Հիմա ով ինչ ցանկանում է՝ կատարում է և դա ներկայացնում որպես ջազ․ Գարի Քյոսայան (տեսանյութ)

Հիմա ով ինչ ցանկանում է՝ կատարում է և դա ներկայացնում որպես ջազ․ Գարի Քյոսայան (տեսանյութ)

Դեռ 1972 -ին Կոմպոզիտորների տանը համերգ եղավ և 16 ջազ-խմբեր մասնակցեցին՝ Ակսել Բակունցի ջազային խումբը, Ալիկ Յոլչյանը, Դավիթ Ազարյանի խումբը, Լևոն Մալխասյանի խումբը: Այդ աֆիշան մինչև հիմա պահում եմ: Ես էլ տրիոյով հանդես եկա: Դա ժամանակներ էին, որ դեռ ապրում էին այն ջազով, որը իրոք դասական, ամերիկյան ջազ էր: Հիմա Ամերիկայում անգամ չկա այդ ջազը, այսինքն` կա, բայց չի պրոպագանդվում: Ամբողջ աշխարհում պրոպագանդվում է մի բան, որը կապ չունի ջազի հետ:

Ջազն ունի իր հատուկ օրենքները, սկզբունքները, և այդ օրենքներից դուրս արդեն ջազ չի, դա ուղղակի ուղղություն է: Իսկ ինչ է լավ ջազը, ջազային երաժշտությունն ընդհանրապես: Ինչպես մտքի թռիչքից ծնված Նարեկացու հանճարեղ Մատյանում , երբ գլխավոր թեման մեկն է, բայց խոսքերը, մտքերը, գույները, պատկերները, մետաֆորները շատ են, և սա նման է ջազային իմպրովիզացիային: Գլխավոր թեման կա ու կա՝ ազատություն: Ազատություն ֆորմայի մեջ, ազատություն չափի մեջ: Ջազը հոգուց ծնված, հոգևոր երաժշտություն է: Ջազն ինքնին իմպրովիզացիա է, որը հիմնված է գխավոր թեմայի վրա: Հիմա ով ինչ ցանկանում է՝ կատարում է և դա ներկայացնում որպես ջազ, որը ջազի հետ ընդհանրապես կապ չունի: Նույն բանն այսօր կատարվում է նաև Երևանում:

«Ա1+»-ի հեռախոսազրույցը ջազմեն, կոմպոզիտոր դաշնակահար Գարի Քյոսայանի հետ:

– Գարի, ինչպե՞ս եք դիմակայում կորոնավիրուսին, ինչպե՞ս եք անցկացնում «պարտադրված» հանգիստը:

– Ճիշտն ասած, շատ արդյունավետ, քանի որ փորձում եմ ժամանակս ավելի ճիշտ օգտագործել: Բավականին գործեր կան, որ կիսատ էին մնացել, հսկայական թվով նոտաներ ունեմ թարմացնելու, ստեղծագործում եմ նաև: Մի խոսքով, ստեղծագործական կյանքով ապրելու ժամանակ է ինձ համար: Նաև ավելի շատ ժամանակ եմ տրամադրում ընտանիքիս:

– Դուք մեծ ծրագրեր ունեիք: Մարտի 14-ին ջազ-երեկո պետք է կայանար: Համերգի աֆիշները կային:

– Այո: Պետք է կայանար, հետաձգվեց մայիսի 21-ին, բայց կարծում եմ, որ մինչև այս ամենը չավարտվի, ոչինչ անել հնարավոր չէ:

– Ապրիլի 30-ը ջազի միջազգային օրն է, նշու՞մ եք :

– Այո, իհարկե: Մի նոր ստեղծագործություն եմ գրել ջազի օրվան նվիրված, կոչվում է «Իմ երազանքի օրը»: Բառերը ևս իմն են: Մի քանի օր առաջ մի փորձնական live արեցինք, գովեստի խոսքերը շատ էին, բայց ես հասկացա, որ սա պրոֆեսիոնալ մոտեցում չէ: Կարծում եմ, երկրորդ անգամ չենք կրկնի: Թերևս, եթե պրոֆեսիոնալ սարքավորումներ լինեն, միկրոֆոնները ճիշտ դրված լինեն և ձայնը ճիշտ հասնի ունկնդրին, այդ դեպքում, իհարկե արդարեցված կլինի:

– Շատերն այն կարծիքն ունեն, որ կարծես թե ամեն ինչ գնում է նրան, որ ապագան «տեղափոխվելու» է online հարթություն: Դուք ի՞նչպես եք կարծում:

– Online հարթակն ունի իր լավ և վատ կողմերը: Լավն այն է, որ ինֆորմացիան շուտ է տեղ հասնում: Սակայն սա մարդկանց թակարդի մեջ գցելու մի ձև է, որ նրանք ամբողջ օրը զբաղվեն ինտերնետով, ինչը մի քիչ վտանգավոր է:

– Ասում են, որ Երևանը ջազային քաղաք է, համամի՞տ եք:

– Այո, մեր ազգը շատ է սիրում ջազ: Ասեմ որ, ջազը ոգևորող արվեստ է, մտավոր զարգացումը ճկունացնող, իմպրովիզացնող արվեստ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում