Ավագ Եփրեմյան. Ըմբռնել ժամանակի հոսքը

Ավագ Եփրեմյան. Ըմբռնել ժամանակի հոսքը

* * *

Ըմբռնել ժամանակի հոսքը.
սեր ու ողբերգություն, ծաղիկ ու երկաթ,
մահվան մասին մտածված խոսքը,
որ տեւում է ավելի երկար,
քան կյանքն ինքը, քան Բոսխը
եւ իր դժոխքը – յուղաներկած։
Ապրել տարածությունը լիով հերկած
ու սպառվող, ու սպառել ունեցածդ՝
ինքդ՝ քեզ, որ այնու շշնջում է – վեր կաց
եւ գնա այստեղերից, ուր հորդած լացդ
համարեցին երազողի արկած,
ասենք, ինչպես՝ գինին, ինչպես՝ հացը։
Առաջվա նման – երկինքը բաց է,
թե ամպամած է՝ անկիրք էմալ –
վայրկյանի բոցը հավերժի այց է,
նույնն են բառերը, նույնն է թեման։
Մարդիկ, մարդիկ են մնացածը.
մնացածի վրա ահով գրված է մահ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում