Աշոտ Ավդալյան. Անդարձություն

Աշոտ Ավդալյան. Անդարձություն

Թմրած պատերը դեմքս թաքցրին ջրափոսի մեջ,
շուտափույթ եղավ հրաժեշտն ագահ,
դեմքս լցվել էր թաքուն ստվերով.
ինձ երկիր բերեց ժրաջան մի կին:
Շրջապատված եմ դատարկ գրքերով,
որ կյանքի առաջ ստրկամիտ են,
ու բաց աչքերով տեսնում են լույսի
վթարված լեզուն:

Աչքերը՝ իբրև հավիտենական խոռոչներ երկու
ընդարմացել են,
ինչպես մարմինը կեսօրվա տոթին,
ոչինչ չեն հիշում անցնող-դարձողի
բառապաշարից:

Արդյոք ինձ համար կորուստ չէ՞ լինել ձեր
բնակիչը,
ձեր խոնարհ ծառան,
զրուցակիցը,
ես ինձ թաղել եմ երկու ոտքերով պարապ
օդի մեջ,
և սառնություն է իջել ոտքերիս,
մի քիչ էլ գինու բարեկիրթ ոգին:

Մնացեք բարով.
ես հեռանում եմ, որ մտաբերեմ կարպետի
գույնը,
որը նման էր հորս աչքերին,
որոնք չեմ հիշում,
թեև անցել է քսանհինգ տարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում