USD
EUR
RUB

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»

 

(Նախորդ մասը)

«…ՎԵ­ՐԱ­ԴԱՐՁ ԲԱ­ՐԻ»

Հարկ է ե­րախ­տիք մա­տու­ցել Ա­ղա­սի Խան­ջյա­նին:
Ես մեծ վե­րա­պա­հում­ներ ու­նեմ այս մար­դու գոր­ծու­նեու­թյան հան­դեպ, ի մաս­նա­վո­րի՝ Գա­լուստ Գյուլ­բեն­կյա­նի նկատ­մամբ նրա վե­րա­բեր­մուն­քի առն­չու­թյամբ, ին­չը 1932 թ. հան­գեց­րեց ՀԲԸՄ նա­խա­գա­հի պաշ­տո­նից նավ­թա­բիզ­նե­սի խո­շո­րա­գույն ներ­կա­յա­ցուց­չի հրա­ժա­րա­կա­նին: Բայց և չեմ կա­րող ան­տե­սել այն փաս­տը, որ Ա. Խան­ջյա­նին, խառն ու խր­թին, բռ­նաճն­շում­նե­րի պայ­ման­նե­րում նրա ցու­ցա­բե­րած խի­զա­խու­թյանն ենք պար­տա­կան, որ Կո­մի­տա­սի ա­ճյունն այ­սօր հանգ­չում է իր ա­նու­նը կրող պան­թեո­նում:
1936 թ. մա­յի­սի 10-ին Ա. Խան­ջյա­նը կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան Ան­դր­կով­կա­սի երկ­րա­մա­սա­յին կո­մի­տեի (ԱԵԿ) ա­ռա­ջին քար­տու­ղար Լ. Բե­րիա­յին հղեց մի գրու­թյուն, ուր մաս­նա­վո­րա­պես աս­վում էր.
«ՀամԿ(բ)Պ ԱԵԿ
ընկ. Լ. Բե­րիա­յին
22.10.1935 թ. Փա­րի­զում, եր­կա­րատև հի­վան­դու­թյու­նից հե­տո վախ­ճան­վեց հայ կոմ­պո­զի­տոր Կո­մի­տա­սը (Սո­ղո­մոն Սո­ղո­մո­նյան): Ֆրան­սիա­յի հայ­կա­կան գա­ղու­թի մեզ հետ մտե­րիմ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը և հի­վանդ կոմ­պո­զի­տո­րի խնա­մա­կա­լու­թյան հա­սա­րա­կա­կան կո­մի­տեն ներ­գաղ­թի գոր­ծե­րով Փա­րի­զում գտն­վող ընկ. Դ. Շահ­վեր­դյա­նի մի­ջո­ցով դի­մել են մեզ խնդ­րան­քով` թույ­լատ­րել տե­ղա­փո­խե­լու վախ­ճան­ված կոմ­պո­զի­տո­րի ա­ճյու­նը` Հա­յաս­տա­նում հու­ղար­կա­վո­րե­լու նպա­տա­կով: Մեր պա­տաս­խա­նին սպա­սե­լով` կոմ­պո­զի­տո­րի վերջ­նա­կան հու­ղար­կա­վո­րու­մը Ֆրան­սիա­յում չի կա­յա­ցել:
Այ­սօր` 10.05.36 թ. հա­ղոր­դագ­րու­թյուն է ստաց­վել, որ Մար­սե­լից մեկ­նել է Ֆրան­սիա­յից Հա­յաս­տան մշ­տա­կան բնա­կու­թյան նպա­տա­կով ներ­գաղ­թող 1800 հա­յե­րով բեռն­ված շո­գե­նա­վը (հա­մա­ձայն ՀամԿ(բ)Պ ԿԿ` այդ հար­ցով 1934 և 35 թվե­րի ո­րո­շում­նե­րի):
Ընկ. Շահ­վեր­դյա­նը հայտ­նում է նաև, որ այդ շո­գե­նա­վով Հա­յաս­տան է ու­ղար­կել Կո­մի­տա­սի ա­ճյու­նը, չնա­յած նա­վի մեկն­ման նա­խօ­րյա­կին մենք Է­րի­վա­նից ՀՕԿ-ի մի­ջո­ցով հե­ռագ­րել էինք նրան` ա­ռայժմ հե­տաձ­գել այդ գոր­ծը: Շո­գե­նա­վը Բա­թու­մում կլի­նի մո­տա­վո­րա­պես ս.թ. մա­յի­սի 17-19-ին:
Ստեղծ­ված ի­րադ­րու­թյու­նում խնդ­րի լուծ­ման միակ նպա­տա­կա­հար­մար ո­րո­շու­մը հան­դի­սա­նում է թույ­լատ­րել կազ­մա­կեր­պել Կո­մի­տա­սի թա­ղու­մը Է­րի­վա­նում` Հա­յաս­տա­նի խոր­հր­դա­յին կոմ­պո­զի­տոր­նե­րի միու­թյան գծով:
Ո­րո­շում ըն­դու­նե­լիս խնդ­րում եմ հաշ­վի առ­նել նաև, որ Կո­մի­տա­սը եր­բեք դաշ­նակ կամ դաշ­նակ­նե­րին հա­րող չի ե­ղել, հան­դի­սա­նում է մշա­կույ­թի ժո­ղովր­դա­կան գոր­ծիչ և մեծ հե­ղի­նա­կու­թյուն է վա­յե­լում Հա­յաս­տա­նի սո­վե­տա­կան ին­տե­լի­գեն­ցիա­յի կող­մից:
Հա­յաս­տա­նի Կ(բ)Պ ԿԿ քար­տու­ղար Խան­ջյան»։
Բայց այս հե­ռագ­րին նա­խոր­դել էր ան­չափ կարևոր, շր­ջա­դար­ձա­յին ի­րա­դար­ձու­թյուն, ո­րը մի քա­նի տա­րի նա­խա­պատ­րաս­տել էին եր­կու եր­կր­նե­րի կա­ռա­վա­րու­թյուն­ներ, հայ­րե­նակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, զա­նա­զան հաս­տա­տու­թյուն­ներ ու հա­զա­րա­վոր մար­դիկ:
Եր­կու օր ա­ռաջ՝ մա­յի­սի 8-ին, մար­դա­շատ էր Փա­րի­զի Լիո­նյան կա­յա­րա­նը: Շուրջ 3000 հայ ե­կել էին հրա­ժեշտ տա­լու մայ­րա­քա­ղա­քի ու շր­ջա­կա բնա­կա­վայ­րե­րի 400 ազ­գա­կից­նե­րին, ո­րոնք մեկ­նում էին Մար­սել՝ այն­տե­ղից Հա­յաս­տան ներ­գաղ­թե­լու հա­մար:
Դա ֆրան­սաբ­նակ հա­յե­րի ա­ռա­ջին ներ­գաղթն էր, որ կազ­մա­կեր­պել էին Ֆրան­սիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը, Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը՝ ի դեմս ներ­գաղ­թի գծով լիա­զոր Դա­նուշ Շահ­վեր­դյա­նի, Հայ­կա­կան բա­րե­գոր­ծա­կան ընդ­հա­նուր միու­թյու­նը (ՀԲԸՄ)՝ Պո­ղոս Նու­բա­րի որ­դի Զա­րեհ բեյ Նու­բա­րի նա­խա­գա­հու­թյամբ, և Ժնևի Նան­սե­նյան գրա­սե­նյա­կը:
Ի­րա­րանց­վող կա­յա­րա­նում տի­րում էր ա­նա­սե­լի ոգևո­րու­թյուն, ա­մե­նուր լս­վում էր լաց ու խն­դուք:
Հա­յաս­տան էին մեկ­նում ոչ միայն գոր­ծա­զուրկ բան­վոր­ներ և ար­հես­տա­վոր­ներ, այլև մտա­վո­րա­կան­ներ և ար­վես­տա­գետ­ներ: Բո­լո­րին միա­վո­րել էր մայր հայ­րե­նիք ձեռք բե­րե­լու գա­ղա­փա­րը:
Ներ­գաղ­թող­նե­րի մեջ էր «Կավ­ռօշ» եր­գի­ծա­թեր­թի խմ­բագ­րա­պետ Եր­վանդ Թո­լա­յա­նը, ա­յո, ա­յո, նա, ով Կո­մի­տա­սի հետ Չանկ­րիից ա­զատ­վել ու վե­րա­դար­ձել էր Կ. Պո­լիս: Նա կա­յա­րա­նում սո­վո­րա­կա­նի նման ծի­ծա­ղում էր, կա­տա­կում ու սրամ­տում, բայց չգի­տեր, որ Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նում թե­մա­ներ կա­յին, ո­րոնց շուրջ չէր կա­րե­լի եր­գի­ծել, և ըն­դա­մե­նը մեկ տա­րի անց Երևա­նում կբռ­նա­դատ­վի ու կգն­դա­կա­հար­վի: Փրկ­վել էր թուր­քի սպան­դից, բայց չխու­սա­փեց ստա­լի­նյան փամ­փուշ­տից:
Ներ­գաղ­թյալ­նե­րի թվում էր քան­դա­կա­գործ ու նկա­րիչ Եր­վանդ Քո­չա­րը, ո­րը հա­մաշ­խար­հա­յին փառ­քի պի­տի հաս­ներ հայ­րե­նի­քում:
Ներ­գաղ­թող­նե­րի մեջ էր դե­րա­սան Ար­ման Կո­թի­կյա­նը, մարդ, ո­րը վե­րապ­րել էր ցե­ղաս­պան­դը և կա­տա­կեր­գա­կան դե­րա­կա­տա­րում­նե­րով Հա­յաս­տա­նում պի­տի ար­ժա­նա­նար հա­մա­ժո­ղովր­դա­կան ըն­դու­նե­լու­թյան ու գնա­հա­տան­քի:
Սա­կայն ա­ներևույթ ներ­գաղ­թում էր ևս մե­կը՝ Կո­մի­տա­սը…
Այս առ­թիվ ՀԲԸՄ «Միու­թիւն» պաշ­տո­նա­թեր­թը գրեց. «Հո­գա­ցինք նաև ողբ. Կո­մի­տաս Վար­դա­պե­տի դա­գա­ղին փո­խադ­րու­թեան ծախ­քե­րը, ո­րո­շուած ըլ­լա­լով մե­ծա­նուն ե­րաժշ­տա­գէ­տին ա­ճիւն­նե­րը ներ­գաղ­թող­նե­րին հետ ղր­կել Հա­յաս­տան»:
Լիո­նյան կա­յա­րա­նում ներ­կա Կա­հի­րեի «Ա­րեւ» օ­րա­թեր­թի թղ­թա­կի­ցը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ հենց ին­քը՝ լրագ­րի խմ­բագ­րա­պետ Վա­հան Թե­քե­յա­նը, գրում էր. [«Ե­րեկ գի­շեր ժա­մը 9էն մինչև 11.30 հայ գա­ղու­թին հա­մար ան­նա­խըն­թաց ող­ջեր­թի և հրա­ժեշ­տի յու­զիչ տե­սա­րան մը պար­զուե­ցաւ Բա­րի­զի Լիո­նի կա­յա­րա­նին մէջ, ուր հա­ւա­քուած էր մօտ 3000 հո­գի, ներ­գաղ­թի մաս­նա­ւոր կա­ռա­խում­բը ող­ջու­նե­լու հա­մար:
Օր ա­ռաջ ե­ղած կար­գադ­րու­թիւն­նե­րու հա­մա­ձայն, Բա­րի­զէն և շր­ջա­կայ­քէն ներ­գաղ­թող­նե­րու գոյ­քե­րը ար­դէն փո­խադ­րուած էին կա­յա­րան և հոն­կէ ալ բեռ­նա­բարձ կա­ռա­խում­բով՝ Մար­սի­լիա:
Կո­մի­տաս վար­դա­պե­տի մար­մինն ալ առ­ջի օր փո­խադ­րուե­ցաւ Բա­րի­զի Հա­յոց ե­կե­ղե­ցիէն միևնոյն կա­յա­րա­նը, հոգևո­րա­կան­նե­րու և Կո­մի­տա­սեան յանձ­նա­խում­բի ներ­կա­յու­թեան և ղր­կուե­ցաւ ֆուր­կօ­նով մը Մար­սի­լիա, «Սի­նաեա» շո­գե­նա­ւը դր­ւե­լու հա­մար»]:
Այ­սինքն, մեկ օր ա­ռաջ՝ մա­յի­սի 7-ին, Կո­մի­տա­սի ա­ճյու­նը ա­ռան­ձին վա­գո­նով ճա­նա­պարհ էին դրել, որ­պես­զի ներ­գաղ­թյալ­նե­րի ա­վյունն ու ցն­ծու­թյու­նը չմ­թագն­վեր տխուր նո­տա­յով:
Բայց ի՞նչ էր սա նշա­նա­կում: Ա. Խան­ջյա­նը մա­յի­սի 10-ին հե­ռագ­րում էր Ան­դր­կով­կա­սի գլ­խա­կեր Բե­րիա­յին, սա­կայն մա­յի­սի 7-ին Կո­մի­տա­սի ա­ճյունն ար­դեն ճա­նա­պարհ­վել էր Մար­սել: Ար­դյո՞ք այդ «ինք­նագլ­խու­թյու­նը» հու­լի­սի 9-ին Ա. Խան­ջյա­նի «ինք­նաս­պա­նու­թյան» պատ­ճառ­նե­րից մե­կը չէր:
Մա­յի­սի 8-ին փա­րի­զյան գնաց­քը ժա­մա­նեց Մար­սել. 400 հո­գին ե­կան միա­նա­լու ևս 1400 ներ­գաղ­թյալ­նե­րի, այդ թվում՝ Կիպ­րո­սի Մել­քո­նյան կր­թա­րա­նի 10 շր­ջա­նա­վարտ­նե­րի, ո­րոնք բարձ­րա­գույն ու­սում պետք է ստա­նա­յին Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում:
Թե ինչ էր կա­տար­վում Մար­սե­լի նա­վա­հան­գս­տում, ուր պատ­րաստ սպա­սում էր «Ֆաբր Լայն» ըն­կե­րու­թյան «Սի­նա­յա» շո­գե­նա­վը, բա­ռե­րով դժ­վար է նկա­րագ­րել:
Ներ­գաղ­թյալ­նե­րը, ո­րոնց մեծ մասն ըն­տա­նի­քա­վոր և ա­մե­նա­տար­բեր մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի տեր մար­դիկ էին՝ որմ­նա­դիր­ներ, հյուս­ներ, գոր­գա­գործ­ներ, մե­տա­ղա­գործ­ներ, հան­քա­փոր­ներ և ի­հար­կե ար­վես­տա­գետ­ներ ու մտա­վո­րա­կան­ներ, ի­րենց հետ տա­նում էին 2 ֆուր­գոն, 2 տաք­սի-ավ­տո­մո­բիլ, 300 կա­րի մե­քե­նա, 100 հատ տրի­կո­տա­ժի դազ­գահ, 100 հե­ծա­նիվ, ինչ­պես նաև ըն­տա­նի կեն­դա­նի­ներ՝ շներ, կա­տու­ներ, հա­վեր, բա­դեր, հնդ­կա­հա­վեր: ՀԲԸՄ-ն և ֆրան­սա­հայ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, որ­պես նվի­րատ­վու­թյուն Հա­յաս­տա­նին, նա­վի վրա բար­ձել էին 22-տե­ղա­նոց 10 մար­դա­տար ավ­տո­բուս, 2 շո­գե­մա­կույկ՝ Սևա­նի հա­մար, 75 արկղ գյու­ղատն­տե­սա­կան ու գի­տա­կան գոր­ծիք­ներ, մշա­կու­թա­յին նշա­նա­կու­թյան պա­րա­գա­ներ, 4 հատ մե­րի­նոս ցե­ղա­տե­սա­կի խոյ՝ Հա­յաս­տա­նում ոչ­խա­րա­բու­ծու­թյու­նը զար­գաց­նե­լու հա­մար: Հայտ­նի հա­վա­քորդ Տիգ­րան Քե­լե­կյա­նը, որ­պես նվեր Երևա­նի պատ­կե­րաս­րա­հին, ու­ղար­կել էր արևմտյան նկա­րիչ­նե­րի 18 կտավ:
Շո­գե­նա­վի վար­ձա­կա­լու­թյան, սնն­դի և այլ ծախ­սե­րը հո­գա­ցել էին Ֆրան­սիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը՝ տրա­մադ­րե­լով 375 հա­զար ֆրանկ, Նան­սե­նյան գրա­սե­նյա­կը՝ 125 հա­զար և ՀԲԸՄ-ն՝ 2000 ֆունտ ստեր­լինգ:
Բա­րե­գոր­ծա­կա­նը և ՀՕԿ-ը նա­վար­կու­թյան ըն­թաց­քի հա­մար հատ­կաց­րել էին սնունդ, 362 ե­րե­խա­նե­րին՝ «Նեստ­լե» ֆիր­մա­յի կա­թի փո­շի և պաք­սի­մատ, իսկ մտա­վո­րա­կան­նե­րին, ար­վես­տա­գետ­նե­րին ու խիստ կա­րի­քա­վոր­նե­րին՝ դրա­մա­կան նպաստ:
ՀԲԸՄ-ն այս ամ­բողջ ի­րա­դար­ձու­թյան մա­սին կի­նո­ֆիլմ նկա­րա­հա­նեց:
Ներ­գաղ­թող­ներն ի­րենց հետ Հա­յաս­տան էին տա­նում նաև արևմտաեվ­րո­պա­կան քա­ղա­քակր­թու­թյուն, բար­քեր ու նիս­տու­կաց:
Եվ քչե­րը գի­տեին, որ ինչ-որ տեղ՝ նա­վամ­բա­րում, գտն­վում էր Կո­մի­տաս վար­դա­պե­տի դա­գա­ղը…
Ցե­ղաս­պա­նու­թյուն վե­րապ­րած, ու­նե­զուրկ ու դժ­բախտ ներ­գաղ­թյալ­նե­րը մեկ­նում էին Հա­յաս­տան, որ­պես­զի մայր արևի ներ­քո ի­րենց մնա­ցած կյան­քը շա­րու­նակ­վեր կամ… ընդ­հատ­վեր: Ի՞նչ էր հայ­րե­նի­քը նրանց տա­լու, եր­կու բան՝ բնա­կա­րան և աշ­խա­տանք:
Կո­մի­տա­սը գնում էր՝ իր ան­մա­հու­թյունն ապ­րե­լու: Ի՞նչ էր հայ­րե­նի­քը նրան տա­լու՝ ՛՛բ­նա­կարան՛՛, հա­վեր­ժա­կան «բնա­կա­րան» և ժո­ղովր­դա­կան ան­հուն, ան­մար սեր…
Մա­յի­սի 9-ին, ժա­մը 17-ին «Սի­նա­յան» դուրս ե­կավ Մար­սե­լի նա­վա­հան­գս­տից և ուղ­ղու­թյուն վերց­րեց դե­պի Բա­թում: Ա­փին մնա­ցին 10000 լա­ցա­կու­մած ճա­նա­պար­հող­նե­րը: Ծո­վը հան­դարտ էր:
Իս­կույն կազ­մա­վոր­վեց ղե­կա­վար մար­մին, ո­րը պի­տի լու­ծեր հըն­թացս ծա­գած հար­ցե­րը, և ո­րի ան­դամ­նե­րից մեկն էր Եր­վանդ Քո­չա­րը: Բա­ցի այդ, ստեղծ­վե­ցին պա­րե­նի հանձ­նա­ժո­ղով, ո­րի ան­դամ էր Ար­ման Կո­թի­կյա­նը, ու ե­րե­խա­նե­րի խնա­մա­տար հանձ­նա­խումբ:
Շո­գե­նա­վը նման­վում էր մի իս­կա­կան Նո­յան տա­պա­նի, որ­տեղ տի­րում էր խան­դա­վա­ռու­թյան ու ցն­ծու­թյան ո­գին:
Ճա­նա­պար­հին ար­վես­տա­գետ­նե­րը թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցում բե­մադ­րե­ցին: Իսկ մի մարդ իր հա­վը հա­նեց ա­ճուր­դի ու վա­ճա­ռեց 200 ֆրան­կով…
Մա­յի­սի 16-ին, երբ գի­շե­րով անց­նում էին Կ. Պոլ­սի նա­վա­հան­գս­տով, մի ե­րի­տա­սարդ, ո­րին 12 տա­րե­կան հա­սա­կում գաղ­թեց­րել էին, և ո­րը 12 տա­րի ապ­րել էր Ֆրան­սիա­յում, ի­րեն նե­տեց ծո­վը: Թուրք ձկ­նորս­նե­րը ջրից դուրս բե­րե­ցին, և հար­ցում­նե­րին ե­րի­տա­սար­դը պա­տաս­խա­նեց, թե ու­զում է միա­նալ հա­րա­զատ­նե­րին…
Նա­վար­կու­թյան ըն­թաց­քում տե­ղի ու­նե­ցավ մեկ պսա­կադ­րու­թյուն, ո­րի նշանդ­րե­քը դեռևս Մար­սե­լում կա­տա­րել էր Լիո­նի հայ քա­հա­նան, իսկ չորս կին ծնն­դա­բե­րեց, բայց խն­դիր չե­ղավ, ո­րով­հետև կա­յին բազ­մա­թիվ բժիշկ­ներ ու ման­կա­բարձ­ներ: Կա­նան­ցից մե­կը՝ տի­կին Ա­ճե­մյա­նը, նո­րա­ծին աղջ­կան ան­վա­նեց Սի­նա­յա, ի հի­շա­տակ շո­գե­նա­վի…
Մա­յի­սի 16-ին ՀԲԸՄ Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ Հայ­կա­զուն Կա­րա­գյո­զյա­նը Բա­թու­մից Փա­րիզ հղեց այս­պի­սի հե­ռա­գիր. «Այ­սօր շա­բաթ ա­ռա­ւօտ ժա­մը 10-ին «Սի­նա­յա» խա­րիսխ նե­տեց: Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թեան յա­տուկ յանձ­նա­խում­բը և Ա­ճա­րիս­տա­նի կա­ռա­վա­րու­թեան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը շո­գե­նաւ գա­ցին և ներ­գաղ­թող­նե­րուն բա­րի գա­լուստ մաղ­թե­ցին: Ա­մէն կան­խա­հոգ մի­ջոց­ներ տնօ­րի­նուած են, լա­ւա­գոյն պայ­ման­նե­րու մէջ ա­պա­հո­վե­լու հա­մար Պա­թու­մի մէջ առ­ժա­մեայ կայ­քը և յե­տոյ Հա­յաս­տան փո­խադ­րու­մը: Ներ­գաղ­թող­նե­րը խան­դա­վա­ռու­թեամբ լե­ցուն են»:
Այս հե­ռագ­րում չկար և չէր կա­րող լի­նել մի ման­րա­մասն՝ կին ու տղա­մարդ, ա­հել ու ջա­հել գաղ­թա­կան­նե­րը եր­գե­ցին ճամ­փին սո­վո­րած «Ին­տեր­նա­ցիո­նա­լը». «Ե­լի՛ր, ում կյան­քը ա­նի­ծել է, Ով ճորտ է, մերկ է և ստ­րուկ»:
Իսկ «Կռունկ»-ի, «Հով ա­րեք»-ի, «Ան­տու­նի»-ի, «Գա­րուն ա»-ի հե­ղի­նա­կը գտն­վում էր նա­վամ­բա­րում:
Շո­գե­նա­վը խա­րիսխ ձգեց նա­վա­հան­գս­տում: Նախ, ի­ջեց­րին 600 հո­գու, մյուս­նե­րը գի­շե­րե­ցին նա­վի վրա:
Տե­ղի ու­նե­ցավ փաս­տաթղ­թե­րի ստու­գում և պարզ­վեց, որ 21 հո­գի, ա­ռանց թույ­լտ­վու­թյուն ու­նե­նա­լու, ծա­ծուկ թա­փան­ցել էին նավ, և պատ­ճա­ռը զուտ հայ­րե­նա­սի­րու­թյունն էր, հայ­րե­նի­քում ապ­րե­լու ցան­կու­թյու­նը: Մի քա­նի օր անց նրանց նույն «Սի­նա­յա» շո­գե­նա­վով հետ ու­ղար­կե­ցին: (35-ա­մյա ոմն Խա­չա­տուր, վա­խե­նա­լով պե­տա­կան սահ­մա­նը ա­պօ­րի­նի հա­տե­լու հա­մար ֆրան­սիա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի դատ-դա­տաս­տա­նից, Կ. Պոլ­սի մոտ նետ­վեց ջու­րը, լո­ղա­լով դուրս ե­կավ ափ, թաքն­վեց ինչ-որ ա­վե­րակ­նե­րում, բայց թուր­քե­րը հայտ­նա­բե­րե­ցին ու ձեր­բա­կա­լե­ցին: Մյուս 20-ին ձեր­բա­կա­լեց Մար­սե­լի ոս­տի­կա­նու­թյու­նը):
Բա­թու­մում ժա­մա­նող­նե­րին դի­մա­վո­րե­ցին Հա­յաս­տա­նի և Ա­ջա­րիա­յի կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րը: Ստեղծ­վել էին բո­լոր պայ­ման­նե­րը, ներ­գաղ­թյալ­նե­րի հա­մար հատ­կաց­րել էին 3 շենք, բաց­վել էին ճա­շա­րան­ներ, պա­րե­նա­յին խա­նութ­ներ, մսուր-ման­կա­պար­տեզ, կա­յին շար­ժա­կան հի­վան­դա­նոց, լո­գա­րան­ներ: Քա­նի որ մարդ­կանց պի­տի մաս-մաս գնաց­քով փո­խադ­րեին Երևան, օ­րա­կան եր­կու ան­գամ կի­նո էին ցու­ցադ­րում, թա­տե­րա­կան բե­մա­կա­նա­ցում­ներ ներ­կա­յաց­նում, փո­ղա­յին նվա­գախմ­բե­րը ե­րաժշ­տու­թյուն էին կա­տա­րում:
Ա­մե­նա­վեր­ջում շո­գե­նա­վից դուրս բե­րե­ցին Կո­մի­տա­սի տախ­տա­կա­պատ դա­գա­ղը, և քչե­րը գի­տեին դա ինչ է…

(շա­րու­նա­կե­լի)

Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am

Լրահոս
Մատթեոս Զարիֆյան․ Շքեղ օրհաս Կոմիտասի ձայնը Կոմիտաս․ Կյանք Հայերեն ձեռագրերի մայր ցուցակը «Կոմիտաս․․․» առցանց բեմադրություն Առաջին անգամ Կոմիտասի ծննդավայրի պաշտոնական տարեգրքում տեղեկություն է ներառվել Կոմիտասի մասին Գերմանիայում 1500 տարի առաջ ապրած գերմանացի լորդի դամբարան է հայտնաբերվել (լուսանկարներ) Վարագա Սուրբ Խաչ Կայացավ Կոմիտասի 151-ամյակին նվիրված «Անուշ. անավարտ օպերա» ֆիլմի պրեմիերան Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն «Արմենիա» 4-րդ միջազգային փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում մեծահամբավ արտիստների «Արմենիա» փառատոնի փակմանը հանդես կգա Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր կլարնետահարը Մատթեոս Զարիֆյան. Ճերմակ գիշեր Վահան Սաղաթելյան. Արնախաչ «Մաեստ­րո Քո­չար» պու­րա­կը Ա­լեք­սանդր Թա­մա­ն­յա­նի թի­կուն­քում Իսպանացի լուսանկարիչը բացահայտել է շքեղ լուսանկարներ ստանալու գաղտնիքները (լուսանկարներ) Սուրբ «սպասավորներն» ու «պաշտպանները» Ագահություն «Կան­թեղն ան­տա­ռում՝ Հա­ղար­ծին» Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Նաղդյանը Բոտիչելիի հազվագյուտ կտավը կվաճառվի Sotheby's աճուրդու «Միշտ հնարավոր է ելք գտնել՝ առանց ընկճվելու» Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Մոսկվայի կինոփառատոնում «Հն­չեց կրա­կո­ցը, և մարդն այլևս չկա» Ռուսական արվեստի թանգարանի այցելուները կհայտնվեն Բորիս Գրիգորևի կտավում VR տեխնոլոգիայի միջոցով Իր հետ­մա­հու ա­զա­տամ­տու­թ­յու­նը կի­սեց Սեն գե­տի ա­լիք­նե­րի հետ Մատթեոս Զարիֆյան․ Խնդրանք Բանտում էի, և ինձ այցի եկաք (Մատթ. 25:36). մաս 1-ին Ավետիք Իսահակյան. Հայաստանին Վահան Տերյան․ Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հիսունիններորդ (ԾԹ) սաղմոսի մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասիս կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը Ողջախոհություն Եղիշե Թադևոսյանի չցուցադրված էտյուդները կներկայացվեն հեղինակին նվիրված նորաբաց ցուցասրահում «Ուղղակի չեմ տառապել մեծամտությամբ» Հայ ազգային բազմաբնույթ տոները հետաքրքիր մեկնաբանություններով տեղ են գտել մեկ գրքում Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի խանութի բացումը Կամերային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի Կինոկենտրոնը սկսել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող նյութերի արխիվացման աշխատանքները ԴասA-ի մասնակիցները շնորհավորում են Սերգեյ Սմբատյանին ու հույս հայտնում, որ շատ շուտով կհանդիպեն համերգասրահում
website by Sargssyan