Գրետա Թունբերգը Pearl Jam ռոք խմբի նոր տեսահոլովակում մոլորակի կործանումը կանխատեսող բախտագուշակի դերում է հանդես եկել (տեսանյութ)

Գրետա Թունբերգը Pearl Jam ռոք խմբի նոր տեսահոլովակում մոլորակի կործանումը կանխատեսող բախտագուշակի դերում է հանդես եկել (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ Tert.am: Ամերիկյան Pearl Jam ռոք խումբը Retrograde երգի հիման վրա տեսահոլովակ է ներկայացրել, որտեղ նաև շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգն է նկարահանվել, հայտնում է Variety պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ տեսահոլովակը նկարահանվել է ռեժիսոր Ջոշ Ուեյքլիի ջանքերով․ այն իրենից իմպրեսիոնիստների նկարների ոճով մշակված կենդանի նկարահանումներ և անիմացիա է ներկայացնում։

«Սցենարի համաձայն՝ գլխավոր հերոսը գալիս է բախտագուշակի մոտ, որն էլ նրան ամբողջ մոլորակի ապագան է ցույց տալիս, սակայն ապագան այնքան էլ ուրախալի չէ»,- հայտնում է հրատարակությունը։

Բյուրեղապակյա գնդի մեջ գլխավոր հերոսը տեսնում է գլոբալ տաքացման հետևանքները. ամբողջ աշխարհի քաղաքներն անցնում են ջրի տակ, ալիքները ծածկում են Լոնդոնի կամուրջը, Նյու Յորքի երկնաքերերը և Էյֆելյան աշտարակը, սառցադաշտերը հալվում են, իսկ Ավստրալիան պատում են հրդեհները:

Տեսահոլովակի կեսին մինչ այդ մթության մեջ թաքնված բախտագուշակը ցույց է տալիս դեմքը, և պարզվում է, որ նա հենց Գրետա Թունբերգն է։ Այնուհետև Pearl Jam խմբի մասնակիցները հայտնվում են Տարո խաղաքարտերի վրա, որոնք բախտագուշակը դնում է սեղանին՝ գլխավոր հերոսի առաջ։

Հայտնի է, որ ակտիվիստուհին տեսահոլովակի՝ մարտի կեսերին ընթացած նկարահանումներին չի մասնակցել։ Նրա դեմքը «կտրել» են արդեն գոյություն ունեցող տեսանյութերից և ուրիշ դերասանուհու մարմնի վրա «տեղադրել»։ Հրատարակության փոխանցմամբ՝ Թունբերգը տեսել է տեսահոլովակը և շատ է հավանել այն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում