Փառատոններ, համաժողովներ. «Միհր» թատրոնն ակտիվ է եղել նաև մեկուսացման օրերին

Փառատոններ, համաժողովներ. «Միհր» թատրոնն ակտիվ է եղել նաև մեկուսացման օրերին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միհր» ժամանակակից պարի թատրոնը մեկուսացման օրերին բավականին ակտիվ գործունեություն է ծավալել ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ միջազգային հարթակում: Թատրոնը մասնակցել է փառատոնների, համաժողովների, դասախոսությունների և այլ նշանակալի միջոցառումների:

«Արմենպրես»-ի հաղորդամբ՝ ապրիլի 17-18-ին թատրոնը մասնակցել է 24-ժամյա միջազգային փառատոնի, որի շրջանակում աշխարհի տարբեր ծայրերից մասնագետ-արվեստագետները միասին ստեղծել են արվեստի նոր գործ 24 ժամում։ «Միհր» թատրոնը հանդես է եկել երաժիշտ Դարիա Մամինովայի (Գերմանիա-Ռուսաստան) և գրող Ռանիա Օդայմատի (Գանա) հետ: Ծնված ներկայացման անունն է «Անձրևից հետո», որի մենակատարը Ցոլակ Մլքե-Գալստյանն է:

Ապրիլի 26-ին թատրոնի «Մենք» ներառական ժամանակակից պարային ներկայացումը մասնակցել է «Սոցիալական հեռավորության միջազգային առցանց փառատոնին» (Social Distancing Festival)։ Ներկայացման մեջ որպես մենակատար հանդես է եկել Պետրոս Ղազանչյանը, իսկ երաժշտության հեղինակը «Տիեզերք» բենդն է, ապրիլի 30-ին թատրոնը մասնակցել է «Կատարողական արվեստի միջազգային ցանց»-ի տարեկան գլխավոր համաժողովին։ Ժողովին թատրոնը ներկայացրել է «Միհր»-ի հիմնադիրներից Շողակաթ Մլքե-Գալստյանը։ Մլքե-Գալստյանը նաև «Միհր»-ի փիլիսոփայության մասին դասախոսություն է ներկայացրել Բեռնի արվեստի համալսարանում:

«Միհր» թատրոնի նախաձեռնությամբ մարտի 25-ին Ռոն Վոյաժ Ցյուրիխի երաժշտական պլատֆորմից համերգով հանդես է եկել «Տիեզերք» բենդը, որը ապրիլի 13-ից ամեն երկուշաբթի առցանց վարպետության դասեր-ուսուցում է անցկացնում երաժշտասերների համար:

Անժելա Համբարձումյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում