Հակոբ Մովսես. Ամպրոպ ճայթեց…

Հակոբ Մովսես. Ամպրոպ ճայթեց…

Ամպրոպ ճայթեց: Ես ջրերով իջա ցած`
Հավկիթներով լի մի զամբյուղ շալակած:

Տատրակների և լորերի բներից էի ես հանել:
(Աստված իմ, ինձ հայտնություն տուր` ո՞ւր տանել):

Օտարականն իր շուրթերին երկրի աղը ցանեց:
Եվ երկնային եռակցողը իր զոդիչները հանեց:

Ո՞ւմ է տրվել, սիրո’ւն կայծակ, երազի գիծը հատել,
Որ մեր կողքին քեզ հաջողվի ջուրը և հուրը զոդել:

Երկրի կշե’ռք, երկրի կշռո’րդ, որ քարերն եք ձեր շարել,
Ո՞վ է զորել, որ դուք զորեք եթերն այստեղ կշռել:

Ասեք, ո՞վ է կարողացել փռել դիպակը կարմիր
Եվ շուրթերից իր սիրելու հագեցնել ծարավն իր:

Վարպետներ իմ, որ ջանում եք անվարան,
Լավ կլինի, որ վայր դնեք արդեն խարտոց ու խարան:

Դուք ձեր տեսածն, ահավասիկ,- բայց ես էլ իմն եմ պատմում,
Որ իմ սիրտը ցավով լցրեց անհատնում:

– Իմ տեսածը այն է եղել, որ դարբինը, հետևելով անզուգական և կատարյալ իր իրին`
Կամ շիկացած ունելուն է ձեռքը տարել, կամ էլ մուրճն է իջեցրել մատներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում