Սիլվա Կապուտիկյան․ Որոնում

Սիլվա Կապուտիկյան․ Որոնում

Ուզում էի դուրս չգալ այս իրիկուն,
Մնալ մենակ, մնալ իմ մեջ ու ինձ հետ.
Բայց ինքս ինձ նորի՛ց գտա փողոցում,
Նորի՛ց դրսում, նորի՛ց սիրող, նորի՜ց խենթ…
Քե՜զ եմ փնտրում: Թեև չկա՜ս, դու չկա՜ս,
Բայց դո՛ւ ես այս փողոցներով ինձ տանում.
Քեզնո՛վ է լի սիրտս, շուրջս ու ճամփաս,
Քեզնո՛վ է լի ամեն հայացք ու անուն:
Մայթին ընկած սլացիկ շուքը ծառի
Կիսալույսում ինձ քո ստվերն է թվում.
Բարձրահասակ մեկը գալիս է հեռվից՝
Ինձ թվում է, թե այդ դո՜ւ ես երևում:
Իմ ետևից քո ոտնաձայնն է ասես,
Ետ եմ դառնում՝ օտար դեմք է նայում ինձ.
Մեկը խոսեց, թվաց քո ձա՜յնն է անտես,
Թվաց դո՛ւ ես ելնում դեմի անկյունից…
Ու փնտրո՜ւմ եմ, ու փնտրո՜ւմ եմ, ու փնտրո՜ւմ,
Փողոցներով ելնում եմ վեր, իջնում ցած,
Ես խենթորեն խմբերի՜ն եմ խառնվում,
Ես կարոտից խեղդվո՜ւմ եմ խենթացած:
Ո՛ւր էլ լինես, ինչքան լինես դու հեռվում,
Հիմա իմ դեմ կհայտնվե՛ս դու սակայն.
Ում որ այսպես որոնո՜ւմ են աշխարհում,
Նա պիտի գա՛ անպայման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում