Սեյրան Մալխասյան. Թե չես եղել Հայաստանում

Սեյրան Մալխասյան. Թե չես եղել Հայաստանում

Թե չես եղել Հայաստանում,
Հային թե չես հյուրընկալվել`
Ի՞նչ իմանաս քարե դարում
Հողն ինչպես է երկիր դառել…
Ի՞նչ իմանաս ի՞նչ են Եղեռն,
Կոտորածներ ու ավերում,
Ի՞նչ են բերում սրերը կեռ,
Երկրաշարժներն ի՞նչ են բերում:

Թե չես եղել Հայաստանում,
Ի՞նչ իմանաս ի՞նչ է մարդը,
Քեզ ո՞վ կասի ու՞ր է տանում
Պանդխտության որոգայթը:
Քեզ ո՞վ կասի, թե քրտինքով
Քարից ինչպես գինի քամել,
Ի՞նչ է պատմում երկինքը մով,
Նոյի զարմերն ու՞ր են հառնել:

Թե չես եղել Հայաստանում,
Հայոց հոգին ո՞նց կընկալես.
Լույս կա այստեղ ամեն քարում
Եվ խնդություն ամենատես:
Հայաստանում ջուրն էլ այլ է
Եվ ուրիշ են հողն ու քարը,
Հենց այստեղ են ծնունդ առել
Նոյի որդոց բառն ու բարը:

Ի՞նչ իմանաս ի՞նչ է լեզուն,
Որի սերմը Նոյն է գցել,
Մարդն Աստծո հետ ո՞նց է խոսում,
Ո՞նց է խոսքը վերքեր բուժել…
Թե չես եղել Հայաստանում,
Քեզ ծանոթ չէ հոգու երգը,
Որից լույս է մարդն ստանում,
Սպիացնում սրտի վերքը…

Չես իմանա մարդն ինչպես է
Ընդդիմանում տառապանքին,
Ո՞նց կարող ես հոգիդ կիզել
Ու նվիրվել Տիրոջ փառքին:
Քեզ ո՞վ կասի, թե երկնքից
Թարթող աստղերն ի՞նչ են ասում,
Ի՞նչ հրաշք է երկինքը ջինջ,
Երազանքներն ու՞ր են հասնում:

Թե չես եղել Հայաստանում,
Ի՞նչ իմանաս ի՞նչ է համը,
Հայոց հողն է լոկ խոստանում
Համեղ խաղողն ու ծիրանը:
Հայաստանյան արևը բարկ
Համ ու հոտ է տալիս մրգին,
Խաղողի մեջ դնում կրակ
Ու ծիրանում` բույրը անգին:

Այս հին հողում ամեն քայլի
Մի հին վանքի կհանդիպես,
Ուր պատգամ կա Վերին Կամքի,
Քրիստոնե հոգուն ի տես:
Թե դրախտի տեղն ես ուզում
Գտնել երկիր հսկա տանը`
Ուրեմն դու դեռ չես լսել,
Թե որտեղ է Հայաստանը:

Բաճկոն հագիր, ցուպ վերցրու,
Հին հոգսերդ թող քո տանը.
Երազներիդ նոր շունչ կտա
Երազ երկիր Հայաստանը:

20.10.2003

Հետևեք մեզ նաև Telegram-ում