Դանիել Վարուժան. Մարագներ

Դանիել Վարուժան. Մարագներ

Կտավը՝ Սիրավյան Հենրիկ Նիկողոսի
Առավոտը Զանգեզուրում (1963)

Առվույտի՛ մարագ, լեցուն բույրերով
Խունկի, հաշիշի.
Երբ դուռըդ բանամ՝ ցուլերը բոլոր
Ճակատով լայնշի
Կը պոչոռեն, խո՛լ, կըտրելով իրենց
Վըզտեքը կաշի:

Ոլոռնի՛ մարագ, լեցուն լեռնաբույր
Հազար ծաղիկով.
Երբ մըսուրներուն խուրձերըդ տանիմ
Կողով առ կողով՝
Կը խընկե ծոցիս, թեզանիքիս մեջ
Համեմդ՝ օրերով:

Հարդերո՛ւ մարագ, երդիքեն նայող
Արևով լեցուն.
Դու՝ որուն կակուղ դեզին վրա պառկած
Կը ցըկնի կատուն,
Դու՝ որ կ՚արծաթես դունչը գառներուս
Օրհնյա՜լ ըլլաս դուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում