Աստծուն պետք է հարգել ոչ միայն սրտով, այլև՝ շուրթերով

Աստծուն պետք է հարգել ոչ միայն սրտով, այլև՝ շուրթերով

Տասը պատվիրաններից երրորդը պահանջում է Աստծո անունը զուր տեղը չտալ (Ելք 20:7), սուրբ պահել Նրա անունը, այսինքն՝ զգուշանալ Աստծո անունը պղծելուց և Նրան անպատվելուց: Աստված խոսքով ստեղծեց աշխարհը. «Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը, և Իր բերանի շնչով՝ նրա բոլոր զորությունները» (Սաղմ. 32:6): Աստված Ինքը կոչվում է Բան, Խոսք. «Սկզբից էր Բանը, և Բանը Աստծո մոտ էր, և Բանը Աստված էր» (Հովհ. 1:1): Բանը՝ Աստծո Խոսքը, մարմնավորվեց, և մեր Փրկիչը դարձավ: Աստծո պատկերը կրողներս պետք է զգուշորեն արտաբերենք յուրաքանչյուր խոսք, առավել ևս Աստծո անունը: Այս պատվիրանն իր արտացոլումն է գտել «Տերունական աղոթք»-ում, որտեղ ասվում է՝ «Սուրբ թող լինի անունը Քո»:

Ծանր հանցանք է, երբ Աստծո անունը դիտավորությամբ ի չարն է գործածվում և զեղծվում: Իսկ Աստծո անունը զեղծվում է, երբ մարդը հայհոյում է Աստծուն կամ իր նմանին: Հայհոյել կամ անիծել նշանակում է անարգել Աստծուն և Նրա շնորհները: Հայհոյողը ցանկանում է, որ Աստված իր մերձավորին մի չարիք հասցնի: Այդպիսի անձը հեռացնում է իրենից սուրբ ասվածը, ընկնում կրքի ազդեցության տակ և Աստծո անունը գործածում իր ոչ աստվածահաճո ընթացքի համար: «Ով որ կհայհոյի Աստծուն, իր մեղքի պատիժը կկրի, ողջ ժողովուրդը թող քարկոծի նրան» (Ղևտ. 24:15-16),- վկայում է Աստվածաշունչը: Անեծք, հայհոյանք սերմանողը անեծք, հայհոյանք էլ կհնձի: Չմոռանանք, որ Աստված «….հատուցում է յուրաքանչյուրին ըստ իր գործերի» (Հռոմ. 2:6): Ոչ միայն հայհոյական խոսքերի, այլ նաև «մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան» (Մատթ. 12:36),- ասում է Փրկիչը: Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված նամակում գրել է. «Օրհնեցե՛ք ձեզ հալածողներին. մի՛ անիծեցեք, այլ օրհնեցե՛ք» (12:14): «Չարի փոխարեն չար մի հատուցե՛ք, ոչ էլ նախատինքի փոխարեն՝ նախատինք. ընդհակառակը, օրնեցե՛ք. Աստված հենց դրա համար կանչեց ձեզ, որպեսզի դուք էլ օրհնություն ժառանգեք» (Ա Պետրոս 3:9):

Աստծո անունն ի չարն է գործածվում և զեղծվում, երբ անձը երդվում է: Մարդիկ, իրենց խոսքը հավաստի դարձնելու, կամ իրենց շահը պաշտպանելու համար, հաճախ երդվում են ամենանվիրական անուններով: Աստծո անունը նվիրական է և չի կարելի այն զուր տեղը հիշատակել՝ սուտ խոսքը իրավացի դարձնելու կամ ինչ-որ անիրավ շահ պաշտպանելու համար: Երբ մարդ փորձում է երդմամբ սուտն իբրև ճշմարտություն ներկայացնել, ապա Տիրոջը վկա է դարձնում ստին՝ անարգելով Նրա անունը: Սուտը սիրո փոխարեն ատելություն է սերմանում՝ մեծապես վնասելով մարդկանց: Տերը զգուշացնում է. «Իմ անունով սուտ երդում մի՛ տվեք և ձեր Տեր Աստծո անունը մի՛ պղծեք: Ես եմ ձեր Տեր Աստվածը» (Ղևտ. 19:12): Սուտ երդման ախտը վարակիչ է: Պետք է խորշել այս սովորությունից, որովհետև, ով մի անգամ փորձում է ճաշակել այս հանցանքը, հեշտությամբ չի ազատվում դրա ճիրաններից: Սուտ երդվողը պղծում է ոչ միայն իր շրթունքներն ու սիրտը, այլև անպատվում է Աստծուն՝ ամենաճշմարտին, ամենասրբին և ամենաարդարին: Երդվողը պետք է հիշի. «Թող ամեն մեկը իր սրտում չարիք չխորհի ընկերոջ դեմ. մի՛ սիրեք սուտ երդումը, որովհետև ես ատեցի այս բոլորը»,- ասում է Ամենակալ Տերը (Զաքարիա 8:17):

Աստծո անունը ի չարն են գործածում նաև նրանք, ովքեր հմայություններ են անում: Հմայել նշանակում է Աստծո անունով մարդկային կարողությունից վեր ինչ-որ բան անել: Նեղության մեջ գտնվողը չպետք է դիմի գրբացին կամ հմայողին, այլ՝ Աստծուն, որովհետև Նա ասում է. «Քո նեղության օրը կանչի՛ր Ինձ, Ես կփրկեմ քեզ, ու դու կփառաբանես Ինձ» (Սաղմոս 49:15): «Ձեր հոգսերը Աստծուն թողեք, որովհետև Նա հոգում է ձեր մասին» (Ա Պետրոս 5:7): Մեզ օգնողը գրբացը, հմայողը, կախարդողը կամ գուշակողը չէ, այլ՝ Աստված:

Գրաբարյան տեքստում այս պատվիրանը այսպես է թարգմանված՝ «մի առնել զանուն Տեառն ի վերայ սնոտեաց», այսինքն՝ սուտ բաների համար Տիրոջ անունը մի՛ գործածիր: Աստծո անվան պատրվակով ճշմարտությունը խեղաթյուրող մարդիկ նրանք են, ովքեր Աստծո անունն են տալիս, բայց միևնույն ժամանակ նույն բերանով զրպարտում են ուրիշին: Երրորդ պատվիրանը խախտում են նրանք, ովքեր Աստծո անունով վարագուրում են իրենց չարագործությունները և իրենց ագահությունը, որկրամոլությունը, սիրուց զուրկ լինելը Սուրբ Գրքի վկայություններով են արդարացնում: «Զգուշացեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարի կերպարանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են» (Մատթ. 7:15): Սուտ խոսելը, խարդախելը ինքնըստինքյան տգեղ է, բայց ավելի տգեղ է, երբ ոչ աստվածահաճո արարքները դիմակավորվում են Աստծո անունով: Արհամարհված մաքսավորին Հիսուս գթաց, իսկ կեղծավոր, մեծամիտ փարիսեցիներին «վա՜յ» ասաց (Մատթ. 23): «Չկարծե՛ք, թե ով որ ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, Երկնքի Արքայություն է մտնելու. այլ մտնելու է միայն նա, ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է» (Մատթ. 7:21): «Երանի՜ նրանց, որոնք սրտով մաքուր են» (Մատթ. 5:8): «Իրենց պտղից կճանաչեք նրանց» (Մատթ. 7:16):

Աստծո անունը իրավացի կերպով ենք տալիս, երբ աղոթում ենք, երբ անկեղծ շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը այն ամենի համար, ինչ տվել է մեզ, փառաբանում ենք Նրա անունը՝ Նրա տված բարիքների համար: Աստծուն պետք է հարգել ոչ միայն սրտով, այլև՝ շրթունքներով, հարգել Նրան ոչ միայն բարեպաշտ մտածողություններով, այլև սուրբ խոսքով և աստվածահաճո արտահայտությամբ, քանի որ խոսքը Աստծո կողմից մարդուն տրված մեծ շնորհ է, որ պետք է ծառայի նրա փրկությանը:

Կազմեց Գայանե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում