Գագիկ Դավթյան․ Թող ինձ

Գագիկ Դավթյան․ Թող ինձ

Մեր երազների գունավոր ու սին
ստվերներն անխոս
ծանրորեն սողում
ու ծվարում են մեզանից լքված
մեր խեղճ սենյակի
խեղճ անկյուններում…

Եվ լուսաբացի անգույն մատները
հուշիկ հպվում են երկրի երեսին
ու թրթռում են դրանից,
կարծես,
վարագույրները
մեզանից լքված մեր խեղճ սենյակի…

Ես քո ձեռքերին ջութակ եմ դարձել,
– թող ինձ,
թող ինձ,
թող…

Վերցրու ինչ կուզես,
քաղցր հուշերի դառնությունն ինձ թող…

Խավարի թեթև շղարշները լուռ
բարձրանում դանդաղ
ու նույնքան դանդաղ վերականգնում են
իրերի բոլոր նախաստեղծ ձևերն ու երանգները:

Եվ քիչ առաջ կույր հայելիները
ետ են ստանում
ընդունակությունն իրենց՝ ամեն ինչ
արտացոլելու…

Ես խուսափում եմ մինչև իսկ ինձնից,
– թող ինձ,
թող ինձ,
թող…

Վերցրու ինչ կուզես,
դառը հուշերի քաղցությունն ինձ թող,
մնացյալը՝ քեզ…

Աղբյուր՝ Yerevanyanesquiz.org

Հետևեք մեզ նաև Telegram-ում