Վահագն Դավթյան. Հայ ժողովրդին

Վահագն Դավթյան. Հայ ժողովրդին

Ես սիրում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ,
Քե՛զ, որ լեռներում այս բարձրիկ ու լուրթ
Ապրել ես դարեր, դարեր մաքառել
ՈՒ քո օջախը միշտ վառ ես պահել:
Քե՛զ, որ կերտող ես դարերում եղել,
Քարեր ես ձևել, ժայռեր ես պեղել,
ՈՒ հաց ես քամել քար ու ավազից
ՈՒ ոսկե գինի, քո ոսկե վազից,
Որ հորինել ես Դավիթ Սասունցին
ՈՒ փոթորկել ես նրա հրաշք ձին…
Քե՛զ, որ գուսան ես դարերում եղել
Սիրո անաղարտ երգն ես հեղեղել
ՈՒ քո դաստակով, քո կոթողներով,
Քո մատյաններով , սիրո տողերով,
Գողթան երգերով, խորունկ վերքերով ,
Ընդվզումներով, հույսերով անշեջ
Անմահ մնացել հազար մահի մեջ:
Ես սիրում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ ,
Քե՛զ, որ լեռներից այս բարձրիկ ու լուրթ
Տեսար հյուսիսի ցոլանքը պայծառ
ՈՒ նրա ազնիվ զինվորը դարձար
Եվ այս մեծ դարի հողմերում վրդով
Քո Շահումյանի լուսավոր սրտով
Կռվեցիր հանուն սուրբ ճշմարտության
Եվ ազատության և եղբայրության…
Ես սիրում եմ քեզ, որ թեև մի բուռ,
Բայց արդարության դիրքերի մեջ բյուր
Փորձության պահին, երբ հարկ է եղել,
Քո ազնիվ սրտի արյունն ես հեղել…
Քե՛զ, որ փոխել ես ջրերը լույսի,
Խոպանը՝ այգու, շոգը՝ ողկույզի,
Որ քո ոստանում, քո Երևանում
Ապառաժ քարից հրաշք ես հանում,
Նոր ձև ես տալիս քո հին մարմարին,
Կյանքիդ գարունը քանդակում քարին
ՈՒ քո վաստակով, քո կոթողներով,
Քո մատյաններով , սիրո տողերով,
Քո նոր լույսերով, քո բերք ու բարով,
Դարեր երազած այս ոսկեդարով
Կանգնել ես հպարտ լեռների մեջ լուրթ,
Ես սիրում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում