Վահան Տերյան․ Կրկին հնչում է թունավոր լեզուդ

Վահան Տերյան․ Կրկին հնչում է թունավոր լեզուդ

Կրկին հնչում է թունավոր լեզուդ
Եվ քո խոսքերի նիզակները սուր,
Եվ քո համբույրը, որպես քաղցր սուտ.-
Բախտ են խոստանում իզո՛ւր և իզու՛ր…
Իմ մեջ մարել է մի լույս արեգակ,
Մահու գիշերն է մթնել իմ հոգում,-
Մի՞թե դու պիտի վառես նոր փափագ,
Մի՞թե դու պիտի հրդեհես հուզում…

Կանգնել ես որպես անհաղթ հրապույր,
Մոտեցար ահա կարող ու խոնարհ,
Մթնում բորբոքվեց մի արնոտ համբույր,
Մեղքի պես թովիչ , ցավի պես խելառ։

Օձեղեն մարմնով փարվել ես կրծքիս,-
Եվ քո ցանկության ահեղ փոթորկում
Անեծք է թափում անկարող հոգիս
Եվ անհույս ճչում քո թունոտ գրկում…

1908

Հետևեք մեզ նաև Telegram-ում