Հակոբ Մովսես․ Մի կարկուտի պատմություն

Հակոբ Մովսես․ Մի կարկուտի պատմություն

Այս պատմությունը, ձայնս կորցնել պատաճառով գուցե, երկար ժամանակ չեմ կարողացել ես բարձրաձայնել,
Բայց հիմա արդեն այն հետ է եկել, և պատմությունն այս ճշմարիտ է և համակ վկայված:
Ոչ ոք չի կարող այն թվագրել կամ ժամանակը նրա սահմանել:
Սակայն իմացեք. հասել է պահը, որ դուք էլ կարդաք և այն կավեղեն պնակիտների վրա է գրված:

Ուրեմն այսպես. ես բարձրանում էի դեպի Մարալիկ,
Եվ երբ երգելով բլուրներն անցա, տեսնեմ` դիմացից մի ճերմակամազ մանուկ է գալիս, հիշեցե’ք, ամպի կերպ առած, սակայն,
Վուշե շապիկի կուրծքը լայն բացած, ձեռքին մի պուլիկ,
Կլիներ 1 կամ 2 ժամական…

Ասացի, ճամփան մենակ չեմ անցնի, իմ սայլը լիքն է համեմունքներով, և գնդասեղ է լամբակիս խրված,
Թող նա էլ բույրը շնչի և երգի, թող նա էլ դաղձը իր լեզվին դնի և զմայլանա,
Գուցե թե սրան, ասացի ես ինձ, մայրն է մոռացել ուռիների տակ,
Եվ գուցե ձեռքի պուլիկից մի կում կաթ ինձ էլ հասնի,- ինձ էլ կամենա,
Սակայն կապայի փեշն հետ տանելով` ի՜նչ տեսնեմ հանկարծ. գոտու տակ խրված
Յոթը հատ դաշույն, սակայն ի՞նչ դաշույն, յոթն ատրճանակ,-
Եվ ձեռքի չքնաղ կայծակը քաշած` վրաս գոռաց նա:

Բայց զինված է սա, աղաղակեցի և իմ երփնագույն
Խաչվառը պարզած` ես Լանջիկ գյուղի պատերի ներքո ապաստան գտա,
Մինչև որ այնտեղ ես մի ավանակ ճարեցի ճերմակ և այդժամ թաքուն
Ուղեցույց բռնած աստղը ճառագուն`
Հույսը սրտումս Մարալիկ մտա:

Այնտեղ մնացի, և ես ի՜նչ երգեր հանկարծ հուսացի:
Երեկոն իջավ, ճակատիս շուրջը մի խոհ պտտվեց արբանյակի պես:
Ես հղի մի կին տեսա դռան դեմ, քո’ւյր իմ, ասա՜ ինձ, նրան ասացի,
Ես ինչպե՞ս լինեմ, և դու, ասացի, քո’ւյր իմ, այսքան սուրբ էլ ե՞րբ կլինես:

Մանուկնե՜ր, ահա ես հանգստացա, երբ այս պատմությունն այսպես պատմեցի հայրենի կարգով.
Եվ ահա թող սա ձեզ խրատ լինի, որ ինձ պես հանկարծ
Դուք Լանջիկ գյուղի մոտերքում չընկնեք խաղով և երգով
Ձեր ձայնը կորցնեք, անձայնությունը երկար ժամանակ ձեր բախտը դառնա, և դուք ստիպված ինձ նման դառնաք այսպես վերամբարձ…

Աղբյուր՝ Granish.org

Հետևեք մեզ նաև Telegram-ում