Խոնարհություն

Խոնարհություն

«Եթե ոչ լվացից (ը)զքեզ, ոչ ունիս ընդ Իս մաս» (Հովհ. 13:8)

Հիսուսը զգալով, որ մոտեցել է Իր մահվան վայրկյանը, աշակերտներից երկուսին՝ Պետրոսին և Հովհաննեսին, հանձնարարեց, որպեսզի Երուսաղեմ գնան՝ զատկական ընթրիքը պատրաստելու և նրանց ասաց. «Գնացեք քաղաք և սափորն ուսին մի մարդու պիտի հանդիպեք, նրան ասացեք. «Վարդապետն ասում է ժամանակս մոտեցել է, քո տանը պիտի անեմ Զատիկը»»: Ինչ, որ Հիսուսը պատվիրեց՝ աշակերտները սիրով կատարեցին:

Եվ երբ երեկո եղավ, արդեն բոլորը հավաքվել էին այն վերնատանը, որտեղ Քրիստոս ցանկացել էր ուտել զատկական ընթրիքը: Սրահը՝ մաքուր ու պարզ, կանոնավորված ու հարդարված, և սեղանը Զատկի առթիվ ուտելիքներով զարդարված էր: Հիսուս, մինչ աշակերտների հետ ճաշելու կնստեր, տեսավ, որ վիճաբանում են, թե ով պիտի նստի պատվավոր տեղը, կամ Երկնքի արքայությունում ով պիտի բազմի Քրիստոսի կողքին: Իսկ Հիսուսը նրանց հանդիմանելու և մյուս կողմից էլ ցույց տալու համար, որ իրենցից մեծը պետք է փոքրին ծառայի և անձը խոնարհեցնի, ծառայի նման մի կոնքի մեջ ջուր լցնելով և մի սրբիչ էլ կողքին կապած, սկսեց իր աշակերտների աղտոտ և փոշոտ ոտքերը լվալ:

Ի՜նչ տարօրինակ իրողություն. աշակերտներն ապշած իրար երեսի էին նայում, քանի որ իրենց Տերն ու Աստված ամենաստորին ծառային հատուկ մի ծառայություն էր անում, և նրանցից մեկը, չկարողանալով զսպել վրդովմունքը, ասաց. «Իմ ոտքերը հավիտյան պիտի չլվաս»:

Քրիստոսի սրտի անչափելի սերն էր, որ այդ տարօրինակ գործն Իրեն անել էր տալիս. խոնարհության և հեզության զգացումով է, որ տերերի Տերը, Աստված Իր աշակերտների ոտքերն է լվանում՝ հակառակ նրանց ցուցաբերած անտարբեր վարմունքին և թեթևամտությանը, նրանց եսապաշտական սին գաղափարներին և նախապաշարումներին, հակառակ նրանց ուրացությունն ու ապշությունը կանխավ իմանալուն՝ սիրեց նրանց, սիրեց իսպառ. «Սիրեց յուրայիններին, ամբողջությամբ սիրեց նրանց», մինչև իր չարչարանքների վերջին վայրկյանը, մինչև մահվան տագնապալից վայրկյանը սիրեց նրանց և դրանից հետո էլ՝ իսպառ:

Հովհաննես Ավետարանիչն ինչպե՞ս կարողանար համաձայնեցնել Քրիստոսի մեծությունը՝ Նրա ցուցաբերած այս անսահման խոնարհության հետ. Նա, որ Աստված էր, Նա, որ Տերն ու Փրկիչն էր աշխարհի, Նա՝ ում հողմերն ու ծովերն են հնազանդվում, հիմա Իր անձը ունայնացրած խոնարհեցնում է՝ մինչև անգամ իրեն մատնող մեղավորի ոտքերը լվալու աստիճանի: Այս ի՜նչ խոնարհություն, այս ի՜նչ սեր, այս ի՜նչ հեզություն է. Ինքը մի Սուրբ էր, սակայն ծառայի նման անսուրբ և անմաքուր ոտքեր է լվանում, ամբարտավանության և հպարտության քայլերն է ուղղում: Այո՛, այսպես պիտի լինի. իսկապես որքան բարձր է մարդկային հոգին, նույնքան և ավելի ընդունակ է խոնարհության, սակայն այս բանն առաջին անգամ Քրիստոս ցույց տվեց իր անձի առումով: Քրիստոս աշխարհին ցույց տվեց մի բան, որ հին աշխարհը երբեք չէր տեսել, որ իր լեզուներից և ոչ մեկով չէր կարողացել արտահայտել «խոնարհություն»-ը: Հիսուս Իր անձը խոնարհեցնելով՝ բարձրացրեց ուրիշներին. այն օրը, երբ Հիսուս վերնատան մեջ ծառայի պաշտոն կատարելու համար խոնարհվեց, ծառան բարձրացավ, ծառան հավասարվեց Տիրոջը և «եղբայր» հռչակվեց:

Հուդան էլ՝ մատնի՜չը, վերնատանն էր և գիտե՞ք՝ Քրիստոս նրա առջև էլ ծունր եկավ և նրա ոտքերն էլ լվաց: Դուք հիմա թերևս չափազանցություն կարծեք, բայց ո՛չ, դա իրականություն է, մենք անկարող ենք հասկանալ Աստծու ողորմության չափը. Քրիստոս խոնարհվեց իրեն մատնողի առջև և Իր անմեղ ու սուրբ ձեռքերով լվաց անզգամի ոտքերը: Մենք այսպիսի բան կանե՞նք, կխոնարհվե՞նք մեր թշնամու առջև, սակայն Քրիստոս արեց այն, ինչ մենք չենք ցանկանում անել և պատիվ չենք համարում:

Այդ օրը վերնատանը Քրիստոսի ցույց տված խոնարհությունն ու սերն այնքան անսահման եղան, որ Պետրոսը, չկարողանալով իր խռովքը զսպել, ասաց. «Տե՛ր, Դո՞ւ ես լվանում իմ ոտքերը», և ապա չկարողանալով այս հուզիչ ու տարօրինակ տեսարանի լուռ հանդիսատեսը լինել, աղաղակում է. «Հավիտյան [թույլ չպիտի տամ] չպիտի լվաս ոտքերս»: Խոստովանենք, որ մենք էլ, զգալով մեր ոչնչությունը, նույնը պիտի ասեինք, ինչ Պետրոս առաքյալն ասաց: Պետրոսը նվաստություն համարեց, երբ տեսավ, որ իր Տերը, Վարդապետը, որ հանդերձյալ թագավորության Տերն ու Իշխանն է, ծառայի, ստրուկի նման պիտի լվար իր փոշոտ ոտքերը: Պետրոսը Հիսուսի համար նվաստություն համարեց, երբ տեսավ, որ իր Տերը, Որի ոտքերը արևելքի մոգերն անուշահոտ յուղով պիտի օծեին և զղջացող մեղավոր կանայք իրենց արցունքներով պիտի թրջեին, հիմա ցանկանում է աշակերտների ոտքերը լվալ, մինչդեռ ինքը՝ գալիլեացի ձկնորսը, Հիսուսի ներկայությամբ բացականչել էր. «Ինձնից հեռու գնա, Տե՛ր, քանզի մեղավոր մարդ եմ»:

Պետրոսը չկարողացավ թափանցել Աստծու անհուն ողորմության [խորքերը], չկարողացավ ըմբռնել, թե այն ի՞նչ իմաստ ուներ. ինքը աշակերտների ոտքերը լվանալը անարգություն, տկարություն համարեց, և այդ պատճառով բացարձակապես մերժեց. «Իմ ոտքերը հավիտյան չպիտի լվաս»: Նվաստություն համարել խոնարհությունը, տկարություն և անարգություն համարել հեզությունը, նշանակում է չճանաչել քրիստոնեությունը, չճանաչել սերը:

Հիսուսը տեսնելով, որ Պետրոսը, Իր հեզ ու խոնարհ օրինակի վարմունքը նվաստություն և տկարություն համարելով, չի հասկանում, նրան ասաց. «Եթե չլվանամ, Իմ հետ բաժին չես ունենա». այսինքն, եթե խոնարհությունը և հեզությունը, Իմ այս ծառայական պաշտոնը նվաստություն և տկարություն ես համարում, Իմ հետ բաժին չունես, այդ գաղափարովդ չես կարող միանալ Ինձ և նրանց, ովքեր Իմն են:

Այսօր, երբ հեզությունը, խոնարհությունը համարում ենք նվաստություն, ապուշություն, տկարություն և անարգություն, նույն այդ ազդու խոսքը մեզ էլ է ուղղվում, դրանով հաստատում ենք, որ չգիտենք քրիստոնեական կրոնի արժեքը, որ զուրկ ենք աստվածային այն սիրուց, որ Հիսուս Քրիստոսով հայտնվեց:

Խոնարհությո՜ւն, խոնարհությո՜ւն. արդյոք ե՞րբ պիտի սովորենք խոնարհվել միմյանց, արդյոք ե՞րբ պիտի վարժվենք սիրել մեզ ատողներին, օրհնել մեզ անիծողներին, արդյոք ե՞րբ պիտի մեր աչքերը թշվառ աղքատներին ուղղենք և օգնության ձեռք կարկառենք նրանց:

Հեզությո՜ւն, հեզությո՜ւն և որքան հեռու ենք մենք հեզ լինելուց. ամբարտավանությունը ի՜նչ մեծ ոճիրներ է գործում մեր մեջ: Ամբարտավանությունը և հպարտությունը ընկերներ են, ամբարտավան և հպարտ մարդիկ են, որ խոնարհությունը և հեզությունը նվաստություն և տկարություն են համարում, այդպիսիները ո՛չ ցանկանում են սովորել և ո՛չ էլ՝ սովորեցնել: Ամբարտավանը մարդատյաց է լինում, ընկերական պարտականությունները՝ արհամարհող, մեկը, որ ցանկանում է ամեն ինչ լինել և ունենալ, սակայն ոչինչ չունի, բոլորովին ոչինչ, և բաժին չունի Քրիստոսի հետ. «Իմ հետ բաժին չունես»:

Հայ Ս. Եկեղեցին, որպեսզի իր հավատացյալ ժողովրդի մտքի և սրտի մեջ խոնարհության, հեզության և սիրո սկզբունքը լավ տպավորի, Քրիստոսի «Ինչպես Ես ձեզ արեցի, նույնը և դուք արեք» խոսքը տառացիորեն վերցնելով, «Ոտնլվայի» արարողությունն է կատարում, այդ արարողությունն անշուշտ նպատակով ենք անում՝ խոնարհության, եղբայրասիրության դասը հավերժացնելու համար: Բավական չէ գալ և դիտել, թե ինչպես է մեծը փոքրի ոտքերը լվանում, այլ պետք է նայել խոնարհության դաս առնելու համար. եթե արարողությունը աննպատակ է՝ ինչո՞ւ կատարենք, բայց քանի որ այն իր մեջ խորհուրդ ունի, ուսանենք և այդպես բացատրենք այդ արարողությունը:

Արդ, ո՜վ հավատացյալներ, նախանձ, ամբարտավան, հպարտ, գոռոզ մի՛ եղեք, ամբարտավանությունը և սրա նման այլ զգացմունքները նվաստացնում են մարդուն, բարիո՛վ հաղթեք չարին, ջանացեք ձեր հեզությա՛մբ հաղթել ամբարտավանին, թշնամուն, մի՛ ասեք՝ դժվար է, ո՛չ, հոգին կարող է նույնիսկ թշնամու առջև խոնարհվել, երբ կա կամք, հոժարություն և որպես այս ամենի լրում՝ սեր, ինչպես Հիսուսի հոգին խոնարհվեց անգամ Իրեն մատնող Հուդայի ոտքերի մոտ: Խոնարհվե՛նք և սիրե՛նք՝ իմանալով, որ առանց դրա մասնակից չենք Քրիստոսի փառքին՝ ո՛չ այստեղ և ո՛չ էլ հանդերձյալ կյանքում:

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ» Ա հատոր, Կ. Պոլիս, 1907թ.

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում