Լևոն Սարգսյան. Քեզ սիրելու համար ես քիչ էի

Լևոն Սարգսյան. Քեզ սիրելու համար ես քիչ էի

Քո սենյակում,
Որտեղ երբեք չեմ եղել
Ու չեմ լինի,
Ամռան գիշերվա
Անթափանց մութի մեջ
Մարմինդ
Լույս է տալիս։
Այդ
Լույսի տակ եմ գրում
Երգերս։

***
Սեր իմ,
Դալար ու շնկշնկան
Եղեգն է
Մարմինդ:
Բայց
Առանց իմ շնչի
Չի նվագի:

***
Եվ քառասուն օր
Անհուսության պաղ երկինքներից
Անձրև տեղաց,
Եվ քառասուն օր
Հույսը
Ջրահեղձ էր,
Սերը՝
Անտապան:
Եվ աղավնի չկար:
«Գոնե ագռա՜վ թևեր»:
Եվ քառասուն օր
Ես քեզ չտեսա:

***
Երեկ
Քեզ մոտ գալիս
Ճամփեզրից
Շուշաններ քաղեցի –
Տանեմ
Ջրաշուշանի՜ս:
Բայց դու
Այնպես
Անմատչելի էիր:
Թրաշուշանս:

***
Քեզ սիրելու համար
Աչքերը քիչ էին,
Քեզ սիրելու համար
Ձեռքերը քիչ էին,
Քեզ սիրելու համար
Բառերը քիչ էին,
Եվ աղոթքներն էին քիչ
Քեզ սիրելու համար:
Քեզ սիրելու համար
Ես քիչ էի:

***
Դեռ կգտնեմ
Բառը՝
Քեզ մոտ բերող,
Բառը,
Որ նրբանկատ կլինի
Այնքան,
Որ կանհետանա
Կամ կդառնա շշուկ –
Երբ հանդիպենք:

***
Ափերս՝
Թափուր
Բներ
Տատրակի։
Սեր իմ,
Նորոգիր
Ամեն օր։
Ամեն։

***
Կյանքս
Անվերջ ու անվերծան
Սևագիր էր:
Սերը եկել,
Թաշկինակը ցավի
Կապել է ճակատին,
Երազի վառ զգեստ հագած՝
Մաքրագրում է կյանքս
Ահա:
Սեր իմ,
Սեր իմ,
Ի՜նչ ցավոտ է
Մաքրագիրդ:

***
Հոգու, սրտի
Ողջ շռայլությամբ,
Հորդաբուխ ու անզուսպ
Ես հեղեղեցի քեզ
Սիրով:
Ես
Քե՛զ հեղեղեցի
Սիրով,
Ուրեմն ինչու՞ է
Հեղեղն ինձ
Քշում տանում,
Սեր իմ:

***
Երբ դու գնացիր,
Ես ինձ փնտրեցի
Տառապանքի մեջ՝
Անզուսպ ոռնալիս,
Ցավի մեջ՝
Դարձդ
Ճիչով տենչացող,
Եվ փողոցներում
Ես ինձ փնտրեցի,
Որոնցով մի օր
Շողացել ես դու:
Ես ինձ փնտրեցի
Ամենուր, սեր իմ,
Սակայն գտա ինձ
Իմ մի հեռավոր
Ու խուլ անկյունում –
Հույսի մեջ
Սսկված:

***
Սիրտ բառում
Սեր բառը
Շողում է,
Իմ սրտում
Շողում ես
Դու:
Անունիդ մեջ
Նուռ բառը
Շողում է՝
Հազար սիրտ
Իր մեջ
Պահած:
Եվ
Ոչ մեկում
Ես չկամ:

***
Ուզում եմ
Օրս
Հագցնել քեզ
Իբրև հարսնաշոր
Եվ
Ժամերով
Զարդարել
Պարանոցդ:
Օրս
Այնպես
Սազում է քեզ:

***
Հայր,
Քո երակներով
Ինձ հասած
Արյունը վառ է
Եվ վարար –
Չի թողնում՝
Ապրեմ հանգիստ:
Նրա
Բջիջները կիսում է
Ոչ թե
Կենսաբանությունը,
Այլ
Սերը՝
Մարմինս դարձնելով
Տառապանքի անոթ:
Ինչպե՞ս խաղաղեցնեմ
Արյունս,
Հայր:
Որ
Երկնքում ես:

***
Քո սենյակի
Պատուհանները
Աղավնիներ են
Ճերմակ,
Որ,
Սիրո թռիչքի ելած,
Անվերջ գալիս են
Դեպի ինձ,
Բայց միշտ անցնում են
Գլխիս վրայով,
Սրտիս վրայով,
Ցավիս վրայով,
Ու գնում են հեռու:

***
Նայեցի երկինք –
Այնտեղով
Հեռանում էր
Սերս:
Եվ աղերսի
Ոչ մի կանչ,
Եվ հուսահատության
Ոչ մի ճիչ
Նրան
Ցած չբերեց:
Սերս
Հեռանում էր
Տաք երկրներ:

***
Աստծուց խնդրեցի
Սեր,
Եվ Նա տվեց
Քեզ:
Աստծուց խնդրեցի
Տառապանք,
Եվ Նա ասաց.
– Արդեն ունես:

***
Քո սենյակում`
Պատուհանից ձախ,
Ամեն օգոստոս
Մի ծաղիկ է
Ծաղկում –
Դու։
Ո~նց է թպրտում
Պատուհանի
Սիրտը,
Երբ տոթ գիշերներին
Ծաղիկը
Բացվում է
Լրիվ:

***
Ճակատագրի
Չկամությունից փրկված՝
Դու եկար,
Վերջապես եկար.
Հապաղեցիր մի պահ
Սրտիս
Դռների առջև
Եվ ներս մտար։
Եվ դուռը փակեցիր
Տառապանքի կողմից։

***
Խելահեղ վճռականությամբ
Դու
Երակներիցդ քամել
Երազները,
Սիրտդ մաքրել ես
Հույսերից, կարոտներից, ցավից,-
Սիրուց։
Եվ սիրտդ
Տրոփում է խաղաղ։
Բայց այլևս
Չի զարկում։

***
Զուր
Հուսացի –
Սերը երբեք
Ափ չի հանի:
Նա
Ափ չունի:

***
Օտար
Պատուհանների ետևում
Իմ սիրելին է:
Ամեն անգամ
Սիրտս
Թռչում է
Դեպի նա,
Զարկվում ապակիներին
Ու
Ընկնում թեւաբեկ՝
Ճակատագրի
Ոտքերի առջեւ:
Ի՜նչ ճակատագրական են
Ապակիները:

***
Մոլոր,
Մոլորուն,
Մոլորված
Թռչուն է
Սիրտս,
Ուզում է
Ծվարել
Երազիդ մեջ:
Բայց դու
Այնպես
Խորն ես քնած:

***
Քեզ լուր բերած
Բառը
Վերադարձավ,
Ղունղունաց ուսիս,
Հիմա
Հանգստանում է
Շուրթերիս վրա:
Ո՜նց է խփում սիրտը:
Մի ափ քնքշանք,
Մի բուռ գորով
Դնեմ առաջը՝
Կերակրեմ:
Դեռ այնքան թռիչքներ ունի
Դեպի քեզ:

***
Երբ բոլոր
Բառերը ճաքճքեցին,
Եվ պայթեցին
Բոլոր իմաստները,-
Գույները հոսում էին
Դեպի քեզ,
Սանձարձակ՝
Հոսում էին դեպի քեզ
Եվ կերտում մարմինդ՝
Գունե:
Ի՜նչ թանձր էր մարմինդ:
Եվ տաք:

***
Ունկերս
Ձայնիդ
Զարկերակին են –
Չե՜մ լսում սիրուդ
Տրոփն ընդհատուն:
Ախ, ո՞նց ես
Այդպես
Ռիթմիկ, պաղ ապրում:

***
Երբ ժամանակը
Ետ հոսի դարձյալ,
Եվ
Տիեզերքը
Խտանա նյութում,
Աստված
Իր սիրտը կդնի
Այնտեղ,
Որ նյութը նորից
Պայթեցնի
Ներսից:

ՀՈՐՍ

Սիրուդ մեջ,
Որ այդպես էլ բառեր չունեցավ,
Ես ինձ զգում էի
Զարմանալի մանուկ
Ու բարուրված լույսով:
Ես քո սիրո հետ մեծանում էի,
Որ ամեն օր
Իմ մեջ
Հայտնաբերեմ քեզ:
Հիշում եմ
Հեռուներ մեկնելուց առաջ
Մեր հրաժեշտը՝
Ծանր
Որպես զսպված արցունք:
Իսկ մի օր
Մահվան աչքերին անհույս նայելիս
Հանկարծ հասկացա,
Որ դու
Սիրո բոլոր բառերը պահել էիր
Իմ կողքին
Համր
Լաց լինելու:

***
Համբույրով
Կնքել ես
Հավատարմությունս,
Սիրով՝
Վավերացրել
Եզակիությունդ։
Եվ
Բոլոր կանայք
Վաղուց
Անվավեր են։

***
Հեռուներում,
Որտեղ դու ես,
Իմ անունը
Կարոտով պսակված չէ:
Նա լոկ մի տուն ունի`
Շուրթերդ,
Որի բոլոր
Անկյուններից
Սառնություն է փչում:
Դու
Անունս այնքան
Պատահմամբ ես
Վերցրել հետդ,
Որ մի օր`
Վերադառնալիս,
Հաստատ կմոռանաս
Մի տեղ`
Քո հեռուներում:
Եվ ես կդառնամ
Հեռվից տուն չեկած
Անտերունչ բառ:

***
Իմ շքեղ,
Մարգարտե խոստովանանքը
Կախիր բոլոր աղջիկների
Պարանոցից –
Ո՜նց կսազի:
Բայց լոկ մեկի
Պարանոցին
Խոստովանանքս
Կփայլփլի այնպես,
Որ մարգարիտները
Հավքեր կդառնան
Եվ կտանեն նրան
Երկինք:

***
Մի օր,
Երբ ճանապարհին՝
Բանաստեղծություն հորինելիս,
Քեզ կհամակի սերը՝
Խելահե՜ղ,
Ամենակու՜լ,
Անդիմադրելի՜,-
Չընդդիմանաս.
Ընդունիր նրան
Պատշաճ երախտագիտությամբ,
Որովհետեւ
Նրա հայտնությամբ
Հանկարծ ու մեկեն
Պարզ կդառնա,
Թե ուր էիր գնում ճանապարհով:
Իսկ բանաստեղծությունն
Այլեւս չի լինի
Հորինված:

***
Ես
Մեռնում էի
Քեզ համար,
Եվ դու չզգացիր:
Ահ, ի՜նչ
Անտեղի էր
Լուր տալը:

***
Ուզում եմ
Օրս
Հագցնել քեզ
Իբրև հարսնաշոր
Եվ
Ժամերով
Զարդարել
Պարանոցդ:
Օրս
Այնպես
Սազում է քեզ:

***
Սեր իմ,
Մինչև հիմա էլ
Չեմ հավատում,
Թե ինչպես
Անհայտությունից եկար
Ու
Սկսեցիր գրել
Երգերս:

Աղբյուրը՝ Granish.org

Հետևեք մեզ նաև Telegram-ում