Նորայր Գրիգորյան. Ծեր զինվորի ծոցատետրից

Նորայր Գրիգորյան. Ծեր զինվորի ծոցատետրից

1.Ծեր զինվորները ծաղկած ծառեր են կապույտ լեռներում,
նրանք ամեն օր պտղավորվում են փամփուշտներով տաք,
և նրանց տխուր, բայց նվիրական, մաքուր հուշերում
վերջին փամփուշտը լուռ խլրտում է իրենց կրծքի տակ:
Սուղ է փամփուշտը, բայց նրանց աչքը միշտ է անվրեպ,
– Յա՜, Մարաթուկի իմ հրաշագործ Սուրբ Աստվածածին,
մի թռչուն լիներ, նախշուն թևերով թռչեր ծերպից ծերպ
ու ձեն տար խռով Ագռավաքարի վերջին հսկային.
– Գիտե՞ս, խռո՛վ ծուռ, ծեր զինվորները ինչպե՞ս են կռվում
վերջին փամփուշտը լուռ խլրտացող իրենց կրծքերին,
երբ զրնգոցով ու աղմուկներով երգերն ամենուր
իմաց են տանում էն արարչագործ վճիտ ջրերին:
Ու մի բուռ կիսատ, ու մի բուռ լրիվ էն հին ջրերից
գալիս, լցվում են Ագռավաքարի տաք ճեղքերից ներս.
– Յա՜, Մարաթուկի իմ հրաշագործ սուրբ Աստվածածին,
էս անվերջ կռվում թե մեկը զարկվի, դավաճան եմ ես:
Ծեր զինվորները ծաղկած ծառեր են կապույտ լեռներում,
նրանք ամեն օր պտղավորվում են փամփուշտներով տաք,
և նրանց տխուր, բայց նվիրական մաքուր հուշերում
վերջին փամփուշտը լուռ խլրտում է իրենց կրծքի տակ:

2. Ազատության հրապարակի ցայտաղբյուրը
շրթունք է՝ լայն բացված,
ջրի կաթիլներում սերն է՝
զտված հողի երակներում:
88-ի փետրվարի 20-ին
բոլորը համբուրվեցին
ջրի հետ:
Այսպես օծվում էին
մեծ պատերազմներից առաջ:
Երանելի ժամանակներ…

3. Շտապեցի, չսանրվեցի,
չսափրվեցի:
Մռավում շուտով գարուն է,
ծաղիկների բույրը
կմնա օդում կախված:
Շնչել է պետք:

4. Ճանապարհը բարձրանում է
երկինք,
լեռը մնում է ներքևում՝
Աստծո համբույրը գագաթին:
Տապանը բացում է դռները:

5. Իջնում եմ,
ամպերը օդապարիկներ են
թևերիս տակ:
Ուղարկում եմ առաջին հրովարտակը՝
համբույրը կրակահերթ է մահացու:

6. Արևը ժամացույց է,
չափման միավորը՝
անչափելի:
Դիմավորում է
կամավորական Չարենցը՝
արևը գրկած,
միասին են ողջունում՝
քո փրկությունը
հավաքական ուժի մեջ է:

7. Մի կապույտ ամպ
հարավից շղարշում է լեռը,
ամպից հնչում է
հայդու կապետ Մուշեղի
խրոխտ ձայնը՝
ով զարկվի՝ դավաճան է:

8. Կամավորական Ակսելը
մանուշակներ է շարում
լեռան փեշին,
լեռան գագաթին մեղմ սուլում է
ծիրանի փողը՝
ծաղկաբույրը կրակահերթ է
մահացու:

9. Ի՜նչ թշնամի,
որ ծաղկաբույրից
շնչահեղձ լինի:
Մարտական զենքերի
փողերի մեջ
մանուշակներ են աճում:

10. Ինքնաձիգիս խզակոթին գրեցի՝
բարձս քարն է,
տունս՝ երկինքը,
երբ փամփուշտը քչություն անի,
պարունակը կլցնեմ ծաղկաբույրով:

11. Ծաղիկը եռում է
պարունակի մեջ,
սեղմում եմ ձգանը.
հողը խաչակնքվում է
մյուռոնով:

12. Լեռը բացօթյա դպրոց է,
ռանչպարներն իրենց արու
զավակների հետ բարձրանում են:
Հայոց այբուբենի տառերը
երկնքից են իջել՝
ռա՜, սե՜, վե՜վ,
ծագեց արև:

13. Մե՜կ, երկու՜, երե՜ք,
մե՜կ, երկու՜, երե՜ք,
քայլում է ժամանակը
զինվորի հետ,
իմացյալ մահը
միշտ էլ կա,
գարունը պետք է
Մռավից տարածել ներքև,
սահամանները գծել մանուշակով,
«կապույտի վրա ճանճեր չեն նստում»:

14. Թթենու երակներում
հոսում է արբունքը,
առաջ ծառը պտղավորվում էր
առանց ծաղկելու,
հիմա թթենու ծաղիկը սահմանապահ է,
թռչունները, կտուցներին ծաղիկ,
իջնում են թթենու ճյուղերին:
Հարսանիքներին սկզբում
հողն է հարբում՝
փռելով իր հազար տարվա կարոտը
տաք մարմնին,
տղաները, հողն առած
ափերի մեջ, սեղմում են,
աղջիկները բռունցքները
զարդարում են ծաղիկներով,
սեղմած բռունցքներից
հոսում է ծաղկաջուրը,
Ազատության հրապարակի
ցայտաղբյուրը ծաղկաջուր է.
երկիրը հարբել է:

15. Ես չեմ գնա,
բայց կվերադառնամ,
որտե՞ղ աճի ծաղիկը,
երբ պատանիների բռունցքներում
սեղմած հողին աղջիկները
գույնզգույն ծաղիկներ
շաղ տվեցին,
և ծաղկաջուրը լվացրեց
իմ խոցված մարմինը:
Միայն լեռը վսեմ,
ուր առաջին անգամ
տապանից իջնելիս
ոչ ագռավ ու ոչ էլ
աղավնի բաց թողեցի:
– Երևաց, – աչքերիս չհավատացի,
Ազատության հրապարակի
ցայտաղբյուրը շրթունք էր՝
լայն բացված, ու բոլորը
համբուրվեցին ջրի հետ.
այդպես լինում է
հաղթանակներից հետո
և մեծ պատերազմներից առաջ:
Երանելի ժամանակներ:

16. Կապույտ աչքերով մի արցախուհի
կամարների տակ աղոթք էր անում,
պատերը հույսով լուսե անհունին
աղջկա անբառ աղոթքն են տանում:
Աղջի՛կ, թափառի՛ր երկնակամարում
հոգիների հետ անաղարտ ու սուրբ,
ոտքերդ մաշի՛ր աստղերի ծովում
և վերադարձի՛ր երկրիդ գիրկը լուրթ:
Ու երբ ծխից զատ, արյունից այն կողմ
գիրկդ կվազի բոցե մի մանուկ,
փոքրիկ երկրիդ կիջնի ծաղկահողմ
և անցյալներիդ՝ լուսե մի անուն:

Աղբյուր՝ Granish.org

Հետևեք մեզ նաև Telegram-ում