Գագիկ Դավթյան․ Եվ ուրիշ ոչինչ

Գագիկ Դավթյան․ Եվ ուրիշ ոչինչ

Երբ մթությունը կեսգիշերային
քաղաքի վրա վերմակն իր փռի,
և ժխորի մեջ հավիտենական
երբ ձայներն ամեն համրանան լրիվ,

երբ մարի նաև լույսը սենյակիդ,
ու երբ երկինքը ծաղկի վերստին,
և քո կիսախուփ աչքերի խորքում
թախծության թավշե մշուշը նստի,

հիշիր,
սիրելիս,
դու ծովը հիշիր,
հիշիր խռովյալ հայելին նրա,
ալյակների մեջ շաղված ժպիտիդ
շիկնանքդ,
ասես,
ծաղիկ էր նռան…

Հիշիր,
սիրելիս,
այն օրը հիշիր,
երբ աշխարհն արար կապույտն էր տիրել,
և ինչի՞ց էր, որ քո աչքերի մեջ
բազմապատկել էր կապույտն ինքն իրեն…

Եվ հիշիր գիշերն այն երանելի
և լիալուսնի հեղեղը ոսկե,
ախ, գիշերվա մեջ սարսուռներ կային,
շշուկներ մեղսոտ
ու մարող խոսքեր,

ու նաև երկու թռչուններ կային,
կտուց – կտուցի մի էգ, մի արու,
ու կար մի ճախրանք հրեշտակային,
առասպելական ճախրանք մի թեթև,
ու կար մի երազ յոթ սարի ետև,
և ուրիշ ոչինչ չկար աշխարհում,
և ուրիշ ոչինչ չկար աշխարհում…

Իմ մենավորս, իմ որբս, հիշիր,
գիշերն այն իրեն էլ չի կրկնի,
թախծի թռչունն է թառել կոպերիս,
քունս չի տանում,
սիրելիս… քնիր…

Աղբյուր՝ Granish.org

Հետևեք մեզ նաև Telegram-ում