Սեյրան Մալխասյան. Սաղմոս ապաշխարողի

Սեյրան Մալխասյան. Սաղմոս ապաշխարողի

Թողության հույսով դիմում եմ քեզ, Հայր,
Քո արարչագործ շնորհն աղերսում,
Զի հավատն է Քո կանթեղ ինձ համար,
Որ ամեն ժամ է առկա իմ ներսում:

Ես` լինելով մարդ, գործում եմ մեղքեր,
Դառնում մեղսավոր իմ կամքից անկախ…
Խնդրում եմ, Տեր իմ, տուր հոգուս աչքեր,
Գտնելու կյանքի լուսավոր ճամփան…

Զորությունը քո անափ է, Աստված,
Իսկ ես` աննշմար մասնիկն աշխարհի,
Օգնիր վերծանել ամեն մի վարկած,
Նշմարել կյանքում պայծառն ու բարին…

Թողությունդ թող ինձ մեղսազատի
Եվ ինձ մկրտի հավատի լույսով,
Հոգիս Բարիքը չարիքից զատի`
Երկնային ճամփի անաղարտ հույսով…

Երկվության ցավը տանջել է միշտ ինձ,
Հաճախ եմ հույզի մթում խարխափել,
Կուզեի լինել և’ Մարդ, և’ Անբիծ,
Չփորձել անգամ ինքս ինձ խաբել:

Թողություն տուր, Տեր, մեղքերիս բազում,
Տար ինձ ճշմարիտ կյանքի ճանապարհ:
Փրկության Հույսով Քեզ եմ աղերսում,
Հավատի ճամփին դառնալ ինձ սատար:

Տեր իմ, Արարիչ ամենայն Բանի,
Որ խավարի տեղ ստեղծել ես Լույս,
Փրկիչը դարձիր հոգուս Տապանի,
Զի Դու ես Միակ, Սեր, Հավատ ու Հույս…

Հետևեք մեզ նաև Telegram-ում