Սիլվա Կապուտիկյան․ Հայրենակիցներիս

Սիլվա Կապուտիկյան․ Հայրենակիցներիս

Նրանց, որոնք “Հայրենիքին գաղափարը ծալած, մեկ կողմ դրած են, ոչ կզգան իրենց անձին, իրենց ապագային հետ անոր սերտ առնչությունը, ոչ ալ անոր ինքնին ներկայացուցած ցավի և հույսի գեղեցկությունը կըմբռնեն”:

Վահան Թեքեյան

Դուք, հայությունից պարպված հոգիներ,
Մոռացած լեզու, ոգի ու արմատ,
Ինչպե՞ս եք ապրում աշխարհում այս լերկ,
Ապրում անտեսիլք ու անարարատ:
Ավա՜ղ, թվում է ձեզ համառորեն,
Որ երջանիկ եք և իբր՝ հարուստ.
Մինչ դուք չգիտեք՝ ի՜նչ բախտ է վերուստ,
Երբ թոթովում է որդիդ հայերեն:
Չգիտեք, ի՞նչ է կարոտը հայի,
Տանջանքը անուշ, բերկրանքը ցավոտ.
Գեղեցկությունը անիմանալի
Զգացումների այս խառնաշփոթ:
Երբ չես էլ զգում ինչո՞ւ, որտեղի՞ց
Աչքդ շաղում են արցունքները տաք:
Խայտում է մեջդ սերը արարիչ,
ՈՒ երգ են դառնում խինդ ու տառապանք:
Ես խղճում եմ ձեզ, խղճում վերստին,
Որ զրկել եք ձեզ լույսից՝ ինքնակամ:
Որ կորցրել եք՝ չգտա’ծ անգամ
ՈՒ չգիտե՜ք էլ չափը կորստի…

1999թ.

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում