Ռազմիկ Դավոյան․ Եվ տառապում են բոլորն անխտիր

Ռազմիկ Դավոյան․ Եվ տառապում են բոլորն անխտիր

Եթե չհաշվենք
մեր երջանկության
պահերը չնչին,
ապա ամեն օր
մի տառապանք կա
նստած մեր շնչին:

Եվ տառապում են
բոլորն անխտիր՝
գույն-գույն ցավերով,
ախտերով ընտիր.

Մեկն՝ իր ահռելի ուժի պատճառով,
մեկն՝ անմխիթար հուշի պատճառով,
մեկը՝ իր կճատ քթի պատճառով,
մեկելն՝ անիմաստ ստի պատճառով,
մեկն՝ իր գետնաքարշ բոյի պատճառով,
մեկելը՝ չարի գոյի պատճառով,
մեկն՝ իր քաչալի, կամ իր կույր աչքի,
մեկելն՝ իր ներսում արթնացող քաջքի.
մեկն՝ անմերձելի իր գեղեցկության,
մեկն՝ անմերձելի տգեղ անձկության.
մեկը՝ որ, ավաղ, հայրենիք չունի,
ոչ էլ փոխարեն՝ մի սիրտ գնչուհի.
մեկն էլ՝ որ ունի հայրենիք ու տուն,
սիրտը հայրենյաց ցավն է հոշոտում.
մեկը՝ անքանակ փողի պատճառով,
մեկելը՝ կորցրած հողի պատճառով,
մեկն՝ իր ոգեղեն, բիլ երազանքի,
մեկելն՝ իր դատարկ հոգու եւ գանգի.
մեկն՝ իր դատարկ հոգու եւ գանգի,
մեկն՝ իր անհագուրդ փառասիրության,
մեկելը՝ բնավ չփնտրած փառքի…

Ամե՜նն-ամենքը,
բոլորն անխտիր,
խուլ տառապում են
ցավերով ընտիր.
բոլորն են ապրում
իրարու օտար,
օտար, իրարու
ցավին ակնդիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում