Սիպիլ․ Հուշեր

Սիպիլ․ Հուշեր

Հեռո՜ւն, հեռո՜ւն, լուրթ մշուշին ծալքին տակ,
Թըրթըռացող աղոտ լույսին պես անուշ,
Նայվածքներ կան մերթ արցունքոտ, մերթ հըստակ,
Որ կը հուզեն կյանքիս իղձերն իմ անհուշ:

Պուրակին թոշ ըստվերներուն տակ մըթին,
Ուր զեփյուռներ ծաղիկներուն կ՚այցելեն,
Ուր բուրմանց թարմ ծիածաններ կը փըթթին,
Միշտ կը գտնե հոգիս հուշիկ մ՚անցյալեն:

Լայն հոսանք մը՝ որ ծոպերով լուսաձիր
Կը կոծկոծի սորսորելեվ սարե սար,
Հուզմունք մ՚ունի, տենդ մը վազքին մեջ անծիր,
Ուր կը հիշեմ մըտքի ծըփանքս իմ հազար:

Ժապավենի գույն մը կարմիր կամ դեղին
Կապված աղվոր, փափուկ վըզի մը ճերմակ,
Բոց մը կուտա հոգվույս մարած կանթեղին,
Ուր երազիս թույրերն հալած են հիմակ:

Իրիկվան դեմ պայծառ օդին մեջ ծավի,
Զըվարթ սույլեր կը սըլվըլա ինձ իզո՜ւր.
Տըխուր վանկ մը, հևք մը, հըծծյուն մը ցավի
Լոկ սըրտիս մեջ իր արձագանգն ունի սուր:

Առտըվան մոտ խավարներու մեջ ոսին,
Կամ ձորի մը հոծ թուփերուն մեջ թառած,

Ցայտ մը ցողի, շաղի կաթիլ մը, ա՛հ, սին
Ինծիր համար արցունքի շիթ մ՚է սառած:

Գիշերվան լուռ ժամերուն մեջ թախծալից՝
Ագռավներու ձայներն հովեն երբ կ՚ուռին
Դողդըղալով, միշտ մըտածել կուտան ինձ
Հիվանդի մը, իր հուսկ ահեղ սարսուռին:

Ծովն ու երկինք և տեսիլներ անհամար,
Կյանքն՝ ուր մարդիկ տենդով կուլան կը խընդած,
Հիշատակներ են հոգեցունց ինձ համար,
Ուր կ՚ապրի սիրտս անուրջներով անկենդան:

1893

Հետևեք մեզ նաև Telegram-ում