Աշոտ Ավդալյան. Ես ցանկանում էի քեզ այնպես սիրել…

Աշոտ Ավդալյան. Ես ցանկանում էի քեզ այնպես սիրել…

Ես ցանկանում էի քեզ այնպես սիրել,
ինչպես աչքերն են սովորում մթին:
Ու երբ խավարն էր թավալվում գետնին,
հողի շուրթերին համբույրն էր դիզվում,
գիշերահավի պես ճամփորդում էի՝
ողջ շշուկները թևերիս առած:

Ես անծանոթ էի քո խորհուրդներին,
ու գաղտնիքներն իմ շշուկներն էին թույլ.
և դու լռության փորձ էիր անում,
որպեսզի խոսեի ճմարտության հետ:

ցանկանում էի մի վերջին անգամ
հրավիրել քեզ ապրելու համար:
Ու հիմա, հիմա, երբ սրտիս նման
փակվում եմ անօգ իմ մարմնի մեջ,
փորձում եմ, որ դու
իմ մեջ տեղ գտնես,
բայց պատում է ինձ անմեկնելի վախ,
որ դու կթրջվես անձրևի տակ:

Երբ տառապանքից մարմինս հոգնում
ու երազներին հրաժեշտ տալով
հրաշքներին է դարձնում տիրակալ,
սիրտս են թափվում ջրերն աշխարհի,
բայց իմ կոկորդը մնում է միշտ չոր:

2.
Արցունքների պես երեկոն իջնում,
ու բաժանվում է երկու աչքիս մեջ,
ահա կանգնած եմ ես այնտեղ, այնտեղ,
ուր հոգին ինքն է ծննդաբերում:

Ես ցանկանում էի քեզ այնպես սիրել,
ինչպես աչքերն են սովորում մթին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում