Սովորենք գնահատել ու արժևորել մեր ունեցածը

Սովորենք գնահատել ու արժևորել մեր ունեցածը

Այժմ, երբ ամբողջ աշխարհը և մարդկությունը կանգնած է լուրջ խնդրի առաջ, ամեն օր ավելի ու ավելի ենք զգում Աստծո կարիքը: Ամեն օր մեր աղոթքներում խնդրում ենք, որ Հայրը վերջ տա մեր փորձություններին: Արդյո՞ք ճիշտ է հիշել Աստծուն միայն կարիքի ժամանանակ:

Հավանաբար աշխարհը երբեք չէր պատկերացնի, որ մի օր ստիպված կլինի փակվել տանը ու անորոշության մեջ պայքարել` նորից կյանք վերադառնալու հույսով:

Մենք երբեք չէինք զգացել այն, ինչ այսօր ենք զգում, որովհետև երբեք այսպես չէինք պայքարել հանուն կյանքի շարունակության: Ու մինչ մենք փակված ենք տանը ու սպասում ենք նորից կյանք վերադառնալու, բնությունը վայելում է մարդու բացակայությունը: Մեզանից քանի՞սն է հարց տվել՝ ինչ է զգում բնությունը մեր անմարդկային ու անպատասխանատու վարքագծից: Անխնա ոչնչացնում ու կործանում էինք մի բան, առանց որի կյանքը անիմաստ է դառնում:

Այն, ինչ այսօր տեսնում ենք, գոյության պայքար է, որտեղ մեզանից յուրաքանչյուրը ձգտում է հաղթանակաց դուրս գալ: Շատերը իսկապես կհաղթահարեն այս ամենը, բայց շատերը անմեղ զոհեր են, ովքեր չկարողացան պայքարել այս հիվանդության դեմ, նրանք անզոր եղան հաղթել մահին: Զարմանալի չէ, ուրեմն, որ շատերն են հարցնում. «Ինչո՞ւ է Աստված թույլատրել այսքան տառապանք»։

Գուցե ձեզ էլ է հետաքրքրում, թե սիրառատ ու ամենազոր Աստված ինչ պատճառ պետք է ունենար՝ տառապանք թույլ տալու։ Այս դժվարին հարցին գոհացուցիչ և ճշմարտացի պատասխան գտնելը կարևոր է ներքին խաղաղություն ձեռք բերելու և Աստծո հետ փոխհարաբերություններ հաստատելու համար։

Ամեն ինչից վեր Աստված սեր է, բայց ի՞նչ ենք այդ դեպքում մենք, մեզանից քանի՞սն է սեր ու հոգատարություն ցուցաբերում դիմացինի նկատմամբ: Սրանք հարցեր են, որոնց մասին պիտի խորհենք, ու երբ հասկանանք՝ արդյոք մենք նույնքան սեր ենք տածում դիմացինների հանդեպ, հավանաբար, այդ ժամանակ այլևս չենք մեղադրի Աստծուն: Նա մեզ տվեց ապրելու ու արարելու հնարավորություն, բայց մեզանից շատերը ընտրեցին ապրել ու կործանել:

Թող հենց ա՛յս օրը մեր կյանքում լինի արժևորելու և գնահատելու օր, միգուցե մենք շատ չենք ուշացել, ու ամենագութ Աստված ների մեզ ու արժանացնի այն պարգևներին, որը Նա պատրաստել է մեզ համար:

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում