Քրիստոսի Խաչելությունը

Քրիստոսի Խաչելությունը

«Էլի, Էլի, Լամա սաբաքթանի», այսինքն է. «Աստուած Իմ, Աստուած Իմ, ընդէ՞ր թողեր զիս» (Մտթ. 27:46):

Հիսուսի թշնամիները այլևս հասել էին իրենց նպատակին, կառափնատեղում, մի մեծ խաչի վրա, գամել էին Նրա անմեղ մարմինը՝ Նրա երկու սուրբ ձեռքերից և անբիծ ոտքերից: Նրա երկու կողմերում Բարաբբա ավազակի երկու ընկերներին էլ էին խաչը հանել:

Հիրավի վերջին վայրկյաններն էին, օրհասական էր, սակայն ավա՜ղ, Հիսուսի մոտ մի բարի մարդ չկար, որ Նրա երեսից հոսող քրիտինքը մաքրեր, և սիրտը սփոփեր: Այնտեղ ոչ ոք ո՛չ բարեկամություն և ո՛չ էլ սեր հայտնեց: Ընդհակառակը՝ Նրա շուրջը հայհոյանքի և չարախոսության ձայներ էին լսվում: Քահանայապետերը՝ դպիրների և ծերերի հետ միաբանված, իրենց պաշտոնից և դիրքից չքաշվելով, նույնիսկ չամաչելով իրենց ծերության ալեհերությունից ու խորշոմներից, խաժամուժի հետ ասում էին. «Ուրիշներին փրկեց, Իրեն չի կարողանում փրկել, եթե Իսրայելի Թագավորն է թող այժմ իջնի խաչից և կհավատանք Նրան». բնական է, որ եթե մեծամեծերն այս ընթացքի մեջ էին, ապա ինչե՜ր չէին անի և ասի անզուսպ, լկտի ու անպարկեշտ ստորադասները:

Քրիստոս այս խեղկատակության ժամանակ բոլորովին լուռ մնաց, միայն հևում և հեկեկում էր, արյունն արագորեն հոսում էր Նրա ձեռքերից և ոտքերից, սոսկալի կսկիծներ և ջղային պրկումներ էին առաջանում: Այս սոսկալի վայրկյաններին Նա կարող էր անեծքներ տեղալ, կարող էր թշնամիների վրա երկնքից հուր իջեցնել և Իր հրեշտակներով նրանց սատկացնել, սակայն Հիսուս օրհնությունից բացի այլ բան չասաց և չարեց:

Ժամը վեցն էր, արդեն երեք ժամ էր, որ խաչված էր, երբ հանկարծ արևը խավարեց և խավարը տիրեց երկրին և երեք ժամ շարունակ գիշերվա նման մութ եղավ, կարծես մի սև քողով այդ ահասարսուռ և սրտաճմլիկ տեսարանը ծածկվում էր. հանկարծակի մթության պատճառով սուրբ արյունով ներկված Գողգոթայի վրա մի խոր լռություն տիրեց, սև-սև ամպեր եկան և ծածկեցին կապույտ երկնքի երեսը, կատաղի ամբոխը սարսափով և լռությամբ նայում էր այդ անժամանակ գիշերին, քահանայապետերն ու դպիրները կարկամեցին-մնացին և զինվորները սոսկումով լցվեցին:

Հեռվից արհավիրքներով լեցուն տեսարան էր բացվում՝ Երուսաղեմը թաղված էր սև մթության մեջ, նրա հսկա պարիսպները, բարձր աշտարակները և խրոխտ ժայռերը մթության մեջ սպառնալից կերպարանք էին առել, երեք ահագին խաչերը հորիզոնի վրա զարհուրելի տեսարան էին բացում այդ մթության մեջ և ուրվականների նման վեր էին բարձրանում մռայլ ամպերի տակ:

Այս ընդհանուր խոր լռության և մթության մեջ Հիսուս հանկարծ կսկիծներով և վերքերով լեցուն կրծքից հուզիչ և խորուն այս հառաչանքն արձակեց. «Էլի՛, Էլի՛, լամա սաբաքթանի», այսինքն. «Աստված Իմ, Աստված Իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ»:

Ո՜վ Տեր իմ, այս Քո՞ ձայնն է, ո՜վ իմ Փրկիչ, մի՞թե դու իրավունք չունես ասելու. «Ես և Իմ հայրը մեկ ենք». Դո՛ւ, որ փոթորիկին և ծովին հրամայեցիր, Դո՛ւ, որ զորությամբ և փառքով երևացիր, ինչպե՞ս կարող էիր ասել. «Աստված Իմ, Աստված Իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ»:

Սակայն իրողություն է և ոչ ցնորք, հենց Հիսուսի ձայնն էր այն և Նրանն էլ պետք է լինի: Նա ո՛չ ներքևից՝ Իր աշակերտներից մի սրտապնդող խոսք լսեց և ո՛չ էլ վերևից՝ երկնքից լսեց ու տեսավ Իրեն զորացնող և քաջալերող որևէ բան: Մի հրեշտակ չտեսավ, որը Գեթսեմանիի տագնապի ժամին եղածի նման, այստեղ էլ, այդ անտանելի կացության մեջ Իրեն մխիթարեր: Նա բոլոր կողմերից լքված էր, և Իր ցավն ու կսկիծը, վիշտն ու վերքը անտանելի էին: Թեև Իր աստվածային բնությունը չարչարվելու բնություն չուներ, սակայն աստվածամարդը չարչարվում և խաչվում էր. այս վիճակի մեջ էր, որ աղաղակեց. «Աստված Իմ, Աստված Իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ»:

Աստված այդ վայրկյանին լքել էր Իրեն և ինչո՞ւ. ահա այստեղ է խորհուրդը. և սա միայն հետևյալ կերպ կարող ենք հասկանալ և լուսաբանել: Հիսուս մեր բոլորի անօրենություններն Իր վրա վերցրեց և մեր մեղքերը սեփականացրեց, և այդ անօրենություններն ու մահվան պատճառ մեղքերն Իր վրա վերցրած՝ զոհեց և զոհվեց: Նա որպես անօրեն և մեղավոր գամվեց և խաչվեց, գամեց և սպանեց մեղքը, և ինչպես անզգամ, անօրեն և մեղավոր մարդը մահվան ժամին հաշտ չէ Երկնավոր Հոր հետ, այդպես էլ Քրիստոս, որպես մեղավոր մեղքի բեռան տակ ճնշված, այնտեղ զոհվում էր մեղավորների փոխարեն. զգում էր, որ Աստծու կողմից լքված է և ստիպված է՝ միայնակ կրելու այդ ծանր ու դժվարին բեռը:

Հիրավի, թեև մի մեղավորի նման միայնակ թողվեց, Երկնքից լքվեց և հուսահատ ու անմխիթար մնաց, սակայն այլ մեղավորների նման չմոլեգնեց և չգանգատվեց, այլ դարձյալ Իր Աստվածն էր անվանում՝ ասելով. «Աստված Իմ, Աստված Իմ»:

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ» Ա հատոր, Կ. Պոլիս, 1907թ.

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում