Սեյրան Մալխասյան․ Լռություն

Սեյրան Մալխասյան․ Լռություն

Ամենազոր է միտքը մարդկային,
Բայց խորախորունկ մտքերը նրա
Ծնվում են միայն լռության պահին,
Երբ ճնշում չկա մտքերի վրա:

Մարդու ուղեղը գործում է լռին,
Սիրտը` բաբախում համր ու անձայն,
Անխոս է մարդը տրվում խոհերին
Եվ քնքշությունն է հորդում համրաձայն…

Որպեսզի խոհը չկորչի անհետք,
Այն պետք է պահել մտքի բևեռում,
Իսկ խորունկ մտքին լռություն է պետք,
Կենտրոնացում ու մտասևեռում:

Լռությունն ունի բազմազան հարցեր,
Եվ դրսեվորման բյուրավոր երանգ,
Կարող է անթիվ գաղտնիքներ բացել,
Լինել և’ պայքար, և’ լուռ համբերանք:
Լռության մեջ կա մի ամբողջ աշխարհ,
Լուռ ունկնդրումը մեծագույն ձիրք է,
Ամեն լռություն ունի իր ճամփան,
Իր պատմությունն ու իր ասելիքը:

Այն և’ կարծիք է, և’ հանդիմանանք,
Խոհերի հորձանք և հույզի հեղեղ,
Կարող է լինել և’ պատիժ, և’ կյանք,
Լինել մեղսավոր, լինել մեղսավեր,
Մեկ-մեկ համբերող ու մերթ բարձիթող,
Տիրություն անող և թողնող անտեր,
Բայց ամեն անգամ, ամեն առիթով,
Լռությունն, անշուշտ, ունի ինչ-որ դեր:

Կա լռություն, որ կարող է հարթել
Կրքի անհամբեր ըմբոստացումը,
Եվ կա, որ կարծես ական է պայթել
Ու զոհերով է լցրել ողջ տունը:
Լռություն, որ սուրբ խորհրդին գերի,
Հաճախ դիմավոր ու հաճախ անդեմ,
Փոխում է հունը հին երազների,
Կարող է հույս տալ և հույսեր բանտել:

Լռությունն անհայտ հին կտավի պես,
Ունի թաքնված անթիվ նրբերանգ,
Երգ է բազմաձայն ու բազմանվագ,
Զգացմունքների ակնակուռ հանդես,
Իմաստություն է, հոգու արձագանք
Եվ մեղմ ժպիտ է վաղորդյան ցողի,
Կամ խրախուսող ոճիր ու հանցանք,
Երբ լռություն է պատիժ տվողի:

Լռությունն ունի տարաբնույթ հենք,
Ու դրսեվորման բյուրավոր ձևեր,
Այն և սաղմոս է, և հոգեցունց երգ,
Եվ ապաշխարանք հոգու կարևեր…
Բազմալեզու է լռության երգը,
Հին Բաբելոնի աշտարակի պես,
Այժմ ունկնդրենք նրանց համերգը,
Մտնենք լռության դիմակահանդես…

Հետևեք մեզ նաև Telegram-ում