Քրիստոսի համբարձումը

Քրիստոսի համբարձումը

«Եվ ….մինչ նրանք դեռ նայում էին, երկինք վերացավ, և ամպը Նրան ծածկեց նրանց աչքերից» (Գործք Ա 9):

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ցնծության և ուրախության երգերով, նվիրական մեղեդիներով և եղանակներով, ծնծղաների ծափողջույններով ի սրտե երգում է ու ցնծությամբ ավետում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկինք համբարձվելը:

Այս տոնի առթիվ եկեղեցի եկող հավատացյալներն արդյո՞ք երգեցիկ դպիրների քաղցրահնչյուն երգերից ու ներդաշնակ նվագներից բացի այլ բան են լսում: Արդյո՞ք լսում են կյանքի այն ավետիսը, որը մեզ տալիս է այս գերբնական իրողությունը: Արդյո՞ք տեսնում են, թե անկյալ մարդկությունը Տիրոջ Համբարձման շնորհիվ մինչև ուր կարող է բարձրանալ Քրիստոսով: Արդյո՞ք որևէ բան սովորում են և Համբարձումը դիտարկում իբրև քրիստոնեության կենդանի մի մասը:

Համբարձման պատկերը բոլորիս սրտերում և մտքերում այնպես է բևեռված, ինչպես մեզ ավանդել է նախնական եկեղեցին, և ինչպես սրբազան արվեստավարժ ձեռքերը մեզ են ներկայացրել հիանալի բառերով, զմայլելի գույներով և ներդաշնակ ձայնով: Հիսուսը կանգնած է յուրայինների մեջ, Ձիթենյաց լեռան բարձրունքին: Ներքևում Երուսաղեմն է: Աշակերտների հայացքները թափառում են լեռներից և ձորերից այն կողմ՝ դեպի անծայրածիր հորիզոնները, և կարծես մշուշի մի քող հանկարծակի ծածկում է այս աշխարհի մեծ վայելքները: Նրանց վերևում ծավալվում է երկնքի լուսափայլ գմբեթը՝ այնքան մոտ, որքան չէր կարող լինել, երբ նայում էին հեղեղատից, հրապարակից, կամ սուրբ քաղաքի փողոցներից:

Ինչպիսի՜ հաճույք է կանգնել լեռան բարձունքին՝ կապույտ երկնքից զատ այլ բան չունենալով գլխավերևում, ինչքա՜ն փոքր է թվում ներքևում մնացած երկիրը. այնտեղ՝ լեռան վրա, մարդկանց տրտունջների կամ ուրախությունների ձայները լռում են, այնտեղ հեշտ է մեկ հայացքով ընդգրկել ամբողջ աշխարհը և հափշտակվել դրա վեհությամբ: Ո՞վ կերկմտի հայտարարելու, որ դա մի հանգստացնող և հմայող վայրկյան է:

Հիսուս կանգնած է լեռան գագաթին և ինչպես մի ժամանակ, երբ սատանան ցանկանում էր փորձել Նրան՝ աչքերի առջև տարածելով աշխարհի ամբողջ ճոխությունները և մեծությունները, այս անգամ, երբ Իր աշակերտներով կանգնած է այս նույն տեղում, տեսնում է երկնքի թագավորությունը իր ամբողջ ճոխությամբ: Աշակերտները պիտի ականատեսը լինեին իրենց Աստծու և Տիրոջ՝ երկինք համբարձվելուն: Նրանք Նրա հարությունը չպիտի տեսնեին, քանզի այդ դեպքի ապացույցներն անժխտելի և հզոր պիտի լինեին, այն ժամանակ, երբ բազմիցս Նրան տեսնեին հարությունից հետո: Իսկ վերադառնալով Համբարձման հրաշալի և փառավոր իրականությանը, չէր կարելի այդպես հաստատել, քանզի Հիսուս այլևս նրանց մարմնապես չպիտի երևար, ուստի նրանց ներկայությամբ պիտի համբարձվեր:

Աշակերտները Նրա գերբնական համբարձումը տեսնելով՝ է՛լ ավելի պիտի զորանային իրենց հավատքի մեջ: Հաստատապես պիտի հավատային, որ Նա Հոր մոտից էր եկել և Հոր մոտ էլ վերադառնում է, միանգամից պիտի հավատային, որ Նա երկնային թագավորն է և աշխարհի փրկիչը:

Հիսուսը, աշակերտներով շրջապատված, կանգնած է լեռան սուրբ բարձրունքին և մի վերջին անգամն է նայում նրանց ու Իր քաղցր հայացքով մի նոր զորություն է ներշնչում նրանց սրտերին. ամեն մեկին առանձին նայելով՝ հասկացնում է Իր մոտալուտ բաժանումը: Նրա խրատներից ու պատվիրաններից այնպես է թվում, թե դրանք վերջին ողջույններ և հրաժեշտի տարրեր են պարունակում. և այլևս մնում է միայն նրանց օրհնել և ձեռքերը տարածում է նրանց գլուխների վրա և դրանցից վեր՝ աստվածային օրհնությամբ նրանց սփոփելու համար: Օ՜հ, օրհնության և օծության ինչ հուզիչ վայրկյաններ են, բայց և բաժանման վայրկյաններ: Թևերը տարածել է նրանց վրա, թռչելու թևեր են դրանք, բայց դեռևս օրհնելու համար հապաղում են: Ի՜նչ անպատմելի սեր և շնորհալի զեղում է, երբ օրհնում է նրանց, և երբ առաքյալները Նրա օրհնության ոգով ոգևորվում են, Նա հանկարծ սկսում է նրանցից հանդարտորեն բաժանվել, վերև բարձրանալ՝ դեպի երկինք, դեպի կապույտ, ջինջ երկնակամարը, կարծես մի երկնային ձգողականություն Նրան վերև է բարձրացնում, և երկրի ձգողականությունն այդ ուժի առջև այլևս կորցրել է իր ուժը: Համբարձվելով օրհնում էր և օրհնելով համբարձվում: Արդյոք ի՞նչ զգացին աշակերտները, նրանց դեմքից երևում է, որ սքանչացած և զարմացած են, նրանք չէին դադարում դեպի երկինք՝ Նրան նայելուց, մինչև որ մի լուսավոր ամպ Նրան ծածկեց նրանց աչքերից:

«Եվ ամպը Նրան ծածկեց նրանց աչքերից», այլևս աչքերն ի զորու չեն ամպերից այն կողմ տեսնելու, և Հիսուս հոգևոր աշխարհը մտավ. արդյոք ինչպիսի՜ մեծաշուք ընդունելություն եղավ ամպերից այն կողմ, ինչպիսի՜ շողշողուն լույսերի մեջ մտավ և ի՜նչ քաղցրահնչյուն երգերի ունկնդիր եղավ: Սերովբեների և քերովբեների քանի՜ գնդեր արդյոք իրենց լուսափայլ տեսքով և դեմքերով երկրպագեցին Նրան, երկնքում, ամպերից այն կողմ, որտեղ մենք այլևս չեն կարող տեսնել:

«Եվ ամպը Նրան ծածկեց նրանց աչքերից», այդ ամպը, որ Հիսուսին աշակերտների աչքերից ծածկեց, այդ ամպը մինչև այսօր մնում է, այն անձամբ այդ ամպը տեսնողների աչքերի համար մեղմ և պայծառ է, ինչպես մայրամուտի պայծառ ճառագայթները մոտիկից դիտողի համար, իսկ այն աշխարհի համար, որ մեղքի մեջ է ապրում՝ հեռու իր Տիրոջից ու Փրկչից, այն կերպարանվում է որպես մի մեծ, թուխ և խիտ ամպ: Դրա մթությունը տարածվում է համայն կապույտ երկնքի վրա՝ խավարեցնելով ցերեկվա լույսը. վա՜յ նրան, ով իր մեղքերով և լպիրշ կյանքով թանձր ամպերով ծածկել է իր աչքերից երկինքն ու Հիսուսին: Մեղքերը ամպերի պես են, որոնք մեր աչքերից ծածկում են երկնքի փառքը և հավիտենական մեծ վայելչությունը: Մեղքերը Հիսուսին մեր աչքերից հեռացնում են այն ամպերի նման, որոնք ծածկում են լուսաշող Արևը: Չկարծե՛ք, թե ժամերն ու ժամանակները կարող են մեզնից հեռացնել կամ ծածկել «արդարության արեգակին»՝ Քրիստոսին, ո՛չ այլ այն սև մառախուղը, որը թշվառ թերահավատության պատճառով բարձրացել է մոլորության անդունդից. այդ մեղքի մառախուղն է, որ մեզնից ծածկում է Նրա սիրելի և զմայլելի դեմքը: Ամբարիշտ հպարտությունը, անաստված քննադատությունը և անելանելի հուսահատությունը, որպես մթնշաղի ամպեր, ծածկում, վարագուրում են մեր Աստծուն, որը տխրում է մեր մեղքերի, անօրենությունների ու երկրաքարշ կյանքի պատճառով:

Սակայն երբ հոգին զորացած է հավատքով, կարող է անցնել այդ ամպի միջով, երբ ճշմարիտ աղոթքի խունկն է, որ բուրում է, նա կարող է այդ ամպերից էլ վեր բարձրանալ և Աստծու օրհնության ցողը ստանալ: Քրիստոս, մեզնից հեռանալով, մեզ Սուրբ Հոգու շնորհը տվեց, որով սիրո կապերն ավելի ամրացան: Երբ Նրա հետ Նազարեթի տանը ապրած լինեինք կամ Նրա հետ Տիբերական ծովի կապույտ ջրերի վրա սուրացող նավում միասին լինեինք, Նրա հետ այնքան կապված չպիտի լինեինք, որքան հիմա: Մենք միշտ կարող ենք Նրա հետ լինել, մանավանդ աղոթքի միջոցով, մինչև անգամ Նրա սիրելի աշակերտներից էլ ավելի մոտ: Նրա գողտրիկ ձայնը դեռ մեր սրտում արձագանքում է. ի՞նչ փույթ, եթե հայհոյանքների աղմկալի աղաղակները թնդացնեն աշխարհը, եթե ագահության կամ հաճույքի ձայնը «իմ ետևից արի» գոչելով՝ ցանկանա խլացնել մեր լսելիքները, մենք դարձյալ պիտի վայելենք Նրա օրհնությունները, ինչպես վայելեցին աշակերտները Նրա համբարձվելու ժամանակ, դարձյալ պիտի պատսպարվենք Նրա ստվերում. Նա մեզ հետ պիտի լինի և մենք Նրա հետ. «Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը»:

Համբարձման այս հրաշալի իրողությամբ ի՞նչ ենք ուսանում: Հիսուսի համբարձմամբ սովորում ենք, որ երկնային մարգարտյա փակ դռները, երկնային դրախտի դարպասները, որոնց առջև սերովբեներն ու քերովբեները հրեղեն սրերով կանգնած էին և պաշտպանում էին, այլևս հավիտենապես բաց են բոլոր հավատացյալների համար: Քրիստոսի համբարձման ժամանակ հրեշտակների գնդերը խմբերով երգեցին «Վե՛ր բարձրացրեք, իշխաննե՛ր, դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները, և փառքի արքան թող ներս մտնի» (Սղմ. 23:8) գեղեցիկ երգը: Նրանք հիմա էլ, այն օրից մինչ այժմ, ամեն մի հավատացյալի ընդունելու համար երգում և ձայնում են երկնքի հավիտենական դռների մոտ:

Հիսուսի համբարձմամբ սովորում ենք նաև, որ մարդը երկրի համար չէ ստեղծված, որ նրա վախճանը վիշտ ու տառապանքը չէ, այլ, որ ստեղծված է երկնքի համար և նպատակը երկնային փառքն է: Մենք՝ մեղքերի մեջ ստորացած, պղծված ապականվածներս, ուրեմն, Հիսուսով կարող ենք բարձրանալ և Նրանով սրբանալ և փառավորվել. ի՜նչ հավիտենական երջանկություն և ի՜նչ հոգևոր ուրախություն Հիսուս Քրիստոսով:

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ա հատոր, Կ. Պոլիս, 1907 թ.

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում