Ժամանակ հոգևորի համար

Ժամանակ հոգևորի համար

Անհնար է, որ որևէ մեկի բարի աղոթքներն անպատասխան մնան: Եվ բազում ու բազում մարդիկ այսօր համոզվել են, որ իրենց կյանքում չի եղել որևէ բան, որ Աստծուց խնդրեն և չստանան: Սակայն կան մարդիկ, ովքեր ասում են, որ աղոթքով իրենց շատ խնդրանքներ չեն կատարվել: Մեր Եկեղեցու մեծագույն Կաթողիկոսներից մեկը` Հովհան Մանդակունին, ասում է, որ եթե քո որևէ աղոթք անպատասխան է մնացել, ապա պատճառն այն է, որ ջերմեռանդությամբ չես խնդրել: Բայց աղոթող մարդկանց թվում նաև այնպիսինները կան, ովքեր շատ հազվադեպ են եկեղեցի հաճախում, երկրային գործերով տարված լինելու պատճառով ուշադրությամբ չեն աղոթում և ասում են, որ ժամանակ չունեն թե՛ եկեղեցի հաճախելու և թե՛ Աստվածաշունչ կարդալու: Բայց հենց այստեղ է սատանայի խորամանկությունը, երբ հերթը հասնում է հոգևորին ժամանակ տրամադրելուն` օրվա մեջ գոնե մի փոքր ժամանակահատված Աստվածաշունչ ընթերցելուն կամ աղոթելուն, մարդը մտածում է, որ դրա համար ինքը ժամանակ չունի: Ոմանք հարցնում են. «Ինչի՞ համար աղոթենք, եթե Աստված ամենագետ է և գիտի մեր կարիքները»: Աղոթելը առաջին հերթին մեզ համար է, որովհետև այն սրբացնում է մարդուն, նրանից հեռու է վանում անառակ և վատ մտքերը, իսկ երբ մարդն աղոթում է իր թշնամու համար, դրանից փոխվում է ոչ միայն թշնամին, այլև մարդը լցվում է մեծ բարությամբ, և իրենից հեռանում են նաև թշնամական մտքերն ու զգացմունքները: Աղոթքով է, որ մենք զրուցում ենք Աստծո հետ, որպես մեր ամենամոտ հարազատի, և դրանով ամրանում և ջերմանում է նաև մեր սերն Աստծո հանդեպ: Իսկ ինչ վերաբերում է մեր առօրյա հոգսերի մեջ հոգևորի համար ժամանակ չունենալուն, ապա դրա մասին գերմանացի հռչակավոր գրողն ասել է. «Մարդ միշտ էլ բավականաչափ ժամանակ ունի, եթե միայն այն հարմար կերպով գործածել իմանա»: Իսկ մեծ փիլիսոփա Սենեկան իր հանճարեղ իմաստությամբ ասել է. «Մենք դառնապես գանգատվում ենք, թե մեր ժամանակը կարճ է: Միշտ դժգոհ ենք, թե մեր օրերը սակավաթիվ են, բայց գործում ենք այնպես, իբր թե դրանք վերջ չունեն»: Եվ եթե մենք անդրադառնանք, թե որքան ժամանակ ենք իզուր վատնում անհարկի խոսակցությունների, հեռուստաֆիլմերի ու տարբեր հաճույքների համար, ապա կզգանք, որ, իրոք, մեծ ամոթ է մեզ այս ամենի մեջ Աստծո համար ժամանակ չգտնելը: Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. «Ոչինչ ավելի պատվական չէ, քան ժամանակը. դրա համար էլ պետք է այս կյանքի ժամանակը ի բարին օգտագործել, որովհետև այս ժամանակը ոչ ոք չի կարող վերստին ստանալ:

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում