Ռուսական թատրոնն առցանց ցուցադրում է խաղացանկից դուրս եկած լավագույն ներկայացումները

Ռուսական թատրոնն առցանց ցուցադրում է խաղացանկից դուրս եկած լավագույն ներկայացումները

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես մի շարք այլ մշակութային կառույցներ, այնպես էլ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հանդիսատեսին գեղեցկի հետ հաղորդակից դարձնելու նպատակով օնլայն հարթակում ներկայացնում է մի շարք բեմադրություններ: Թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղվում են ներկայացումներ, որոնք այլևս խաղացանկում չեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`մարտի 26-ին ցուցադրվել է Գր. Գորինի «Հիշատակման աղոթք», ապրիլի 2-ին՝ Ա. Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն միամիտ է լինում» բեմադրությունները, իսկ ապրիլի 9-ին թատրոնն առցանց կներկայացնի Ժ. Բրիկերի և Մ. Լասեգի «Ախ, այդ ֆրանսիական հնարքները», ապրիլի 13-ին՝ Էդ. դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»: Բեմադրությունների հեղինակն Ալեքսանդր Գրիգորյանն է, իսկ տեսագրման ռեժիսորը՝ Գայանե Առաքելյանը:

Մեզ հետ զրույցում թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը տեղեկացրեց, որ տեսագրությունները շարունակում են հասանելի լինել նաև ցուցադրությունից հետո: «Կարծում եմ՝ այս օրերին, երբ կյանքն իրապես փոխվում է, թատրոնների աշխատանքը նույնպես պետք է ինչ-որ կերպ վերանայել: Անհրաժեշտություն է ունենալ բոլոր ներկայացումների տեսատարբերակները: Պարզապես մեկ կամ երկու տեսախցիկով նկարահանված ներկայացումն այնքան էլ չի համապատասխանում մերօրյա պահանջներին, իսկ դա մեծ խոչընդոտ է ոչ միայն մեր, այլև հանդիսատեսի համար: Խոսքը և՛ Ռուսական, և՛այլ թատրոնների մասին է: Դա ապագայի խնդիր է, և այս օրերը բոլորիս նոր մարտահրավերներ են նետում, զարգացման նոր գաղափարներ տալիս»,-նշեց Մխիթարյանը:

Անդրադառնալով սպասվող առաջնախաղերին՝ թատրոնի տնօրենը հույս հայտնեց, որ երկրում տիրող սահմանափակումների վերացումից հետո իրենք կավարտեն նոր ներկայացումների փորձերը: «Նախատեսվում է երիտասարդ բեմադրիչներից մեկի՝ Դիանա Բաբայանի դեբյուտը: Նա նոր է ավարտելու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և մեր թատրոնում ներկայացնելու է «Վարշավյան մեղեդի» ներկայացումը: Հրավիրված ռեժիսոր Գոռ Մարգարյանը բեմադրում է «Գարդենիա» գործը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը շուտով սկսելու է «Բալի այգին» ներկայացումը: Ապրիլի 21-22-ին մեր փոքր բեմում նախատեսել էինք Մանվել Խաչատրյանի բեմադրությամբ Դոստոևսկու «Խեղճ մարդիկ» ներկայացման առաջնախաղերը»,-պատմեց Մարիաննա Մխիթարյանը:

Թատրոնը նաև այլ ծրագրեր ունի. հնարավոր է օնլայն հարթակում հետաքրքիր նախագծեր իրականացնի՝ գուցե պոեզիա, գուցե ներկայացումների փորձեր, բեմադրություններ և այլն: «Մեր հանդիսատեսը կարող է նորությունների սպասել: Մենք աշխատում ենք ու անհամբեր սպասում, թե երբ է թատրոնը կրկին իր դռները բացելու թատերասերների առաջ, որը հնարավորություն կունենա դիտել նոր ներկայացումներ»,- շեշտեց թատրոնի տնօրենն ու հավելեց, որ թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջն ունի նոր խորագիր: Այն կոչվում է «Պահոց», որի շրջանակում ներկայացվում է Առաջին ալիքի «Կուլիսներ» հաղորդաշարի անդրադարձները:

Վիրտուալ տիրույթում հետևորդների մեծ ակտիվություն է նկատվում: Առաջիկայում նախատեսվում են նոր խորագրեր, վիկտորինաներ:

Անժելա Համբարձումյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում