Համբարձման տոն

Համբարձման տոն

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։

Զատկից ուղիղ 40 օր հետո նշվում է Համբարձման տոնը, որը ժողովուրդն անվանում է նաև Վիճակի կամ Կաթնապուրի տոն: Հարությունից հետո Քրիստոս ուղիղ 40 օր շրջեց երկրի վրա և 40-րդ օրը իր առաքյալներին պատգամներ տալով՝ համբարձվեց երկինք․ «Եվ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19):

Սերտորեն կապված լինելով Սուրբ Զատկի հետ՝ Համբարձման տոնը դասվում է Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոների շարքին, որը յուրաքանչյուր տարի նշվում է տարբեր օրերի:

Եկեղեցական հանդիսություններից հետո տարածված էր տոնը շարունակել՝ հետևելով ժողովրդական ավանդույթներին։ Յուրօրինակ և , անշուշտ, չափազանց հետաքրքիր են տոնը նշելու կերպերը հայոց տարբեր գավառներում, սակայն յուրաքանչյուր քրիստոնյայի հոգևոր պարտքն է մի կողմ թողնելով յուրաքանչյուր բան՝ առաջնահերթ հասկանալ տոնի հոգևոր խորհուրդը`առ այն, որ մեր տեր Հիսուս Քրիստոս մեր փոխարեն խաչվեց, այնուհետև հաղթելով մահվանը՝ հարություն առավ և 40 օր հետո համբարձվեց երկինք մեզնից յուրաքանչյուրին նվիրելով անմահության բերկրանքը:

Տոնի ընթացքում խստորեն կանոնակարգված էր ժողովրդական հանդիսությունների հերթականկանությունը: Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր «Վիճակ»: Նույն չորեքշաբթի օրը կանայք, ի պատիվ «ծաղկամոր», խուսափում էին բազում աշխատանքներից՝ հույս ունենալով, որ նա հեռու կպահի իրենց երեխաներին «ծաղիկ» և «կարմրուկ» հիվանդություններից:

Այս ամենը կապված է մի շատ հետաքրքիր ավանդության հետ, որի համաձայն Ծաղկամայրը Վարվառե անունով կույս է, որին քրիստոնեությունը ընդունելու պատճառով հետապնդել է իր կռապաշտ հայրը, և նա, Արևմտյան Հայաստանից փախչելով, եկել հասել է մինչև Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռը, այնուհետև թաքնվել նրա այրերից մեկում: Սակայն աղջկա հետքերով գնացած հայրը շրջակայքում իրենց ոչխարները արածող հովիվների մատնությամբ հասել է աղջկան և հուսահատ Վարվառեն նահատակվելուց առաջ խնդրել է Աստծուն, որպեսզի ծաղիկ և կարմրուկ հիվանդություն ունեցող մանուկներն իր անունով բժշկվեն: Աստված կատարել է նրա խնդրանքը, և Վարվառեին աղոթող մայրերի զավակները ազատվել են այս հիվանդությունից: Միաժամանակ Վարվառեն անիծել է իր տեղը մատնած հովիվներին և սրանք իրենց ոչխարների հետ մեկտեղ քարացել են: Առ այսօր աշտարակցիները ցույց են տալիս այդ քարերը, ինչպես նաև Համբարձման չորեքշաբթի-հինգշաբթի օրերը Արայի լեռան շրջակայքի ժողովուրդը հավաքվում է այստեղ մեծ ուխտի:

Համբարձման տոնը նշելու յուրօրինակ սովորույթներ և ավանդույթներ կան նաև հայոց այլ գավառներում, ինչպիսիք են օրինակ`Բասենը, Քեսապը, Շիրակը և այլն: Համբարձման գիշերվա վերաբերյալ ամենուր տարածված էր նաև Լեյլիի և Մեջլունի հանդիպման առասպելը: Լեյլին և Մեջլունը ծնողների պատճառով իրենց մուրազին չհասած սիրահար զույգ էին, որոնք խնդրում էին Աստծուն իրենց աստղ դարձնել և իր մոտ վերև տանել: Աստված կատարում է նրանց խնդրանքը, և տարին մեկ անգամ՝ Համբարձման գիշերը, այդ աստղերը երկնակամարի տարբեր կողմերից միանում են, ջերմ համբույրով գրկախառնվում, այնուհետև դարձյալ վերադառնում իրենց տեղերը: Եվ հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ այդ համբույրին ականատես եղած բոլոր մարդկանց իղձերը անպայմանորեն իրականություն կդառնան:

Հարկ է նշել, որ Համբարձման տոնի կարևոր և անբաժան մասն էին կազմում նաև պարերգերը, որոնք հիմնականում տարբեր ազգագավառներում տարբեր էին:

Հրանուշ Խառատյան-Առաքելյան «Հայ Ժողովրդական Տոները»

Արմեն Չաքմիշյան

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում