Ռազմիկ Դավոյան. Պղնձե Վարդ

Ռազմիկ Դավոյան. Պղնձե Վարդ

Վերջին դղրդոցից առաջ.-
դա կարող է լինել, ասենք թե, անկումը
մի երկնային մարմնի,
որը թափառել է տիեզերքի բոլոր անկյուններում
եւ կրակ է կտրել
մեզ փնտրելու տենդից.-
կամ կարող է լինել
սրտի անկումն, ասենք, մարմընի մեջ.-
կամ միջուկի պայթյուն,
որի բեկորները չենք հասցընի տեսնել,
ինչպես չենք հասցընում՝
տեսնել ամենալավ օրերը մեր կյանքի՝
այնքան որ արագ է կյանքը հարվածում մեզ…

Վերջին դղրդոցից առաջ.-

եւ որ դա թող լինի
ընդամենը, ասենք,
ինչ-որ ողորմելի մի երկու ժամ,
պետք է վերջին անգամ
հեռուստացույցն արագ կարգի բերել
եւ իմանալ՝
արդյոք կատարվե՞լ են
բոլոր պլանները
ասենք՝
գիր գրելու, գիրք տպելու,
հետո՝
ալկոհոլի, ծխախոտի,
ով որքա՞ն ժամանակում,
մեր կարեւոր մարդիկ
ովքե՞ր են եւ ի՞նչ են անում հիմա:

Պիտի հասցնել նաեւ
թերթել թերթերն ամբողջ,
որ մեզ համար դժվար գործ չի եղել բնավ՝
«երկու րոպե, կամ՝ տաս,
հերիք է, որ բոլորն իրար վրա կարդաս…»-
հետո պիտի բացել ամսագիրը,
որտեղ…
…թող թույլ տրվի ասել…
բառերն իրար վրա թափթփված են անկարգ,
խառնիխու՜ռն, մեռա՜ծ, անկի՜րք, անհրապու՜յր…

– պե՞տք էր վերցնել մի փայտ
եւ հալածել այն խեղճ շուն ու կատուներին,
որոնք աղբանոցում ուտելիք են փնտրում
եւ, որ ազնվորեն պիտի խոստովանել,
գտնում են առատորեն.-
ու՞ր հալածել նրանց- քաղաքային այգի՞,
որ ծաղիկներ տեսնեն եւ օ՞դ շնչեն.-
սակայն չէ՞ որ օդը
անհիշելի վաղուց ճչում է ասֆալտի տակ,
թե ծաղիկներն այնտեղ կործանվել են իսպառ-
մի ճեղք, մի դուռ բացեք-
– բայց բոլորը հիմա
զբաղված են միայն ճեղք փակելու գործով,

Վերջին դղրդոցից առաջ.-
դա կարող է լինել ասենք թե անկումը
մի երկնային մարմնի-
եւ այդ ահաբեկիչ նյութը
երկնային է, գիտե՞ք, ինչի համար,
միայն նրա համար, որ այնտեղ է ՝ երկնում…
իսկ մենք երկնային ենք,
մրջյունների նման հողին կպած,
նրանց նման թթու.
(մենք այս բանի մասին իմացություն առանք,
երբ որ մարդը
կերավ նախ մրջյունին,
հետո մարդուն կերավ)
եւ մեր աշխատանքի
միակ օրինակը հենց նրանք են որ կան,
մինչդեռ երազանքը, որով լցված ենք մենք,
ինչպես որ կրակով՝ մարմինն այն երկնային,
մի սեւ գրոշ չարժե նրանց համար, ովքեր
երազում են մարդկանց
կառավարել միայն մրջյունների նման՝
Վերջին դղրդոցից առաջ.-
որ կարող է լինել բարբառելը հողի,
այն, որ ասում ենք, թե՝
ինչե՜ր կլսեինք,
եթե հանկարծ հողը լեզու առներ-
պետք է մեր մարմընի հողը կահավորել
բոլոր այն քարերով, մետաղներով գույն-գույն,
որ քամել ենք հողից,
եւ շաղախել նրան
հողի տված անթիվ բարիքներով,
եւ կաթեցնել վրան անմահության նեկտար՝
երկնի շրթունքներով կրկին հողից քամված-
ամբրո՜ս, հասմի՜կ, նարգի՜զ ու մեխակներ,
շուշա՜ն, վարդե՜ր, կակա՜չ,
մանուշակներ եւ հիրիկներ ցանել
մեր մարմնի անկուշտ հողի վրա-
եւ տեսնել, թե վերջին կործանումից հետո
այդ բոլորից մի բան կծլի՞ մեր մարմնից,
ասենք՝ չնչին մի բան-Պղնձե Վարդ-
եթե ծնվեց,
ապա մարդը
կրկին կապրի-
կամ ՝ իրավունք ունի դեռ ապրելու…

Հետևեք մեզ նաև Telegram-ում