Աշոտ Ավդալյան. Ծառը

Աշոտ Ավդալյան. Ծառը

Ծառը գեղեցիկ ու սակավախոս,
հիշում է ձայնը իր նախորդների,
հիշում է եղբոր, նաև հոր նման
ու գլուխն այնպես թեթև է պահում,
որ բողբոջները պայթում են հերթով , առանց դադարի:

Ծառը գեղեցիկ ու շնորհապարտ,
մրջյունին այսօր հեքիաթ է պատմել,
թիթեռին հուշել ձայնը երգեցիկ,
մեղվին տվել է բանաստեղծի յամբ,
ճյուղերը այնպես թեթև է պահում,
որ բողբոջները պայթում են հերթով, առանց դադարի:

Ծառը ասողիկ, ծառը` բարետես
նոր խոսք է լսել արևի մասին,
ու կանաչել է, փթթել լույսի մեջ,
և թռչուններին ասում է` տարեք մղձավանջը ձեր`
դարձել եք անտուն.
ինքը դարձել է շարականի ոտք,
իսկ բողբոջները պայթում են հերթով, առանց դադարի:

*
Կնստեմ մի օր ու երկու գիշեր,
առատ անձրևի ձայնով կարբենամ,
կքնեմ փոքրիկ շուշանի նման
ու վարդի նման կարթնանամ նորից,
ու լույս կդառնամ փեշերին ծաղկի,
ու ամպի նման գլխիկոր կանցնեմ,
ու երբ ծառերը մաքրվեն փոշուց,
երբ ջուրը ծաղկուն
իր արծաթները զրնգացնելով գա,
ես կառաջնորդեմ նրան վարդի մոտ,
կասեմ, նա սրտով մոտենում է քեզ
ու չի թաքցնի սեր ու նվիրում,
կասեմ, որ ջուրը այդպես է գալիս,
կասեմ, որ նրա գալստյան համար
թող որ վայելքի խմբերգը երգեն:

*
Շռայլիր ինձ զուգերգի ձայն,
հնչերգի մեջ թափառաող գույն
ու անհաշիվ օրերի մեջ թուլացող երգ,
որ կրկնեմ բառեր զույգ-զույգ,
աներևույթ լինեմ պահը վերծանելիս
ու հնչերգի տողազարդը
հրամցնեմ եկվորներին`
ուշացածին, տեսանողին ու ծնվողին:
Որ եկվորը լինի ծաղկող երանելի,
ուշացողը` զրուցասեր,
տեսանողը`այր իմացյալ,
ու ծնվողը` որմնանկար առավոտի:
Շռայլիր ինձ զուգերգի ձայն,
որ հնչերգի արդուզարդով
մտնեմ դռնից իմացության
ու նորոգվեմ, ինչպես լույսը առավոտի:

*
Անցան օրերը,
դու հիշողության դաշտում մեծացար,
ու ոտաբոբիկ նայեցիր ծաղկանց տոնին գնացող կանանց ետևից:
Եվ մանկություն էր խաղում գարունը,
ու անձրևներով հաճոյախոսում,
իբրև նվիրում անունդ էր տալիս,
որ չմոռացվես քո կյանքի վարձքը մտաբերելիս,
որ դաշտի գոյության ծաղիկը քաղես,
որ հիշյալ օրից մինչև վախճանը
լուռ երկրպագես նրա ձևերին:
Լուռ երկրպագես ու թագավորես,
տաս հրամանի կարմիր ժապավեն,
որ կրեն ծաղկող իրիկունները,
ու ընծայագիր թողնեն գնալիս:

*
Կարմիր ամպերի կարմիր փեշերին,
ուր ձիավոր է մարմինը իմ հոր,
ուր ձեռնոցներ է հագնում կիրակին,
որ արյան մասին ոչինչ չհիշի,
խմբված են տխուր, մերկ ուրվականներ՝
շարքերով, խմբով, գերդաստաններով,
և ում կանչում են, հարցնում են տե՞ր ես
մեր երկրին, հողին ու մենավորին:
Իսկ թե շուրթերդ փակես ու լռես,
չասես բառերը այն նվիրական,
կասեն՝ ապրածդ սուտ է, սխալմունք,
և մահն է սխալ, չկանխորոշված:
Եվ դու չես նայի աչքերին նրանց,
դե, աչքեր չունեն,
չես բռնի ձեռքեր, որ հայցես կյանքդ
թռչող դաշտերից,
փոր-փոշման պիտի վերադարձ փնտրես՝
հոգեդարձության անավարտ մի երգ
ճշտելու համար:
Ի՞նչ ես անելու
կարմիր ամպերի կարմիր փեշերին,
տունդարձիկ ամպեր որտեղի՞ց գտնես:

Հետևեք մեզ նաև Telegram-ում