Կատարյալ առաքինության մասին

Կատարյալ առաքինության մասին

Ոմն եղբայր հարցրեց հայր Կրոնոսին և ասաց. «Ինձ խրատա­կան խոսք ասա՛, հա՛յր»: Հայր Կրոնոսն ասաց նրան. «Երբ Եղիսեն գնաց այն սոմնացի կնոջ մոտ և իմացավ, որ նա ոչ մեկի հետ գործ չունի, կինը հղիացավ ու ծնեց Եղիսեի` իր մոտ գալու ժամանակ» (Դ Թագ. Դ 8-17): Եղբայրը նրան հարցրեց. «Ո՞րն է այդ խոսքի իմաստն ու զորությունը, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Երբ մարդն արթուն ու զգաստ է լինում, հեռու է պահում իրեն մարդկային խառնաշփոթից և հատում է իր կամքը, այնժամ նրա վրա գալիս է Աստծո Հոգին, և այն­ ժամ կարող է ծնել առաքինություն, քանզի ամուլ է»: Եղբայրն ասաց հայր Կրոնոսին. «Ի՞նչ անեմ մոռացությանս հետ, որը միշտ գերում է իմ խորհուրդները և չի թողնում գիտենալ, մինչև որ գցում է մեղքերի մեջ»: Հայր Կրոնոսն ասաց նրան. «Երբ Իսրայելի որդիների չար գոր­ծերի պատճառով այլազգիները տարան ուխտի տապանակը և քարշ տալով՝ հասցրին Դագոն չաստվածի տունը, այնժամ Դագոնը երես­նիվայր ընկավ նրա առաջ, և այլազգիներն էլ՝ իր հետ» (Ա Թագ. Դ 11, Ե 1-12): «Ի՞նչ է նշանակում դա»,– հարցրեց նրան եղբայրը: Ծերը նրան ասաց. «Երբ դևերն առաջանում են և գերում են մարդու միտքն իրենց պատճառաբանություններով, այնքան են քարշ տալիս նրան, մինչև որ գլխիվայր գցում են չարաչար մեղքերի մեջ: Եվ հենց այդ ժամանակ, երբ միտքը զղջմամբ է համակվում և դառնալով խնդրում է Աստծուն և հիշում հավիտենական տանջանքները, հանկարծակի խորտակվում են այդ ախտերը և աներևութանում, քանզի գրված է. «Եթե դառնաս և հառաչես, այնժամ կապրես և կիմանաս, թե որտեղ ես» (Եսայի Լ 15)»: Հայր Կրոնոսն ասաց դարձյալ. «Եթե Մովսեսը ոչխարները չհաներ Սի­նա լեռը, չէր տեսնի հուրն ու կիզվող մորենին» (Ելից Գ 1-2): Եղբայրն ասաց. «Եվ ի՞նչ է խորհրդանշում մորենին, հա՛յր»: Ծերունին ասաց. «Մորենին մարմնավոր գործերի նշանակն է, ինչպես գրված է. «Երկն­քի Արքայությունը նման է ագարակում թաքցրած գանձի» (Մատթ. ԺԳ 44)»: Եղբայրն ասաց ծերին. «Ինչպես երևում է, առանց մարմնավոր տքնության մարդը չի կարող Աստծուց պատվի արժանանալ»: Ծերն ասաց. «Չէ՞ որ գրված է. «Նայեցե՛ք մեր հավատի առաջնորդ և կա­տարող Հիսուսին, որ հանուն հանդերձյալ փառքի խաչի համբերեց» (Եբր. ԺԲ 2), իսկ Դավիթն էլ ասում է. «Չեմ տա քուն իմ աչքերին և ոչ նինջ` իմ արտևանունքներին» (Սաղմ. ՃԼԱ 4)»:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում