Պատվելով ծնողներին՝ պատվում ենք Աստծուն

Պատվելով ծնողներին՝ պատվում ենք Աստծուն

Տասը պատվիրաններից վերջին վեց պատվիրանները վերաբերում են մարդկային հարաբերություններին: Հինգերորդ պատվիրանը հիշեցնում է ծնողների հանդեպ զավակի պարտավորությունների մասին: Ծնողներն են մեր գոյության պատճառը: Նրանց անզուգական սիրով, անգնահատելի հոգատարությամբ և ջանքերով ենք մենք մեծացել ու կրթություն ստացել: Պատվելով ծնողներին՝ պատվում ենք Աստծուն՝ մեր Երկնավոր Հորը: Սովորելով երախտապարտ լինել ծնողներին՝ սովորում ենք երախտապարտ լինել Աստծուն: Նա մեր երկրավոր ծնողների միջոցով մեզ է տվել ամենաթանկարժեք պարգևը՝ կյանքը: Ծնողներին կարելի է անվանել արարողներ, նրանք մեր մարմինն են արարել, Աստված էլ՝ հոգին: Ս. Գրիգոր Տաթևացին գրում է. «Բազում պատճառներով ծնողները պատվի են արժանի: Նախ, որ Աստծո պատկերն են, ինչպես արդեն ասվեց, և խորհրդավորաբար Աստծուն տրվելիք պատվին են արժանի՝ որպես ծնող: Երկրորդ, քանի որ գործիք են՝ Աստծո պատկերը մեզ վրա ձևավորելու համար, քանի որ առանց ծնողների Աստված ո՛չ հոգի է ստեղծում և ո՛չ մարդ կազմավորում որովայնի մեջ» (Ամարան հատոր):

Մեր Տեր Հիսուս Քրիստոսը ծնողների հանդեպ հոգատարությունը սեփական օրինակով ցույց տվեց: Նա բարի զավակի լավագույն օրինակն է: Քրիստոս, անգամ խաչի վրա գամված, հոգ էր տանում Իր մոր մասին. Իր սիրելի աշակերտին՝ Հովհաննեսին ցույց տալով՝ ասաց Իր մորը. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»: Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը» (Հովհ. 19:26-27):

Հինգերորդ պատվիրանը միակն է, որ իր մեջ նաև խոստում ունի պահված այն կատարողի համար, որովհետև գրված է. «Պատվի՛ր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ» (Ելք 20:12): Պատվիրանը խոստանում է հատուցում ոչ միայն Երկնային Արքայությունում, այլ նաև երկրային կյանքում՝ օրհնություն, բարօրություն և երկարակեցություն:

Այն որդիները, որոնք ծնողներին հակառակվում են, տրտմություն են նրանց համար, իսկ իմաստուն որդիները, հակառակը՝ ուրախություն. «Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին տրտմություն է մոր համար» (Առակ. 10:1): Այն որդին, որ ծաղրում է ծնողներին, նույն վիճակին էլ ինքն է արժանանում: Իսկ «Ով փառավորում է հորը, երկարակյաց կլինի» (Սիրաք 3:6) և իր տունը կամրանա հոր օրհնությամբ (Սիրաք 3:11):

Ի՞նչ է նշանակում պատվել: Պատվիրանի կատարումը չի սահմանափակվում միայն ծերության ժամանակ ծնողների խնամքով զբաղվելով: Պատվել ծնողներին, նշանակում է հարգել նրանց, հնազանդություն ցուցաբերել, սիրել ճշմարիտ սիրով, օգնել, խնամել, հոգ տանել, առավել ևս, երբ նրանք կարիքի մեջ են, հիվանդ են ու ծեր, չվիրավորել խոսքով կամ գործով, աղոթել նրանց առողջության և հոգու փրկության համար, իսկ եթե մահանան՝ աղոթել նրանց հոգիների հանգստության համար:

Խոսելով ծնողների հանդեպ հարգանքի և սիրո անհրաժեշտության մասին՝ հնարավոր չէ չհիշել, որ Հին Կտակարանի օրենսդրությունը հինգերորդ պատվիրանը խախտած անձանց համար խիստ պատիժ էր նախատեսել. «Ով որ վատաբանի իր հորն ու մորը, մահապատժի թող ենթարկվի» (Ելք 21:17): Ըստ առակագրի էլ՝ «Այն աչքը, որ արհամարհում է հորը և անարգում է մոր ծերությունը, ձորերի ագռավները պիտի հանեն, և արծիվների ձագերը պիտի հոշոտեն այն» (Առակ. 30:17):

Հրեական իրականության մեջ ոմանք իրենց ունեցածը տաճարին էին նվիրում, և երբ իրենց ծնողները օգնություն էին խնդրում, նրանք պատասխանում էին, թե իրենց ունեցվածքը կորբան է: «Կորբան» եբրայերենում նշանակում է «Աստծուն տրված ընծա, նվեր»: Եբրայական ավանդության համաձայն՝ Աստծուն նվիրված որևէ բան այլևս չէր կարելի ուրիշ բանի գործածել: Քրիստոս Իր խոսքով հանդիմանում էր փարիսեցիներին և օրենքի ուսուցիչներին Աստծո պատվիրանը խախտելու և իրենց ավանդույթը պահելու համար. «Մինչդեռ դուք սովորեցնում եք, թե՝ «Ով իր հորը կամ մորն ասի. ”Այն օգնությունը, որ դու ստանալու էիր ինձանից, կորբան է, այսինքն՝ Աստծուն նվիրված ընծա”, էլ չի կարող օգնել իր հորն ու մորը»: Ահա այսպիսով դուք անարգում եք Աստծո պատվիրանը ձեր սովորեցրած ավանդույթով: Եվ սրա նման շատ բաներ էլ կան, որ դուք անում եք» (Մարկ. 7:11-13):

Բոլոր ժամանակներում, երբ ցանկացել են սասանել պետությունը, քանդել են նրա հիմքերը ներսից, առաջին հերթին պայքարել են Եկեղեցու դեմ, Աստծո նկատմամբ հավատքի և ընտանիքի դեմ: Ընտանիքը ավանդույթները փոխանցող այն օղակն է, որ ամրացնում է հասարակությունը, հետևաբար և պետությունը: Ընտանիքը միշտ եղել է ու կլինի հասարակության և եկեղեցու հիմքը: Այդ է պատճառը, որ սուրբ առաքյալները հոգ էին տանում, որպեսզի ընտանիքի անդամների միջև ճիշտ հարաբերություններ հաստատվեն: Նրանք հորդորում էին. «Կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր ամուսիններին, ինչպես վայել է Տիրոջը միացածներին: Տղամարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանց և մի՛ դառնացրեք նրանց: Զավակնե՛ր, ամեն ինչում հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին, որովհետև այդպես է ուզում Տերը: Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր զավակներին, որպեսզի չհուսալքվեն» (Կողոս. 3:18-21):

Քրիստոնեական հավատը յուրաքանչյուրին սովորեցնում է հարգանք ցուցաբերել՝ ըստ տարիքի և պաշտոնի. «Յուրաքանչյուրի հանդեպ կատարեցե՛ք ձեր պարտավորությունը՝ հարկը տալով նրան, ում հարկ պետք է տաք, մաքսը տալով նրան, ում մաքս պետք է տաք, հնազանդվելով նրան, ում պարտավոր եք հնազանդվել, և հարգելով նրան, ում պարտավոր եք հարգել» (Հռոմ. 13:7): Առաքելական այս սկզբունքի ոգով քրիստոնյան պետք է հարգի հոգևորականներին, մանկավարժներին, բարերարներին, քաղաքական իշխանություններին, տարեցներին: Հոգևոր առաջնորդները՝ եկեղեցականները, մեր հոգևոր ծնողներն են, ուստի ունկնդիր պետք է լինենք նրանց, քանի որ նրանք ևս ծնողական պարտականություն են կատարում՝ կրթում են, դաստիարակում, ուսուցանում ու հորդորում են մեզ: «Լսեցե՛ք ձեր առաջնորդների խոսքը, որովհետև նրանք անքուն հսկում են ձեր հոգիների համար՝ գիտենալով, որ հաշիվ են տալու ձեր փոխարեն, և հնազա՛նդ եղեք նրանց, որպեսզի նրանք ուրախությամբ կատարեն իրենց պաշտոնը և ոչ թե հառաչելով, որովհետև դա ձեր օգուտի համար չի լինի»,- պատգամում է ավետարանը (Եբր. 13:17): Իսկ քաղաքական իշխանավորները երկրի կառավարիչներն են, ովքեր, իրենց պարտականության համաձայն, հոգ են տանում արդարության, խաղաղ կյանքի և երկրի բարօրության համար: Աշակերտներն էլ իրենց հերթին պարտավոր են հարգել և հնազանդվել մանկավարժներին, որովհետև նրանք են գիտելիքներ հաղորդում, կրթում ու դաստիարակում իրենց: Մեղք են գործում այն երիտասարդները, որոնք չեն հարգում տարեցներին՝ նրանց համարելով հետամնաց, իսկ նրանց գաղափարները` հնացած: Հին կտակարանում Տերն ասաց Մովսեսի միջոցով. «Ալեհեր մարդկանց առաջ ոտքի կկանգնեք և կպատվեք ծերերին» (Ղևտ. 19:32):

Սակայն եթե այնպես պատահի, որ մեր ծնողները կամ կառավարիչները մեզանից պահանջեն մեր հավատքի և Աստծո Օրենքին հակառակ որևէ բան անել, ապա նրանց պետք է ասել այն, ինչ առաքյալները հրեա իշխանավորներին ասացին. «Դո՛ւք դատեցեք, թե Աստծո աչքին ո՛րն է ուղիղ. ձե՞զ հնազանդվել, թե՞ Աստծուն» (Գործ. 4:19):

Կազմեց Գայանե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում