Աշոտ Ավդալյան. Ես պետք է երգեմ իմ սիրո համար …

Աշոտ Ավդալյան. Ես պետք է երգեմ իմ սիրո համար …

Ես պետք է երգեմ իմ սիրո համար ու իմ ծնունդի,
Որ հազար օրվա իմ տառապանքը լինի ամենուր,
Որ իմ հեքիաթի մեջ բոցավառվեն աչքերը մարդու,
Եվ ծունկի իջած դաշտերը երգեն երգը ծնունդի։
Հազար աշտանակ թող կանգնեն իբրև զոհաբերող աչք,
Եվ հազար մանուկ հազար ճառագայթ դնեն սեղանին,
Եվ իմ արթնացման սկիզբը դառնա իբրև արձագանք,
Եվ իմ ծնունդը դառնա աստղերի հմայող ոգին։
Եվ իմ սերը թող կնքահայր դառնա իմ իսկ ծնունդին,
Եվ երգեր երգեմ, որոնք վաղուց են դարձել առօրյա,
Թող փառաբանվեն աստղեր ու երկինք, սիրտ ու ճանապարհ
Եվ նրանք, որոնք ունեն սեր, աստված, վայելք ու գինի։
Եվ թող իմ սերը լինի սկիզբը ծաղկող բնության,
Եվ թռչունները հիշեն պապերիս խոսքերը զվարթ,
Ես լվանում եմ վշտի խոսուն թաթիկները բարկ,
Եվ տառապանքի չոր փայտ եմ դնում մոխիրների տակ։
Եվ շռայլում եմ օրերի վարձը, տալիս դաշտերին,
Որ մեր երազի համբերությունը դառնա փրկություն,
Եվ մեր նախահոր շիրիմը բախվի Նոյի տապանին,
Եվ փառքով լցվի շիրիմ ու տապան, կարոտ ու ողկույզ։
Հազար աշտանակ թող կանգնեն իբրև զոհաբերող աչք,
Քառասուն մայրեր երգեն արթնացող լույսի խորանում,
Ես պետք է երգեմ իմ սիրո համար ու իմ ծնունդի,
Որ հազար օրվա իմ տառապանքը լինի ամենուր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում