Նաիրա Համբարձումյան. «Խնջույք Աստվածային» շարքից

Նաիրա Համբարձումյան. «Խնջույք Աստվածային» շարքից

Ժելատինե կյանքը
Եվ մահացող ձեռքը հիվանդ դարի,
Դարը՝ հաջողված դոնոր
Բոլոր թմրամոլների, պոռնիկների,
Արվամոլների, աղանդավորների,
Բոլոր «խաղացողների» համար,
Նրանք խաղում են նույն ԹԻՄՈՒՄ:

Դարը՝ ինֆորմացիոն կանաչ
առվույտի դաշտ,
Նրա արյան մեջ
Ամեն օր խտանում է
Պրոտրոմբինը,
Երբեմն-երբեմն
Ստեղծում է կաթվածի նոպաներ,
Եվ անհայտ է ՏՈՒՆԸ,
Ուր կարելի է թաքնվել:

Ձյունը արյամբ է բուրում
Իննսունչորս գարուն
Եվ փախուստի ճամփա՞
Ո՞վ, Որտե՞ղ, Ե՞րբ…

Ժամանակի սառցե կոնքերը
Ժելատինե խաբկանքների
Մուրճերով են տաշվում:
Եվ մահացող ձեռքը հիվանդ դարի
Պարտության ճերմակ դրոշն է պարզում
Առվույտի դաշտում:

Մի քիչ էլ՝
Եվ կայսերական դարի
Նուրբ քիմքից
Կպոկվի
Դեղին խիղճը մարդկության,
Ցեղասպանության դատապարտումը
Կդառնա հարյուր տարեկան,
Միակ երկարակյացը
Եվ անօգնականը միակ:
Մինչդեռ
Մերոնք կեգլախաղ են խաղում,
Եվ որպես ձկան մորթը թեփուկավոր՝
Խտանում է ամեն օր
Արյունը մեր կյանքի:

Հե՜յ, կառապա՛ն, կանգ առ մի տեղ,
Ես ուզում եմ տաքացնել
Ցրտահարված իմ ձեռքերը,
Ես ուզում եմ տաքացնել
Ցրտահարված իմ ոտքերը,
Ես…
Հոգիս…
Հե՜յ, կառապա՛ն…
Եվ խռպոտած հաչում է
Ձմեռվա այս իրիկունը
Մե՛րթ կրակից կարմրելով,
Մե՛րթ շիկնելով ցրտից:
Բա՛րև, Երևա՛ն,
Ես հարգում եմ ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆԸ քո,
Եվ ցրտերը դատարանների,
Եվ դեղատների էժանագին դեղորայքը՝
Էկզոտիկ համերով,
Եվ թանկացումները կյանքի,
Արճճե աստվածների բորսայում,
Եվ ժպիտները հոլիվուդյան,
Որոնց լաբիրինթոսում
Որոնում ենք մեր ինքնության պես
նահանջած
Մեր բառերը:
Քաղա՛ք իմ,
Խիտ ու մազածածկ հոնքերից քո
Կախվել են
Կարկատանված ամոթույքները կույսերի
Եվ զգացմունքների խառնաշփոթում
Նահապետացել է
Ատելությունը:

Քաղա՛ք իմ,
Խնկագույն աչքերով իմ երազ,
Անկյունադարձերը փողոցների
Մրսում են նավթավառի թույլ բոցից,
Եվ ուրվականները դպրոցների
Ոչինչ չեն խոստանում՝
Մառախուղի երանատեսիլ քայքայումից
ծպտված
Կրթության անորակ ժապավենից բացի:

Ամեն ինչից սառնամանիքի հոտ է գալիս,
Եվ գեղեցկուհի ձմեռը
Իր սառցե եղունգներն է խրում
Ճերմակ կողերը
Ապագայի մանրակծծի ՆԿՈՒՆՔԻ:

Մառախուղը թափվում է կաթիլացած,
Մերթ ձկնակերպ ցավ է դառնում
Կորած բառի,
Ու մերթ՝
Խնձոր որպես՝
Տրվում կրկին քմայքներին Եվայի…

Եվ նորից՝
Անկյունադարձերում փողոցների
Բարձրացվում է ճերմակ դրոշը դարի,
Եվ ժելատինե կյանքը իմ
Մահամերձի երկինքոտ աչքերով
Շնչում է մի կերպ՝
Աչքը՝
Օդի հեղուկ տարաների
Նեղլիկ շերտին:

Հե՜յ, ժամանա՛կ,
Ո՞ւմ ես նորից մորթելու
Սքեմացած էությամբ քո,
Մաշկաթևի մառախլամուտ մավիճի պես՝
Ստահոդ ճակատդ պահած համբույրի:
Եվ ցրվում է ծիծաղը դարի՝
Խելագարի կարմրամաղձ հայացք որպես,
Որպես տերունական ճերմակ աղոթք՝
Ստվերներն են քայլում մարդկանց՝
Երկա՜ր-երկա՜ր…

Եվ ոչ մեկի գրչակիցը չեմ ես,
Ժամանակը նույն
Ե՛վ միացնում է,
Ե՛վ զատում է մեզ…
Իշխանավոր դարի քնատ գրչածայրից
Փախչում են, փախչում են բառերս:

Աղբյուր՝ Grakantert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում