Երկրպագություններն ավելի մեծ օգուտ են տալիս, քան հոգևոր մյուս բոլոր վարժանքները

Երկրպագություններն ավելի մեծ օգուտ են տալիս, քան հոգևոր մյուս բոլոր վարժանքները

– Հա՛յր, Ձեր մարմինը չի՞ ցավում:

– Ոչ, որովհետև ես մարզվում եմ… հոգևոր մարմնամարզությամբ:

– Այդ ինչպե՞ս:

– Երկրպագություններ եմ անում, թանկագի՛նս: Աշխարհականները շվեդական մարմնամարզությամբ են զբաղվում, իսկ մենք՝ վանականներս, երկրպագություններ ենք անում: Աշխարհականները ֆիզկուլտուրայի միջոցով մարմինն են առողջացնում, իսկ վանականները երկրպագությունների օգնությամբ և՛ մարմինը, և՛ հոգին են ավելի առողջ պահում: Խեղճ աշխարհականները չգիտեն, թե երկրպագությունները որքան օգտակար են ոչ միայն հոգու, այլև մարմնի առողջության համար: Դրանք օգնում են հոդացավերի ժամանակ, աշխուժություն են հաղորդում, վերացնում են որովայնը, խաղաղեցնում են մարդուն և գեղեցիկ կեցվածք հաղորդում: Բայց միևնույն ժամանակ հնարավորություն են տալիս՝ առաքինությունների հոգևոր բարձունքին հասնելու նույնքան հեշտությամբ ու առանց հևոցի, որքան, ասենք, սարի գագաթը կբարձրանայիր: Երկրպագություններն անհրաժեշտ են և՛ երիտասարդներին, և՛ տարեցներին, և՛ նրան, ով մարմնական պատերազմի մեջ է, և՛ նրան, ով ազատ է դրանից: Ամրակազմ մարդը, պետք է ավելի շատ երկրպագություններ անի, քան տկար մեկը, այնպես, ինչպես հզոր մեքենան ավելի շատ պետք է աշխատի: Երկրպագությունները հատկապես երիտասարդներին օգնում են սանձել մարմինը: Այդ է պատճառը, որ երիտասարդներին միշտ ասում եմ. «Հնարավորինս շատ երկրպագություններ արեք և՛ ձեզ, և՛ հիվանդների ու ծերերի համար, ովքեր իրենք չեն կարող երկրպագություն անել»:

Երկրպագություններն աղոթք են, և միևնույն ժամանանակ նաև վարժանք, և ավելի մեծ օգուտ են տալիս, քան հոգևոր մյուս բոլոր վարժանքները: Բացի այն, որ դրանք օգնում են գործի գցել մեր հոգևոր շարժիչն՝ աղոթելու համար, դրանք շատ այլ օգուտ էլ են տալիս: Ամենակարևորն այն է, որ երկրպագություն անելով՝ Աստծուն ենք երկրպագում և խոնարհությամբ հայցում Նրա ողորմածությունը: Ինչպես նաև անսանձ մարմինը խոնարհություն է ձեռք բերում, որին հետևում է խաղաղությունն ու մարմնական անկրքությունը: Երկրպագությունները նաև ֆիզիկական առողջություն են պարգևում, և մարդն այդկերպ ավելի առողջ է լինում և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում