Արարատ Մկրտումյան. Սերունդ

Արարատ Մկրտումյան. Սերունդ

Անմասնակից եղանք ցավին
Եվ տոնին էլ չհասանք շուտ,
Թեկուզ փախած մեր անցյալից
Ձեռք քաշեկու ժամն է, անշուշտ:
Ժամն է արդեն ջոկջկելու
Ապագա հուլ, անցած գալիք,
Չէ՞ որ մեր դեմ չի չոքելու
Հարդափոշին Ոսկե Կալի:
Ինչքա՜ն տեսանք իզուր կռիվ,
Իզուր բառեր, իզուր երգեր,
Նա, ով պիտի ասեր՝ գրիր,
Ճամփան ինքը մի կողմ թեքեց:
Եվ հերիք է մեղք ու մեղա,
Հավատի տեղ՝ մոմած խաչեր,
Չէ՞ որ Աստված բախտի տեղակ
Մեր ճակատին երգ էր դաջել:
Անուշ մի երգ՝ վասն բարու,
Վասն սեր ու հեռավորի,
Որը, գիտեք, դեռ թափառում
Եվ դեռ մեզ է փնտրում նորից:
Եվ կգտնի: Քանզի եղանք,
Քանզի դեռ կան ուրիշ կանչեր…
Չէ՞ որ Աստված բախտի տեղակ
Մեր ճակատին երգ էր դաջել:

ԽՏԱՑՈՒՄՆԵՐ

Հոգնել ես:
Հասկանում եմ:
Ամենքն են հոգնել:
Եվ քանի դեռ
քնած են բառերը,
վե՛ր կաց
ու մի երգ գրի՛ր
առանց
այդ
բառերի…

***
Դու այսօր էլ չեկար,
աղջի՛կ, դու այսօր էլ չեկար,
Դու այսօր էլ չառար մութը թևերիդ մեջ,
Քո քայլերի նման ժամացույցն
է կարճում սպասումը երկար,
Դու այսօր էլ չեկար, աղջի՛կ,
դու այսօր էլ չեկար:

Հեռուներում ինչ-որ մեկը
ծխախոտ էր ճմռում խեղճ,
Օտարվեցին մայթերն իրար,
վնգստալով հեռացան,
Սկիզբ չեղած, աստված գիտի,
ինչպես եղավ արդեն վերջ,
Դու այսօր էլ չեկար, աղջի՛կ,
դու այսօր էլ չեկար:

Գինին հիմա ինձ կհուշի
լուսահոգի մի անցյալ,
քո կենացի վրա մեկը կուզի
հեքիաթ պատմել,
Բայց հեքիաթը ինչ եմ անում,
երբ ցավն ինքն է հանգուցյալ,
Դու այսօր էլ չեկար, աղջի՛կ,
դու այսօր էլ չեկար:

Հիմա իմ դեմ կորբանա
կիսաժպտուն մի պատկեր,
Քերծվող թախիծ թաքուն
դողով կթպրտա այս տողում,
Բայց չեմ կարող ոտնաձայնիդ
խարդավանքը ես ատել,
Դու այսօր էլ չեկար, աղջի՛կ,
դու այսօր էլ չեկար:

Դու այսօր էլ չեկար, աղջի՛կ,
դու այսօր էլ չեկար,
Եվ այսօր էլ չառար մութը թևերիդ մեջ,
Քո քայլերի նման ուրիշ սեր է
կարճում սպասումը երկար,
Դու այսօր էլ չեկար, աղջի՛կ,
դու այսօր էլ չեկար:
***
– Ամենադժվարը բաժանման առաջին օրերն են, – հանգստացնում է տղան`
աղջկա մազերը շոյելով:
– Չէ, միշտ էլ դժվար կլինի
մինչև քո վերադարձը,- լացակումած բողոքում է աղջիկը:
…- Ծառ,
հիշեցրու նրանց,
որ ամենադժվարը
այդ խոսքերը
հետո հիշելն է:

Աղբյյուր՝ Grakantert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում