Աշոտ Ավդալյան․ … Ու երեխան

Աշոտ Ավդալյան․ … Ու երեխան

Կար երեխա, ու կար մարմին,
ու կար հիացք բազմության մեջ,
թե հրաշք է մանկան հոգին,
իսկ մարմինը՝ լույսերի ծես:

Թե նա եկավ իբրև շնորհ,
առանձնացավ իբրև անուն,
ու դաջված էր դեմքին կրակ
ու մատներին հանդգնություն:

Թե նա իր մեջ ուներ ծաղիկ,
չնաշխարհիկ ու մոգական,
թե նա նայեց անցավորին
աչքը հոգնեց դալկացավ:

Ու երբ քնքուշ եզրակարեց
ու մոտեցավ տաք ամպերին,
համերգողին երկինք հղեց
ու ձայն տվեց մեռյալներին:

Թե արթնացման ծաղիկ եմ ես,
գույնս փոքրիկ հովանավոր,
աչք բացելիս հնազանդվեք,
ու խմբերգեք դաշտի եզրով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում