Աշոտ Ավդալյան. Իսկ դու

Աշոտ Ավդալյան. Իսկ դու

Իսկ դու
մանկության բաց պատուհանից նայեցիր երկինք,
ուր չկար վիշտը մեր ամենօրյա,
չկար մարմնի առանձնության մեջ լողացող
հոգին,
և լույսը չկար:

Ու քեզ գգվում էր անծանոթ մի ձեռք,
որ մարգարիտներ ուներ մատներին,
և ուներ լույսը մանկության ձեռքում պահող
հրեշտակ:

Դու ապրում էիր ներդաշնակ ու սուրբ,
պատկերն ունեիր քո նախնիների,
երբ թեքվում էիր խոտերի վրա,
(կամ լեռան նման
միշտ անմնացորդ տրված խավարին)
քեզ վերադարձ էր գուշակում քամին,
քեզ տուն էր բերում անձրևի նման:

Իսկ դու մանկության բաց պատուհանից
նայելով երկինք
առանց կրքերի ու իմացության,
(սուրբ անմնացորդ տրված խավարին)
հպվում էիր նրան,
ուր չկար մարմնիդ առանձնության մեջ
լողացող հոգին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում