեսիլք է ունենում և գնում-պատմում է իր վարդապետին։ Ըստ տեսիլքի՝ սուրբ Հակոբ եկեղեցում ինչ պատկեր որ կար, սկսում է խոսել Սուրբ Աստվածածնի պատկերի հետ։ Նախ պայծառանում է Գաբրիելի պատկերն ու ասում. «Ողջու՜յն քեզ, Մարիա՛մ, որ լի ես շնորհներով։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, քանի որ Տերը քեզ հետ է»։ Իսկ այնուհետ էլ, ինչ պատկեր որ կար եկեղեցում, բոլորն այս նույն բանն են ասում։

Այսու մենք առավել հաստատվեցինք հայոց այն ճշմարիտ ավանդության վրա, որն ընդունեցինք մեր սուրբ առաջնորդներից։ Ուստի և մենք, բարբառակից լինելով Գաբրիել հրեշտակապետին, գոչե՛նք՝ ասելով. «Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, Աստվածածին Կո՛ւյս Մարիամ, քանի որ Տերը քեզ հետ է։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, վերացնողդ Ադամի անեծքի։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, գարուն հոգևոր։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, դրախտ ցանկալի։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, լուծիչդ Եվայի երկունքների։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, մարդկանց փրկության զավակ։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, Հորը Էակցի բնակարան։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, պարծանքդ բոլոր մարդկանց։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, անմահ Թագավորի փառքի աթոռ։

Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, ժառանգդ Ավետյաց ուխտի։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, իմանալի դրախտ հոգևոր։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, լեռդ վիմածին։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, խորհուրդ կյանքի։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, ծաղիկ անթառամ։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, կենսատու մարդկային ազգի։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, Սուրբ Հոգու տաղավար։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, ավետարանվածդ ձայնով Գաբրիելի։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, կյանքի ծովն անցնողների ճարտար ղեկավար։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, ճառագայթ լուսածագ։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, մաքուր աղավնի ու մշտամնա Կույս։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, Հիսուսածին Մարիամ։

Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, նարդոս ցանկալի։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, շուշան ծաղկյալ։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, մարդկային ազգի ուրախության պատճառ։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, չորեքնյությա աթոռ Անեղի։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, պայծառ, քան Արեգակը։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, ջրհոր կենդանի ջրի։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, ռամիկներին բարձրացնող։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, անարատ Սուրբ Կույս Մարիամ։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, վեհագույնդ քերովբեներից։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, քանի որ Տերը քեզ հետ է հավիտյան: Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, հրաշակերտ մասնիկ արարչության։

Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, ցանկալիդ սերովբեներից։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, Եկեղեցու հյուսյալ պսակ։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, փառքի աթոռ Աստվածության։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, քաղաքդ Աստծու և ընթացողդ ուրախությամբ գետի ընթացքով Սուրբ Հոգու։ Ուրա՛խ եղիր, Բերկրյա՜լդ, և քեզնից Ծնվածի առաջ բարեխոսի՛ր մեզ՝ քո Ավետյաց օրը տոնողներիս, նաև բոլոր հավատացյալների ու այս գիրն ընթերցողների համար»։ Ամեն։

«Յայսմաւուրք», Կ. Պոլիս, 1730 թ.,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ. Կարապետյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում