Սաղմոս ՃԼ

Սաղմոս ՃԼ

Աստիճանների օրհներգություններ

Սրբերի խոնարհությունն է ցույց տալիս՝ ասելով.

1. Տէր, ո՛չ բարձրացաւ սիրտ իմ. և ո՛չ զբօսան աչք իմ:

Տե՛ր, սիրտս չգոռոզացավ, և աչքերս վերևից չնայեցին:

Դանիելը, երեք մանուկները և Մուրթքեն, թեև իշխանության հասան ու բարձրացաև, նրանց միջոցով հիասքանչ հրաշքներ գործվեցին [սակայն նրանց սիրտը չգոռոզացավ], որովհետև սրտի գոռոզության պատճառով ոչ միայն ամբարիշտներն են ապականվում, այլև սրբերը, ինչպես Օզիան, Եզեկիան, որ հիվանդություն ստացավ, դրա համար էլ Տերն ասում էր. «Սովորե՛ք ինձնից, որ հեզ եմ» (Մատթ. 11:29): Սիրտ ասելով նկատի ունի հոգին, որ չլինի չար հոգու նման, որ ցանկանում էր աթոռը արձունքներում դնել: Եվ աչքերս վերևից չնայեցին, այսինքն՝ անգամ մտքով չդեգերեցի գոռոզության խորհուրդներով, և մարմնավոր աչքերը բազում բաներ են կերպարանավորում՝ խեթ նայելով, ակնարկելով և հոնքերը կիտելով, սակայն Տիրոջ մտերիմներից ոչ ոք այդպես չարեց, և Պողոսն էլ հպարտությամբ պարծենալն անզգամություն է համարում, թեև արդար է:

Ո՛չ գնացի ես ընդ մեծամեծս. և ոչ ընդ այնոսիկ, որ սքանչելի եղեն քան զիս:

Ես մեծամեծների հետ ոտք չդրի, ոչ էլ նրանց հետ, ովքեր բարձր են ինձնից:

Հպարտ մեծամեծների հետ, ինչպես Դանիելը [ոտք չդրեց] պարսիկների ու մարերի իշխանների հետ, և Մուրթքեն՝ Համանի: Ոչ էլ նրանց հետ, ովքեր բարձր են ինձնից. Նաբուգոդոնոսորի և Կյուրոսի, որ Բելին ու վիշապին էին երկրպագում: Նաև առաջին սքանչելի սրբերի հետ չէին հավասարեցնում իրենց, այլ ասում էին. «ամոթահար եղանք ու նախատինք քո պաշտոնյա ծառաների առջև» (հմմտ. Դանիել 4:33):

2. Բայց թէ խոնարհեցայ ես որպէս մանուկ սարտուցեալ ի ստենէ մօր իւրոյ, և դարձ նորա անդրէն ի նոյն:

Այլ խոնարհ եղա մոր կրծքից կտրված մանկան նման, որի փափագը նույն բանին դառնալն է:

Ինչպես որ Տերն էր ասում. «Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. 18:3): Եվ մոր կրծքից կտրված մանկան նման, որ թեև դառը դեղերով են պատում, սակայն հեշտությամբ չի կտրվում, կամ կտրելու պատճառով խռովվում է, ոտքերով հարվածում և լալով պահանջում է, այնուհետև արագ հաշտվում է և խնդրում: Այսպես և սրբերը, սպասելով Աստծու քնքշանքներին, տղայաբար փափագում են, ինչպես որ Երեմիան ուխտել էր բնավ չխոսել [Տիրոջ անունից], քանզի, ասում է. «Տիրոջ խոսքն ինձ նախատինք բերեց» (Երեմ. 20:9), մինչև որ բորբոքվեցին ոսկորները: Ամբակումն էլ ասում էր. «Ինչո՞ւ ինձ ջանք ու հոգնություն պատճառեցիր» (Ամբ. 1:3), ապա արագ ետ է դառնում այնտեղից՝ ասելով. «Տե՛ր, քո լուրը լսեցի և վախեցա» (Ամբ. 3:2):

3. Այլ թէ հպարտացուցի արդեօք զանձն իմ, այսպէս եղիցի հաստատումն անձին իմոյ, յուսացաւ Իսրայէլ ի Տէր յայսմհետէ մինչև յաւիտեան:

Իսկ եթե հպարտացրի իմ հոգին, այդպես թող լինի հատուցումն անձիս: Իսրայելը հույսը դրեց Տիրոջ վրա՝ այսուհետև մինչև հավիտյան:

Ինչպես ամբարտավան Եքոնիայի և Սեդեկիայի հետ պատահեց, և եթե մեկն ասի, թե մի՞թե չգիտեր Աստված, [կպատասխանենք, որ] այլոց օգուտի և օրինակի համար է ասում, այլ ոչ թե Աստծու առաջ պարծենալով է ուսուցանում իր առաքինությունը: Իսրայելը հույսը դրեց Տիրոջ վրա. Իսրայելը բազում անգամներ ուսանել էր հուսալու փորձառությունը՝ Եգիպտոսից և Բաբելոնից ելնելով և այն ամենը, ինչ կատարվեցին երկու աշխարհներում, և այնուհետև՝ Երուսաղեմում, այդ ամենին հնազանդվելով, հույսը դրեց Տիրոջ վրա՝ այսուհետև մինչև հավիտյան:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում